Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետությունից բնիկ ազգաբնակչության բռնի տեղահանման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել նաեւ տեղի երգի, պարի մշակութային կոլեկտիվները։ Դիմագիծը պահելու եւ Հայաստանում գործողների մեջ չտարրալուծվելու նպատակով այդ խմբերի ներկայացուցիչները որոշել են պահել խմբերի անուններն ու միավորվել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության մեջ։ Ավելի քան 1400 արվեստի գործիչ, որոնցից միայն 150-170-ն է այս պահին աշխատանքով ապահովված։ Մյուսները զուտ որպես նվիրյալներ են հաճախ տարբեր համայնքներից Երեւան գալիս, փորձերի մասնակցում ու համերգներ տալիս։
Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը հնարավոր լուծում է առաջարկում․ այս ստեղծագործական խմբերի գործունեությունը կազմակերպել որպես ՀՀ-ում գործող մշակութային խմբերի մի բաղադրիչ, օրինակ, Արցախի պարի պետական անսամբլը որպես առանձին բլոկ ներառել Հայաստանի պարի պետականի մեջ, իսկ Շուշիի տիկնիկային պետական թատրոնը, որ տասնյակ հյուրախաղեր է անցկացրել Գյումրիում, կարող է հենց այնտեղ էլ հաստատվել՝ Գյումրու դրամատիկական թատրոնի մեջ որպես առանձին բլոկ։
Ստեփանակերտի փողային նվագախումբը, ցավոք, ցրվել է․ գործիքները տեղափոխել չեն կարողացել։
Արցախի ոչ նյութական մշակույթը պահելու համար պետք է պետական աջակցություն
Արցախի գոնե ոչ նյութական մշակույթը պահպանելու համար պետք է նաև պետական աջակցություն՝ ահազանգում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ղեկավար Ապրես Մարգարյանը։
Կազմակերպությունը, որն իր վրա է վերցրել մշակութային 11 կոլեկտիվի՝ պետական համույթների և ինքնագործ խմբերի պահպանումն ու հետագա գործունեության կազմակերպումը, ստեղծվել է բռնի տեղահանումից անմիջապես հետո, երբ անհրաժեշտություն առաջացավ պահպանել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Կազմակերպության ռազմավարությունն ուղղված է առաջին հերթին պահելու Արցախի մշակութային կոլեկտիվները, խմբերն ու պետական համույթները, և քանի որ վերջիններս հենց արցախյան մշակույթի կենդանի կրողներն են, դրանց միջոցով փորձել պահպանել արցախցիների ինքնատիպությունը, որ ներառում է նաև բարբառը, ավանդույթները, սովորույթները, խոհանոցը, կենցաղը և այլն։
Առաջինը ինքնակազմակերպվեցին Արցախի պետական համույթները։ Նրանց մի մասն այդ դժվար օրերին առաջին հերթին փրկեց իր գործիքները, տարազները, բեմական հագուստը։
Այդ ժամանակ առաջացավ խնդիր նաև իրավական տեսակետից՝ ինչպե՞ս կարգավորել իրենց հետագա գործունեությունը, քանի որ, ինչպես գիտեք, բոլոր պետական հիմնարկները լուծարվել էին։ Հենց նման հեռանկարից խուսափելու համար էլ որոշեցին ստեղծել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր խնդիրները պետք է համակարգված լուծում ստանան, և պետք է ծրագրեր իրականացվեն՝ միջոցառումներ, փառատոններ, ցուցահանդեսներ, մշակութային օրեր։
Արցախի բոլոր համույթները, մշակութային խմբերն ու կոլեկտիվները ընդգրկվեցին այս ՀԿ-ի մեջ, պահպանելով իրենց անվանումները որպես առանձնացված ստորաբաժանումներ։
-Մեծ դժվարությամբ, առանց պետական աջակցության, ՀԿ-ն մեկնարկեց իր առաքելությունը։ Սկզբնական շրջանում փորձեցինք բարեգործական խմբերի միջոցով պահպանել այդ խմբերի գործունեությունը,- ներկայացնում է Ապրես Մարգարյանը և հավելում,- մենք հստակ գիտակցում ենք, որ մեր ծրագրերը իրականացնելու համար նաև պետք է որոշակի պետական աջակցություն։
Հենց այդ գիտակցումով էլ, առաջին իսկ օրերից տարբեր առաջարկներ են ներկայացրել հայաստանյան գործընկերներին։
Դահլիճներ ենք տրամադրում փորձերի, համերգների համար․ ԿԳՄՍՆ պաշտոնյա
Առաջին օրերին, երբ Արցախի մշակութային խմբերը տեղափոխվեցին Երեւան՝ մեր առաջնահերթ խնդիրը եղավ նրանց գույքը, տարազները, զգեստները, այն ամենը, ինչ կարողացել էին բերել՝ ի պահ թողնելը մեր ենթակայության տարբեր կառույցներում, մինչեւ որ նրանք որոշեն իրենց ընթացքը, մենք էլ՝ մեր գործընթացները՝ ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
«Զուգահեռ, փորձել ենք հնարավորություններ ստեղծել ըստ անհրաժեշտության․ եթե դիմել են եւ ասել, որ ուզում են փորձեր անել, ապա մեր բոլոր կազմակերպություններին հանձնարարել ենք, որպեսզի ոչ միայն աջակցեն, այլեւ տրամադրեն տարածքներ որպես փորձասենյակներ, որ իրենց փորձերն անեն եւ հետագայում նաեւ համերգներով հանդես գան։ Օրինակ, առաջիններից մեկը Երգի պետական թատրոնն էր, որտեղ պարբերաբար ե՛ւ փորձեր էին ընթանում, ե՛ւ համերգային ծրագրեր ու միջոցառումներ իրականացվում»,-ասում է տիկին Սահակյանը։
Նախարարությունն առաջարկել է դառնալ ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպությունների մասնիկը, այսինքն, անցնել աշխատանքի Պարի պետական անսամբլում, թատրոններում եւ նմանատիպ այլ կազմակերպություններում, բայց արցախցի մեր հայրենակիցների զգալի մասը որոշել է, որ մնալու են որպես առանձին միավորներ, պահպանելու են իրենց անունները եւ շարունակելու են գործել որպես Արցախի պետական երգչախումբ, Շուշիի Ամիրյանի անվան պետական տիկնիկային թատրոն եւ այլն։
«Ինչ ենք արել մենք կամ ինչպիսի համագործակցություն ունենք այդ կոլեկտիվների հետ․ բացի այն, որ եթե դիմում են եւ խնդրում տրամադրել դահլիճներ փորձերի կամ համերգների համար, անշուշտ եւ միանշանակ մենք դա անում ենք։ Դրանից զատ մեր գրեթե բոլոր կազմակերպությունները իրականացնում են համատեղ մշակութային նախագծեր, որտեղ պարտադիր ընդգրկված են մեր հայերնակիցները։ Ես մի քանի օրինակ բերեմ․ մեկ ու կես ամիս առաջ մեր Կոմիտասի անվան երաժշտության տանը տեղի է ունեցել Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաների համերգը եւ մեր Կամերային երաժշտության ազգային կենտրոնն աջակցել է այդ ծրագրի իրականացմանը։ 3 օր հետո նույն հարթակի վրա ելույթ կունենա Ջազային նվագախումբը․ էլի կլինի համերգ, որը կկազմակերպվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ Արցախի ջազային երկու նվագախմբերից մեկի մասնակցությամբ։ Տարեվերջին Օպերային թատրոնի բեմում նույնպես տեղի ունեցավ մեծ միջոցառում, որին նախարարությունը փորձեց աջակցել, որը նվիրված էր արցախահայերի ոչ նյութական ժառանգության ներկայացմանը։ Համերգային ծրագիրը ոչ միան ներկայացնում էր արցախահայության մշակույթը եւ ոչ նյութական ժառանգությունը, այլեւ հնարավորություն էր մեկ բեմի վրա ելույթներով եւ Հայաստանի պարի պետականի եւ Արցախի պարի պետականի համույթների համար»,-հայտարարում է Սվետլանա Սահակյանը։
