Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում ընդունվեցին եւ հրապարակվեցին մի շարք նոր օրենքներ, որոնք առաջացրեցին ստոմատոլոգների եւ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող միջնորդների բողոքը: Այդ օրենքների առաջացրած խնդիրների, դրանց վերաբերյալ պատկերացումների ու այլ հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, ով նոր օրինագիծ է առաջարկում այս ուղղությամբ:
-Այնուամենայնիվ, օրենքն արդեն ընդունված է, եւ ինչպես հասկացա Ձեր մեկնաբանությունից, այդ օրենքում, բացի ֆիսկալ քաղաքականությունից կամ տնտեսական գործունեության բնույթից, կա նաեւ քաղաքական տարր` օրենքի ընդունման առումով: Ի՞նչ պետք է արվի հիմա, քանի որ օրենք արդեն ընդունված է, եւ այն բազմաթիվ քաղաքացիների վրա է տարածվում: Ի՞նչ պետք է արվի նման օրենքի դեմ պայքարելու կամ ինչ-որ այլ կերպ վերաձեւակերպելու համար: Եվ կա՞, արդյոք, ինչ-որ քայլեր անելու մտադրություն:
-Անպայման կա, ես, մասնավորապես, նշեցի, որ ստոմատոլոգիական ծառայությունների մասով, մենք, քննարկելով ստոմատոլոգիական ասոցիացիաների համատեղ նախաձեռնող խմբի հետ, այսօր շրջանառության մեջ ենք դրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում ենք նախ փոխել հարկման օբյեկտը: Ինչպես գիտենք, նախատեսված էր, որ հունվարի 1-ից հարկման է ենթակա ստոմատոլոգիական բազկաթոռը, իսկ ատամնատեխնիկների համար` աշխատանքային սեղանիկները: Ինչպես արդարացիորեն պնդում են ստոմատոլոգները, իրենց ծառայությունը չի կարելի նույնացնել այնպիսի ծառայություների հետ, որտեղ հարկման օբյեկտն անշունչ առարկան է, տվյալ դեպքում բազկաթոռը կամ աշխատանքային սեղանը: Այլ հարկման օբյեկտ կարող է լինել հենց բժիշկը, ով մատուցում է այդ ծառայությունը, կամ` ատամնատեխնիկը: Դրա համար մենք առաջարկում ենք փոխել հարկման էությունը, որ հարկ վճարողը բժիշկն է` մասնագետը, ուստի մասնագիտացվի օբյեկտը: Առանձնացվել են մոտ 5 խումբ մասնագիտացումներ, որոնք, ըստ մասնագետների քննարկման, լիցենզավորման պայմանների մեջ կան` թերապեւտիկ ստոմատոլոգը, օրթոպեդիկ ստոմատոլոգը եւ եւս երեք մասնագիտացումներ: Մենք առաջարկում ենք, որպես բազային մեծություն, վերցնել 30 հազար դրամը` մեկ ամսվա կտրվածքով, նաեւ ըստ մասնագիտացումների` շնորհվեն գործակիցներ: Օրինակ` թերապեւտիկ, վիրաբուժական եւ օրթոդոնտիկ ստոմատոլոգների համար 1 գործակից կիրառվի, օրթոպեդիկ ստոմատոլոգի համար` 1.2 գործակից , ընդհանուր ստոմատոլոգի` առանց իմպլանտոլոգիայի, համար` 1.3 գործակից, իմպլանտոլոգիայի համար` 1.5 գործակից: Սա նշանակում է, որ ամենաթանկ ծառայությունը, որ մատուցվում է Հայաստանի իրականության մեջ, իմպլանտոլոգիայի համար է, եւ յուրաքանչյուր բժիշկ կվճարի 1.5 x 30 հազար դրամ, այսինքն` 45 հազար դրամ: Իսկ նվազագույնը կվճարվի 30 հազար դրամ:
Դրան գումարած` մենք առաջարկում ենք խրախուսել, հատկապես, մանկական ատամնաբուժական ծառայությունը: Դրա համար առաջարկում ենք կիրառել 0.5 գործակից ատամնաբուժական ծառայությունների մատուցման դեպքում, ինչպես նաեւ օրենքով նախատեսված արտոնություններ կան Երեւանի, մարզերի եւ սահմանամերձ բնակավայրերի համար: Մենք առաջարկում ենք, որ սա ամբողջությամբ կիրառվի նաեւ այս դեպքի վրա: Եվ մեր մյուս կարեւոր առաջարկությունը` որ ուսանող մասնագետները, որոնք դեռ նոր պետք է մտնեն շուկա, նրանք չպետք է դիտարկվեն որպես բժիշկ` ծառայություն մատուցողներ: Այսինքն` նրանց հարկը պետք է լինի զրո, որպեսզի նրանք մասնագիտանան, պրակտիկ մասնագիտացումներ ձեռք բերեն: Մեր կարծիքով` սա մեծ հնարավորություններ կտա էապես թուլացնելու ոլորտում առկա այս լարվածությունը, եւ նաեւ հնարավորություն կտա բժիշկ-մասնագետներին ավելի վստահ իրենց ծառայություները մատուցել եւ չմտածել Հայաստանից հեռանալու ու աշխատատեղերի փակման մասին:
Ի դեպ, մենք առաջարկում ենք, որ այս օրենքը գործողության մեջ մտնի հունվարի 1-ից, այսինքն` տարածվում է այն հարաբերությունների վրա, որ հունվարի 1-ից պետք է կիրառվեր: Այսինքն`անգամ այն անձինք, ովքեր արդեն վճարել են բարձր հարկեր, նրանց հարկերի համար պետք է վերահաշվարկ կատարվի: Այս նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո մենք հույս ունենք, որ կառավարությունն արագ կարձագանքի, իսկ եթե արագ էլ չարձագանքի` մտածում ենք նաեւ արտահերթ նիստ նախաձեռնելու ուղղությունը:
Պայքարի մյուս ուղղությունն արդեն ստոմատոլոգիական ծառայություններ մատուցողների կողմից ձեռնարկվող գործողություններն են: Քաղաքական պայքարի մեկ այլ ձեւ կարող է լինել սահմանադրական կարգով բողոքարկումը թե’ Աժ պատգամավորների, թե’ ՄԻՊ-ի առաջարկների ներկայացման տեսքով: Այնպես որ` պայքարի ձեւերը կան ու շատ են, եւ մենք, իբրեւ հետաքրքրված քաղաքական ուժ, ստոմատոլոգիական բարձրորակ ծառայություններ մատուցելու առումով, համարում ենք, որ եթե քաղաքական մեծամասնությունն ու կառավարությունը կամք ու վճռականություն ունենան` վերանայելու այս մոտեցումները, ապա շատ արագ կարող են տեղի ունենալ այս փոփոխությունները, եւ ավելի բարենպաստ իրավիճակ կարող է ստեղծվել այս ծառայությունները մատուցող սուբյեկտների համար:
- Պարո’ն Մինասյան, Դուք հպանցիկ անդրադարձաք, իսկ ես կխնդրեի մանրամասնել. բազմաթիվ դեպքեր ու մարդկանց գիտենք, որ արտասահմանից գալիս են Հայաստան, հիմնականում երկու բժշկական ծառայություններից` սրտաբանական եւ ատամնաուժական ծառայություններից օգտվելու համար: Կխնդրեի մանրամասնել, թե ինչպե՞ս կանդրադառնա այս օրենքը հիշյալ երեւույթի վրա:
- Միանշանակ` բացասական է ազդեցությունը: Ես արդեն նշեցի, որ օրենքի` այն տեսքով գործողության մեջ մտնելը, որ կառավարության ու կոալիցիոն երկու ուժերը նախաձեռնեցին, բերելու է նրան, որ դենտոտուրիզմը անկում է ապրելու Հայաստանում: Որովհետեւ շատերը կան, որ գալիս են Հայաստան` ստանալու այդ բժշկական ծառայությունները: Այս փոփոխությունները բերելու են նախ` Հայաստանում գների բարձրացմանը, հետո` վճարունակ մասսան, քանի որ փոքր է Հայաստանում, ապա բազմաթիվ կլինիկաներ պարզապես կսնանկանան, նրանք չեն կարող դիմանալ այդպիսի գնային մրցակցությանը եւ, բնականաբար, տեղի կունենա խոշորացում: Մյուս կողմից` գների բարձրացումը կստիպի Հայաստանից դուրս գտնվող բազմաթիվ մարդկանց, ովքեր գալիս էին` այդ ծառայություններից օգտվելու, վերանայել իրենց որոշումները: Նրանք արդեն կսկսեն համեմատել, եւ քանի որ այդ համեմատության մեջ մենք կտուժենք, բնականաբար, նրանք այլեւս որոշում չեն կայացնի Հայաստանում օգտվել այդ ծառայություններից, ինչը բերելու է նոր հավելյալ բացասական դրսեւորման, այն է` այս ծառայությունները մատուցող սուբյեկտների մոտ եկամուտների անկում կարձանագրվի, եւ աստիճանաբար սնանկացում եւ աշխատատեղերի փակում:
Մյուս խնդիրն այն է, որ սա կարող է բերել մեկ այլ բացասական դրսեւորման` որակյալ մասնագետների արտահոսքի: Իսկ որակյալ մասնագետի արտահոսքն ուղղակիորեն նպաստում է, որ դրսից եկող ու այս ծառայություններից օգտվող անձինք վերանայեն իրենց որոշումները: Եթե այդ նույն մասնագետը կարող է Ռուսաստանում, Եվրոպայում կամ ամերիկյան մի որեւէ երկրում նմանատիպ որակյալ ծառայություն մատուցել, ապա մարդիկ կորոշեն Հայաստան չգալ, քանի որ արդեն ո'չ գնային տեսակետից առավելություն կունենանք, ո’չ էլ մասնագիտական առումով Հայաստանում կարող է ակնկալել բարձրորակ մասնագիտական ծառայության մատուցում: Այսինքն` այնհայտ է, որ սա բացասական ազդեցություն է ունենալու:
- Պարո’ն Մինասյան, կխնդրեի անդրադառնալ նաեւ անշարժ գույքի ոլորտում զբաղվածների մասով Ձեր դիտարկմանը. այնտեղ էլ է փոփոխության ենթարկվել հարկային քաղաքականությունը: Այնտեղ ի՞նչ կփոխվի եւ ի՞նչ դժգոհություններ կարող են բերել փոփոխությունները:
- Ակնհայտ է, որ չհիմնավորված փոփոխությունը կիրառվում է նաեւ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող սուբյեկտների մասով: Լինելով միջնորդական գործունուություն` այնուամենայնիվ, այս ոլորտում գործունեությունը որոշակի նրբություններ է ներառում: Մինչդեռ կառավարության առաջարկը շատ կտրուկ եւ անտրամաբանական պահանջ է ձեւակերպել: Այն է` այս կազմակերպություններում աշխատողների թվով է հարկը գանձվում: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ անշարժ գույքի բազմաթիվ գործակալություններ աշխատողների վերցնում են, որպեսզի որքան հնարավոր է շատ միջնորդական գործունեություն իրականացնեն: Մինչդեռ շատ անկանխատեսելի է նրանց գործունեությունը, որովհետեւ կարող է ամիս լինել, որ ընդհանրապես որեւէ գործարք չլինի, եւ կարող է ամիս լինել, որ մի քանի անգամ ավելի շատ գործարքներ լինեն: Այն փոփոխությունները, որոնք ամրագրել է օրենքը, կբերեն նրան, որ նախ, կարծում եմ, ստվերը կմեծանա: Այսինքն` գործակալությունները կսկսեն թաքցնել իրենց աշխատողներին, ավելին` պարզապես չեն ձեւակերպի, որ միջնորդական գործունեւություն է տեղի ունեցել: Երկրորդ` կառավարությունն այս գործակալություններին անուղղակիորեն ստիպում է, որ նրանք այլեւս չփնտրեն օրինական ճանապարհներ` անշարժ գույքի շուկայում ակտիվ գործունեություն ծավալելու համար: Մինչդեռ միջազգային պրակտիկայում կիրառվող նմանատիպ հարկատեսակների ժամանակ արդյունավետ մեխանիզմներ կան: Օրինակ` անշարժ գույքի առուծախի ժամանակ, քանի որ կիրառվում է նոտարական վավերացում, նոտարն ինքն է գանձում այդ հարկերի գումարը: Մյուս կողմից` մեխանիզմը, որ հիմա քննարկում ենք, կարծում ենք, որ պետք է համապատասխանեցվի ոլորտում գործող սուբյեկտների հետ, որպեսզի նրանք վստահ լինեն, որ խաղի այդ կանոններով արդար հարկման համակարգ է իրենց համար գործում, այլ ոչ թե, ինչպես շատ այլ դեպքերում, թաքնված աշխատատեղերի խնդիրներ են փորձում լուծել: Ես կարծում եմ` թե’ անշարժ գույքի գործարքների միջնորդական գործակալությունները, թե’ ստոմատոլոգներն արդարացիորեն պահանջներ են ձեւակերպել: Եվ ասեմ ավելին` միայն այդ երկու ոլորտները չեն` շուտով մենք կլսենք այլ ոլորտների մասին եւս նմանատիպ աղմուկ եւ կոչ կանեմ բոլոր սուբյեկտներին, որոնք արդեն նոր հարկման համակարգում են, ուշադիր դիտարկել օրենքի այն փոփոխությունները, որոնք իրենց հետ են առնչվում:
-Որո՞նք են այդ ոլորտները:
-Շրջանառության հարկի մասին օրենքն է, մաքսային օրենսգիրքն է, արտոնագրային վճարների մասին օրենքն է, եկամտային հարկի մասին օրենքն է` սրանք բոլորը փոփոխություններ են, որ, վստահեցնում եմ, ավելի խառնաշփոթ եւ ծանր վիճակ են ստեղծելու տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսի համար: Փոխանակ` հակառակը լիներ: Եվ ցավում եմ, որ, լինելով քաղաքական փոքրամասնություն, մենք չենք կարողանում, այնուամենայնիվ, արդյունավետ ազդեցություն ունենալ այս օրենքների ընդունման ժամանակ կամ դեպքում: Որքան էլ պայքարում ենք, վերջիվերջո, քաղաքական մեծամասնությունն իր թվաքանակով կարողանում է անցկացնել այս կամ այն օրենքի փոփոխությունը` առանց հաշվի առնելու հասարակական եւ տնտեսական զարգացման առանձնահատկությունները:
-Եթե, ամեն դեպքում, չստացվի Ձեր նշած մեթոդներով ու եղանակներով հասնել որոշակի փոփոխությունների` Սահմանադրական դատարան դիմելով, օրենսդրական նախաձեռնություններով եւ այլն, ի՞նչ եք մտադիր անել` պայքարելու համար նման օինագծերի եւ որոշումների դեմ:
-Կարծում եմ, որ հասարակությունը պետք է այս դեպքում այլեւս շատ ավելի ակտիվ լինի: Շատ դժվար է, երբ 5 հոգով պայքարում ես հսկայական համակարգի դեմ եւ չես տեսնում հասարակության աջակցությունը: Եթե քաղաքացին անտարբեր է իր իրավունքների նկատմամբ, ապա այդ դեպքում մենք չենք կարող ոչինչ անել: Իսկ այն ժամանակ, երբ ես փորձում եմ բարձրաձայնել ու պայքարում եմ քաղաքացու իրավունքների համար ու չեմ զգում քաղաքացու աջակցությունն իմ թիկունքում, հավատացե’ք` դա թուլացում է թե’ իմ պայքարը, թե’ վճռականությունը: Որովհետեւ դիմացի կանգնած պատը շատ ավելի հզոր է: Քաղաքացիների ընդվզումը պետք է լինի, բայց այդ ընդվզումը չպետք է արտահայտվի` ճամպրուկները հավաքելով ու Հայաստանը լքելով: Պահանջատեր քաղաքացին պետք է կանգնի եւ պահանջի իր իրավունքի իրացումը: Այդ ժամանակ, կարծում եմ, մենք` քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կկարողանանք նրանց իրավունքներն ավելի հստակ պաշտպանել եւ արդյունքների հասնել:
Հարցազրույցը` Գեւորգ ԱՎՉՅԱՆԻ