կարևոր
2236 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 14:45
Քաղաքական

Աննա Գրիգորյանի ասածը հաստատեց ՊՆ-ն. պաշտոնյաների հանդեպ հարուցված են քրեական վարույթներ

Աննա Գրիգորյանի ասածը հաստատեց ՊՆ-ն. պաշտոնյաների հանդեպ հարուցված են քրեական վարույթներ

Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս պահին կալանքի տակ են գտնվում պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, ովքեր կալանավորվել են բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների վերջին պաշտոնանկությունների օրերին: Կալանավորված պաշտոնյաներն, ըստ պատգամավորի, առնչություն ունեն կապիտալ շինարարության հետ և այժմ գտնվում են կալանքի տակ:

Yerkir.am-ը պարզաբանում ստանալու համար գրավոր դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ ովքե՞ր են տվյալ պաշտոնյաները, ի՞նչ պաշտոն և կոչում ունեն, ի՞նչ պատճառով են ձերբակալվել, ինչպիսի՞ չարաշահումներ են կատարել, ինչիպիսի՞ վնաս է հասցվել պետությանն ու պաշտպանական համակարգին (բանակին) վերջիններիս առերևույթ հանցագործության բերումով:

ՊՆ-ից գրավոր պատասխանել են և հաստատել՝ «հարցադրումների վերաբերյալ հարուցված են քրեական վարույթներ, ընթանում է քննություն»: Այլ տեղեկություններ չհայտնելով՝ ՊՆ-ից հորդորել են՝ «հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել վարույթ իրականացնող մարմնին»:

Իսկ թե ինչո՞ւ է ՊՆ-ն համառորեն թաքցնում տվյալ պաշտոնյաների ինքնությունը, չարաշահումների բնույթն ու այլևայլ մանրամասներ՝ մնում է հանելուկ, ինչն էլ առաջացնում է բազմաթիվ հարցեր ու բազմաթիվ կասկածների տեղիք տալիս: Միգուցե՝ թե՛ տվյալ պաշտոնյաները, թե՛ կապիտալ շինարարության հետ կապված քրեորեն դատապարտելի չարաշահումներն ուղիղ թելերով կապված են  Փաշինյանի իշխանության վերնախավի կարկառուն դեմքերի հե՞տ: Ի դեպ, նման տեղեկատվության թաքցնելը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի քրեական գործը կամ գործերը կա՛մ հետագայում կոծկվեն, կա՛մ տարվեն իրենց ցանկալի ուղղությամբ, կա՛մ էլ բարդվեն մեկ ուրիշի վրա:

 

Վ. Սարգսյան