Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
168.am-ը ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանին խնդրեց ամփոփել 2024 թվականը՝ ինչպիսի՞ տարի էր այն աշխարհաքաղաքական առումով, Ֆրանսիայի, Հայաստանի և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների համար, և ի՞նչ սպասել 2025 թվականին:
«Աշխարհաքաղաքական առումով նշեմ, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից կամ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, բնականաբար, 2025-ին որոշ փոփոխություններ են սպասվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի հարցով, Միջին Արևելքի նոր կացության առումով:
Եվ այս նոր դրվածքի, աշխարհաքաղաքական նոր կացության մեջ մեզ հետաքրքրում է հատկապես Հայաստանի վիճակը, նրա շուրջ զարգացումները: Եվ ես ակնկալում եմ, որ 2025 թվականը Հայաստանի համար լինի այնպիսի տարի, երբ ավելի աչալուրջ կլինենք, որովհետև դժվար իրավիճակների մատնվելու վտանգ կա միշտ էլ:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, չեմ կարծում, որ 2025 թվականը նոր փոփոխություններ բերի, բնական այդ հարաբերությունները կշարունակվեն: Բացի այս, ակնկալելի է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտ տեղի ունենա, և այն դրական կացություն ստեղծի տարածաշրջանում, որից կարողանա օգտվել Հայաստանը: Բայց նաև պետք չէ սպասել, որ իրավիճակները փոխվեն և երկնքից խնձոր ընկնի մեր գլխին: Այսինքն, պետք է ունենալ իշխանություն, որը կարողանա լավ հասկանալ և օգտվել ստեղծված իրավիճակներից:
Ցավոք, Հայաստանի այս իշխանությունները նման կարողություն չունեն, անկարող են նման քաղաքականություն վարել, և, բնականաբար, միակ ճանապարհը Հայաստանի համար այս դժվար իրավիճակները շրջելու, «տաք» պահերից դուրս գալու և «մեջքը շտկելու», դա իշխանափոխությունն է: Այլապես ներկա թույլ, թուլամորթ և ձախողված իշխանության պարագայում ինչ իրավիճակ էլ լինի, անգամ, եթե բարվոք կացություն ստեղծվի, Հայաստանը չի կարող առաջ գնալ:
Դրա համար ակնկալում եմ, որ 2025 թվականը Հայաստանի համար լինի «մեջքը շտկելու» և «գլուխը ջրից» հանելու կամ սուզված վիճակից դուրս գալու տարի, որ կարողանանք վերադառնալ մեր երբեմնի ավելի բարվոք օրերին, չեմ ասում՝ փայլուն կամ հաղթանակած, բայց առնվազն ոտքի կանգնելու տարի լինի Հայաստանի և հայության համար: