Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր բյուջեի ուղերձը ներկայացնելիս ֆինանսների նախարարը խոսեց բարձր արժեքներից, հայտարարեց, թե բյուջեն սոսկ թիվ չէ, այլ Հայաստանի ապագայի տեսլականն է: Նախարար Հովհաննիսյանն՝ անգամ բանաստեղծական հաստատումներ արեց, ընդգծելով, թե բյուջեն կատարյալ հավասարակշռության անվերջ ձգտում է, որի հիմքում հասարակության շահն է՝ համապատասխանեցված սոցիալական յուրաքանչյուր խմբի եզակի կարիքներին: Նաև խոսքը համեմեց հռետորական հարցադրումով, թե մի՞թե հերոս չէ այն պետական աշխատողը, ով մի քանի հարյուր հազար դրամով պետական բարիք է ստեղծում:
Նա հավանաբար չէր հիշում կամ գերադասում էր լռել, որ նույն պետական համակարգում կա մի սեգմենտ՝ գրադարանների և թանգարանների ոլորտի աշխատողները, որոնց աշխատավարձը բոլորովին էլ հերոսական չէ, այլ հակառակը՝ անգամ ողբերգական:
Իրականությունն այն է, որ թանագարաններում և գրադարաններում ճնշող մեծամասնության աշխատավարձը սպառողական զամբյուղի՝ այսինքն 77․000-ի շրջանակում է, ինչը կներեք՝ պարզապես գոյությունը պահելու նվազագույն սահմանն է: Սա այն պարագայում, երբ պետական հատվածի միջին աշխատավարձը 216․000 դրամ է:
Չորրորդ տարին եմ հետապնդում այս հարցը և ստանում նույն պատասխանը. աշխատավարձի բարձրացում չի սպասվում, թող թանգարաններն իրենք ֆինանսական միջոցներ գեներացնեն: Սա այն դեպքում, երբ կառավարությունը ամբողջովին ձախողել է իր պարտականությունը. անցնող 10 ամիսների կտրվածքով հանրային գրադարանների, թանգարանների և պատկերասրահների բարեկարգման, գույքային և տեխնիկական հագեցվածության կառավարության կատարողականը 0- է։ ԶՐՈ…
Ինչպե՞ս բացատրել իր հանձնառությունները ձախողած և խոստումներ դրժող կառավարությանը, որ եթե համերգային և թատերական կազմակերպությունները կարող են լրացուցիչ ֆինանսական միջոցներ գեներացնել, ապա թանգարանի և գրադարանի պարագայում սա գրեթե անհնար է:
Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, և պետության խնդիրն է սոցիալական բևեռացման դեմ պայքարելը:
Ինչպե՞ս տեղ հասցնել կառավարության արժեքային համակարգին, որ հանցագործությունները նվազում են և հանրային համերաշխությունը բարձր է երկրներում, ուր հասարակությունը գրադարան է այցելում կամ դասական համերգ լսում:
Ֆեստիվառների, Սնուպ Դոգերի, Yerevan Fashion Week-երի վրա միլիոնավոր դոլարներ եք ծախսում։ Զրո բովանդակությամբ այդ միջոցառումները դեֆորմացված հասարկությանը թմբիրի մեջ պահելու և կառավարելի դարձնելու գործիքներ են, որոնք չեն կարող փոխարինել հեռանկարային և ազգակենտրոն մշակութային քաղաքականությանը։
Նիլ Գեյման և Տարոն Աճեմօղլու կարդացեք... Նույնիսկ Քովենտ Գարդենն ու Մետրոպոլիտենն են պետական աջակցություն ստանում:
Անհնար է կառուցել մրցունակ հասարակություն և դիմադրողականություն ունեցող պետություն մի երկրում, ուր չկա մշակույթի և հատկապես՝ ազգային մշակույթի պետականաստեղծ դերակատարության գիտակցում»: