Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնական է, որ որեւէ հանրապետականի համար հացադուլը` որպես պայքարի միջոց, չի կարող ընդունելի լինել: Պայքարի բազում ձեւեր կան, եւ այդ ձեւերը յուրացրած հանրապետականների համար նույնիսկ ծիծաղելի է հացադուլն ընկալել որպես քաղաքակիրթ պայքարի միջոց: Օրինակ, ըստ փորձառու հանրապետականների, պայքարի ամենալավագույն եւ հաջողությամբ փորձարկված ձեւերից մեկը ճամբարափոխ լինելն է կամ ընտրություններին ճամպրուկով փող բաժանելը:
Պայքարի ձեւ է, օրինակ, կույր ձեւանալը եւ չտեսնելու տալ տիրող անարդարությունները, համատարած աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթողների քարավանները, օլիգարխախեղդ եղած հասարակությունը եւ այդ ամենը վարդագույն ակնոցներով ներկայացնելը: Հարգարժան հանրապետականը նույնիսկ չի էլ ուզում խոստովանել, որ այն ձեւը, որ ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, շատ ավելի քաղաքակիրթ մեթոդ է, շատ ավելի ինքնազոհողություն, քան բողոքական մասսաներին կոշտ հեղափոխական մեթոդներով լիցքավորելն ու տանը թաքնվելը:
Ինչո՞ւ այս պարզ ճշմարտությունը չի ցանկանում տեսնել հանրապետական Ակելան: Ինչո՞ւ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդվելու է իր դիակի վրա, Գալուստ Սահակյանը կարծում է, որ այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, լեզվի սայթաքում է եւ անմիջապես էլ ավելացնում, որ իրենք գնում են ռադիկալ փոփոխությունների եւ ովքեր կցանկանան մասնակից լինել, կարող են մասնակցել այդ բարեփոխումներին:
Գալուստ Սահակայանը ոնց որ հեռուստալրատվական դաշտի աշխատակից լինի: Համարյա ասում է` «էշ մի սատկի, գարուն կգա, յոնջա կծլի», եւ չի մանրամասնում, թե ինչ ասել է «ռադիկալ փոփոխություններ»: Ինչո՞ւ հանկարծ որոշեցին, կամ ո՞վ որոշեց, որ երկրում հարկավոր են ռադիկալ փոփոխություններ: Վերջապես, ի՞նչ ուժերով են կատարվելու այդ փոփոխությունները: Դարերով եկած եւ անհերքելի ճշմարտություն է, որ «կարմիր կովը կաշին չի փոխի»: Հիմա եկել է ու ասում է` «ռադիկալ փոփոխություններ»: Այդպես չի լինում: Որքան էլ գայլի գլխին ավետարան կարդաս, միեւնույն է, ասելու է` ոչխարս գնաց: Ռադիկալ փոփոխություններ չեն կարող անել նրանք, ովքեր երկիրը հասցրել են ապրելու եւ կործանման եզրագծին: Նրանք միայն կարող են ավելի արագացնել կործանարար գահավիժումը: Իսկ Րաֆֆին ընդամենը դարձավ ժողովրդական ընդվզման խորհրդանիշը:
Պետք է հասկանալ, որ ժողովուրդը այլեւս շնչահեղձ է լինում Ձեր` կրծքանշանակիր կուսակցականների ձեռքին, եւ եթե չլիներ Րաֆֆին, կլիներ մեկ ուրիշը: Յուրաքանչյուր հանրապետական պետք է մեծագույն հարգանքով վերաբերվի Րաֆֆի Հովհաննիսյանին միայն այն բանի համար, որ նա իր քայլով զսպում է կրծքանշանակիրներին ցախավելով մաքրելու` մասսաների բուռն ցանկությունը: Պետք է հասկանալ, որ այս երկրում խաղաղությամբ հեռանալը ոչ թե պարտություն է, այլ արվեստ: Կես լումայի արժեք էլ չունի, երբ քսան տարուց ավելի անկախացած երկրում հպարտանում են «մեկ քայլ առաջ» ընտրություններ կազմակերպելով: Մեզ հետ անկախացած մերձբալթյան երկրները վաղուց մոռացել են «մեկ քայլ առաջ» ձեւակերպման մասին:
Այլեւս քայլերը հաշվելու ռեսուրս էլ չի մնացել, ե'ւ Գալուստ Սահակյանը, ե'ւ իր կուսակից ընկերները պետք է հասկանան, որ ստի, կեղծ հորդորների, գառան դիմակով գայլերի ժամանակը սպառվել է: Եվ ամենեւին տեղին չէ խոսել հետընտրական տեխնոլոգիաներից, «արաբական գարունից», անհանդուրժողականությունից, ըմբոստ ուսանողությունից եւ այլն: Այս մասին խոսողները լավ կլինի իրենք իրենց հարց տան, թե ինչո՞ւ այսպես եղավ: Մեղավորներ փնտրել պետք չէ, շուրջներդ նայեք…
Ահարոն Համբարձումյան