Նա վստահեցնում է, որ նախարարությունը փորձում է ամեն կերպ հնարավոր աջակցություն ցուցաբերել այն հարցադրումներով, որոնցով դիմում է Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը։
Արցախյան խմբերի պահպանումը նաեւ կարեւոր է Հայաստանում մշակութային կյանքը աշխուժացնելու համար
Արցախի մշակույթի պահպանման կենտրոնի ղեկավար Ապրես Մարգարյանի խոսքով, արցախյան համույթների պահպանումը ոչ միայն կարևոր է արցախյան մշակույթը պահպանելու համար, այլև այդ ներուժը կարելի է օգտագործել Հայաստանում մշակութային կյանքը աշխուժացնելու և հարստացնելու համար։
-Ինչպես գիտենք, այսօր Հայաստանում մշակութային կյանքը ավելի շատ կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում և Գյումրիում։ Մարզերում չկան այդպիսի խմբեր, ինչպիսին այսօր մեր կազմակերպության մեջ ներառվածներն են,- ցավով նշում է ՀԿ ղեկավարը։
Այս կազմակերպությունը ծրագրեր է մշակում նաև մարզերում, սահմանամերձ գյուղերում իրականացնել կրթամշակութային տարբեր ծրագրեր։ Ընթացիկ ամսում համերգային ծրագրեր են նախատեսում Գորիս, Կապան և Քաջարան քաղաքներում։ Հիմնականում դիտարկում են բացօթյա համերգներ իրականացնելու ֆորմատը։ Առաջիկայում համերգներ են նախատեսում նաև Գյումրիում։
Ծրագրերը բազմազան են և բազմաբնույթ՝ միայն ֆինանսական ռեսուրսների խնդիր ունեն։ Տնից և նախորդ կենսակերպից կտրված արցախցիներն իրենց մշակույթը պահպանելուց բացի նաև իրենց կենցաղը պիտի ապահովեն։
Ակնկալում ենք, որ 2025 թ-ի մրցութային դրամաշնորհներին կունենանք ծրագրեր Արցախի մշակույթի պահպանման կենտրոնից․ ԿԳՄՍՆ պաշոնյա
ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ասում է, որ նախարարությունն արցախյան խմբերի հետ համագործակցության մի քանի ձեւաչափ է առաջարկել եւ, կարծում է, այդ համագործակցության ակտիվացումը 2025 թ-ին շատ ավելի ակնհայտ կլինի։
««Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ղեկավարն ասաց, որ իրենք սիրով կմասնակցեն մեր մրցութային դրամաշնորհներին։ Կարծում եմ, լավատեղյակ եք, որ ՀԿ-ների կամ նախարարության ենթակայությամբ չգործող այլ կազմակերպությունների հետ նախարարության աջակցման ծրագրերն իրականացվում են նախարարության դրամաշնորհների ձեւաչափով եւ մենք ակնկալում ենք, որ 2025 թ-ի մրցութային դրամաշնորհներին մենք կունենանք նաեւ բազմաթիվ ծրագրեր, որոնք կներկայացվեն Արցախի մշակույթի պահպանման կենտրոնի կողմից եւ կիրականացվեն ծրագրեր, որոնք կլինեն ոչ միայն համերգային, իրենք նախատեսում են նաեւ կրթկան ուղղվածության ծրագրեր անել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում։ Անշուշտ, մենք մեր մասով դրան աջակից կդառնանք եւ այդ ծրագրերը կփորձենք իրականացնել»,-վստահեցնում է ԿԳՄՍՆ պաշտոնյան։
Արցախյան խմբերը կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ֆինանսավորում են փնտրում
Այսօր լիարժեք ֆինանսավորում ունի միայն Արցախի պարի պետական համույթը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով։ Առաջիկայում ակնկալում են ունենալ ևս 3 համույթի ֆինանսավորում, որոնց մասով արդեն երեք ամիս է երկարատև քննարկումներ է անցկացնում Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը։
-Այսօր ՀԿ-ի ռազմավարությունը փորձում ենք փոխել՝ նպատակ դնելով ոչ թե ուղղակի պահպանել համույթներն ու խմբերը, այլև կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ֆինանսավորում ենք փնտրում համատեղ գործընկերային սկզբունքով։ Այս ֆորմատով գործունեություն ծավալելը ավելի արդյունավետ է ստացվում,- վստահեցնում է պրն․ Մարգարյանը։
Առանց պետական աջակցության շատ դժվար է ապահովել այդքան մեծ թվով մարդկանց՝ 250-ից ավելի անհատ կատարողների, երաժիշտների և պարողների գործունեությունը։ Ինչպես գիտենք, աշխատավարձից բացի արցախյան կոլեկտիվները նաև տեխնիկական մեծ խնդիրներ ունեն, երաժշտական գործիքների համալրման անհրաժեշտություն։
ՀԿ-ն, իհարկե, բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հաղթահարել եղած խնդիրները․ առ այսօր դա հաջողվել է անել։ Շատերը աշխատում են հասարակական հիմունքներով, բայց այդպես երկար աշխատել չեն կարող, որովհետև սոցիալական մեծ բեռ ունեն իրենց ուսերին։
-Մենք առաջիկայում մի քանի համալիր ծրագիր կներկայացնենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն համագործակցելու համար, ինչպես նաև պատրաստվում ենք մասնակցել իրենց կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին,-նշում է Ապրես Մարգարյանը։
Նրանց ծրագրերը միտված են Հայաստանում մշակութային կյանքի ապակենտրոնացմանը․ արցախյան համույթների մի մասը պատրաստակամ է գործունեություն իրականացնել մարզերում՝ համալրելով բացը։ Սա փոխշահավետ համագործակցություն կլինի երկուսիս համար էլ՝ ասում է Ապրես Մարգարյանը։
Այն տարիներին ՀՀ եւ Արցախի բոլոր գերատեսչությունների միջեւ գոյություն են ունեցել համագործակցություններ․ ԿԳՄՍՆ պաշտոնյա
Թեեւ հայաստանյան պետական բոլոր գերատեսչությունների պաշտոնական կայքերից հեռացվել են Արցախի անունն ու Արցախի Հանրապետության պետական կառույցների հետ համագործակցության բաժինները, այնուամենայնիվ, երկարամյա եւ պարկեշտ աշխատակիցների հիշողության միջից հնարավոր չէ հանել հայկական երկու հանրապետությունների գոյության ու կենսագործունեության դրվագները։ Սվետլանա Սահակյանն ասում է՝ ինքը նախարարությունում առաջին տարին չէ, որ աշխատում է․ ժամանակին, երբ գոյություն ունեին երկու առանձին նախարարություններ՝ ինքն աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում։
«Այն տարիներին ոչ միայն մշակույթի նախարարությունների, այլեւ բոլոր գերատեսչությունների եւ Արցախի համարժեք գերատեսչությունների միջեւ գոյություն են ունեցել համագործակցություններ։ Մեր Մշակույթի նախարարությունը միանշանակ ունեցել է նույնիսկ համագործակցության հուշագիր, որը ստորագրվել է մեր եւ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ մշակութային ժառանգության նախարարության կմիջեւ։ Այդ հուշագրի իմաստն ու նպատակը հետեւյալն էր, որ մենք մեր մասով իբրեւ ՀՀ մշակույթի նախարարություն, պետք է փորձեինք եւ իրականացնում էինք աջակցություն ոչ միայն մեթոդական, այլեւ համատեղ միջոցառումների, ծրագրերի եւ դա արտահայտվում էր ոչ միայն Արցախից ՀՀ եկած մշակութային կազմակերպությունների Հայաստանում ելույթներով այն տարիներին, այլեւ Հայաստանից դեպի Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ եւ այլ շրջաններ մեր մշակությին հաստատություններին հյուրախաղերով գործուղելուն։ Բոլորս էլ կհիշենք այն գեղեցիկ, հրաշալի, մեծ միջոցառումները, որոն տեղի են ունեցել Շուշիում մեր ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ եւ նաեւ այլ ձեւաչափերով»,-փաստում է Սվետլանա Սահակյանը։
Նա վստահեցնում է արցախցիների բռնի տեղահանումից հետո ԿԳՄՍ նախարարությունն առաջին իսկ օրվանից հայտնել է պատրաստակամությունն ու ցանկությունը աջակցության ծրագրերի ձեւաչափով աջակցություն տրամադրելու։
«Այսինքն, այս տեղանկյունից ֆորմատի փոփոխություն տեսականորեն չկա՝ այն ժամանակ էլ էր այդ աջակցությունը իրականացվում համատեղ միջոցառումների կամ հյուրախաղային գործունեության ձեւաչափով, հիմա էլ այդ համագործակցությունն իրականացվում է հետեւյալ կերպ․ մեր կազմակերպությունները եւ այն համույթները, որոնք ներկայում գտնվում են Հայաստանում, համատեղ մասնակցում են տարբեր նախագծերի եւ անշուշտ իրականացնում են համատեղ համերգներ»,-ասում է ԿԳՄՍՆ պաշտոնյան։
Նախքան տեղահանումը համագործակցությունը եղել է Արցախի Հանրապետությունում գործող 12 մշակութային կոլեկտիվի հետ, որոնց մի մասը եղել է պետական, մյուս մասը՝ ինքնագործ․ մարդկանց թիվը հասել է մոտ 1400 հոգու՝ նշում է Սվետլանա Սահակյանը։ Հիմա վստահեցնում է, որ ՀՀ-ում արցախյան համույթների անունները փոխելու պարտադրանք չկա։
Տարակուսանքին, որ տարբեր մարզերում ցրված արցախցիների համար դժվար է գալ մայրաքաղաք՝ փորձերի ու համերգների մասնակցելու, տիկին Սահակյանը հակադարձում է․ Երեւանից հեռու մարզեր գնացածներն ընդունվել են աշխատանքի կա՛մ ըստ մասնագիտության, կա՛մ հարակից մասնագիտությամբ, այսինքն, եթե եղել է, օրինակ, երաժիշտ նվագախմբում, բայց նվագախումբը Երեւանում է եւ ինքը միշտ չէ, որ կարողանում է գալ, մասնակցել փորձերին, այդ արագայում նա, որպես տվյալ մասնագիտությամբ երաժիշտ, աշխատում է երաժշտական դպրոցում։ Պրոֆեսիոնալ երաժիշտներին, իհարկե, ոչ մասնագիտական աշխատանքը ոչ միշտ է բավարարում։
Սվետլանա Սահակյանն ասում է՝ ինքը գիտակցում է, որ ցանկացած մարդու համար մեկ այլ վայր տեղափոխվելն, անշուշտ, դժվար է․ պիտի փորձի պահպանել իր մշակութային ինքնությունը, ժառանգությունը, առավել եւս ոչ նյութական ժառանգությունը, միեւնույն ժամանակ ապրել այն միջավայրում, որտեղ այդ պահին գտնվում է։
«Այս տեսանկյունից, կարծում եմ, որ մեր հայրենակիցների համար կան հոգեբանական որոշակի խնդիրներ, որովհետեւ մարդիկ դարերով ապրել են իրենց ծննդավայրում, այն բնօրրանում, որտեղ ծնվել, մեծացել եւ ստեղծագործել են․․․ բայց հաշվի առնելով, որ իրենք գտնվում են Հայաստանում, այսինքն, միջավայրը եւ մշակույթը նույնն են, նույն ժողովուրդն ենք, կարծում եմ, որ անգամ եթե լինեն նմանատիպ խնդիրներ հաղթահարելու, պիտի որ շատ ավելի դյուրին հաղթահարվեն։ Սակայն միեւնուն ժամանակ գտնում ենք, եւ կարծում եմ, որ դա բոլորս ենք գիտակցում, որ մենք պիտի ազգային ինքնությանը բնորոշ այն տարրերը, որոնց մասին խոսում ենք, երբ ասում ենք արցախահայություն, Արցախի բարբառ, տարազ, հանրային շարժումներ, պիտի անենք եւ փորձում ենք անել այնպես, որ այն, ինչ կար, պահպանվի եւ տարածվի եւ ներկայանալի լինի»,-ասում է Սվետլանա Սահակյանը։
Նա վստահեցնում է, որ գիտակցելով, որ դրա կարիք կա, իրենց նախարարությունն իրականացնում է այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են այդ ազգային ինքնությունն ու ավանդականը պահպանելուն եւ ներկայացնելուն։
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: