կարևոր
1876 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-12 15:31
Հասարակություն

Սիրիայի անցումային շրջանի կառավարությունը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը․ Մարիա Գաբրիելյան

Սիրիայի անցումային շրջանի կառավարությունը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը․ Մարիա Գաբրիելյան

Կանադայի «Հորիզոն»-ը զրուցել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանի հետ․ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
 

-Սիրիայում կատարված իշխանափոխությունից հետո այժմ ի՞նչ իրավիճակ է, հատկապես՝ սիրիահայության շրջանում։

- Այսօր Սիրիայում անորոշ իրավիճակ է։ Ինչ որ տեղի ունեցավ՝ կայծակնային արագությամբ կատարվեց․․․ Դեպքերը սրընթաց իրար են հաջորդում։ Իշխանության հասած ընդդիմությունը փորձում է կյանքը բնականոն ընթացքի մեջ դնել, գլխավոր հրամանատարության կողմից պարետային ժամի որոշումներ են տրվում։ Հրամանները, մարդու իրավունքների պաշտպանության իմաստով, ոգևորիչ են, մնում է դրանք գետնի վրա գործադրված տեսնել։ Ժողովուրդն ամբողջությամբ դեռ չի սթափվել, առաջին ժամերին մոլորված էինք, իրադարձություններն այնքան արագ էին, որ մեր ընկալումն էր վտանգվում։ Սիրիայի հայաշատ շրջաններում, քաղաքներում փորձում են վերադառնալ առօրյային։ Հալեպում աստիճանաբար զինված դրսևորումները և արտասովոր իրողությունները քչանում են, բայց սրանով հանդերձ պատկերն ամբողջապես աղոտ է։

Դրական և որոշ իմաստով փարատող էր ընդդիմադիր նոր իշխանության այն քայլը, որ տապալված կառավարության լիազորությունը պահվեց՝ մինչև նոր վարչակարգի կողմից կարգ ու կանոն հաստատելը, նույն կերպ վարվեցին տարբեր երկրներում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Սակայն նշանակված նոր նախարարների մասին բավարար տեղեկություն չունենալը կրկին մտահոգեց։ Ի դեպ, նշեմ, որ տապալված և իշխող կառավարությունների միջև տեղի ունեցած հանձնումն ու ստանձնումը ոչ միայն անցնցում, այլև՝ քաղաքակիրթ գործելաոճով ընթացավ։ Կարելի է արձանագրել, որ վարչակարգը տապալվեց, սակայն պետականությունը, որը հաստատուն համակարգ է, կանգուն է։ Փաստորեն, պետական կառույցները մեկը մյուսի հետևից վերաբացվեցին։ Անցումային շրջանի այս կառավարությունը պետք է գործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։ Իսկ երկրի սահմանադրական կամ օրինական համակարգի մասին ամբողջական հայտարարություններ չկան։
 

 -Կենցաղային պայմանների առումով բարելավում կա՞, թե՞ դեռ տնտեսական տագնապալի իրավիճակ է տիրում։
 

-Կենցաղային պայմանների մեջ շոշափելի բարելավումներ չկան, տնտեսական տագնապը գերիշխող է, մանավանդ ահավոր սղաճի պատճառով։ Ապրանքատեսակները եռապատիկ, ընդհուպ՝ քառապատիկ թանկացել են։ Առաջին մի քանի օրը սիրիական դրամն արժեզրկվեց, սակայն հետո վերադարձավ՝ շուրջ մեկ տարի ապահոված կայունության մակարդակին։ Էլեկտրականության խնդիրը նույնն է, օրական 2 ժամ են հոսանք միացնում։ Իսկ ջրի խնդիրը բավական արագ լուծվեց։ Կարելի է ասել, որ այսօր համարյա ջրի խնդիր չկա։
 

- Առաջիկա օրերին  ի՞նչ է սպասվում  հայկական կալվածքներին,  դպրոցներին, միություններին և եկեղեցիներին։

-Ուսումնակրթական բնագավառի առումով աշակերտները դպրոց պետք է հաճախեն դեկտեմբերի 15-ից․ մինչ այդ, կրթօջախների անձնակազմերը (դպրոցների և համալսարանների տնօրեններ, վարչակազմեր, ուսուցչակազմեր, դասախոսներ) պիտի վերստանձնեն իրենց աշխատանքները դեկտեմբերի 12-ից։

Հայկական եկեղեցիները գործում են․ նույնիսկ այս շաբաթ, որ Ս. Հակոբի տոնն է, Հալեպի Ս. Հակոբ եկեղեցում Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Մակար արքեպիսկոպոս Աշգարյանի ներկայությամբ  հսկման շաբաթ է սահմանվել։ Ինչ վերաբերվում է հայկական կալվածքներին, տներին, դրանց վտանգ չի սպառնա, այս մասին հստակ փոխանցվել է ընդդիմության ղեկավարության կողմից՝ քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում։ Բերիո Հայոց թեմը՝ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանի առաջնորդությամբ և «Արամ Մանուկյան» կենտրոնը, ամենայն հանձնառությամբ, ի սպաս են դրել դրել իրենց բոլոր կարողությունները՝ համայնքին տեր կանգնելու համար։

Ինչպես պատերազմի ահավոր տարիներին, այնպես էլ այս օրերի ընթացքում Հալեպի հայ համայնքը զգաց, որ ուժեղ թիկունք ունի։ Թեմակալ առաջնորդի կողմից համայնքին ուղղված թե՛ ձայնային, և թե՛ տեսաուղերձները, լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցները, ազգի զավակների, ազգային և միութենական մարմինների հետ հանդիպումները բալասանի նման ամոքում են հոգու վերքերը, մանավանդ նրա  ժպիտով արտահայտությունները հանգստություն, անդորրություն են պարգևում։  Սովորական պայմաններում, միգուցե, աննշան թվա, բայց հալեպահայության ապրած այս աննկարագրելի օրերում դրանց ազդեցությունն անգնահատելի է։

-Քաղաքական զարգացումների լույսի ներքո, ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսությունը շարունակո՞ւմ են իրենց գործունեությունը։ Դեսպանություն-համանք կապը շարունակվո՞ւմ է։
 

- Ինչպես երկրի բոլոր հյուպատոսարաններն ու դեսպանատները, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ևս Սիրիայից հեռացել է։ Անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես շարունակում է Բեյրութում՝ արտակարգ ռեժիմով։  Գործում է նաև թեժ գիծ: Դեսպանությունն իր կապը շարունակում է համայնքի հետ: Նշեմ, որ անցնող դժվար օրերի ընթացքում,Հալեպի հյուպատոսարանի անձնակազմը ջանք չխնայեց օգտակար դառնալու հալեպահայությանը՝ ի կատար ածելով  ընթացիկ այն աշխատանքները, որոնք իր լիազորությունների սահմաններում էին։

Այսօր Սիրիայում դեպքերը, որոշումներն ու հրամաններն այնքան արագ են կատարվում կամ կայանում, որ նախորդած մեկ ժամն արդեն հին է համարվում։

Հարցազրույցը՝  Սոնա Թիթիզյան Կետիկյանի

«Հորիզոն», Կանադա