կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-20 20:15
Իրավական

Վիրավոր առյուծն ավելի վտանգավոր է. Կայարանցի Թևոսիկին թուլացնելու համար եղբորը չէին սպանի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկրորդ անգամ գնաց խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով վճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանն անսպասելի որոշում էր կայացրել այս գործի դատավարությունը վերսկսելու վերաբերյալ:

Այսօրվա դատական նիստում ռեպլիկով հանդես եկավ այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Նա իր խոսքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մովսես Ներսիսյանի դիակի չհայնտաբերելը դեռև չի նշանակում, որ նա սպանված չէ:

«Եթե անգամ 0.001 տոկոս հավանականություն կա, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, ապա այս դեպքում անգամ կան բոլոր նախադրյալները, որ Մոսվեսին սպանելուն ուղղված բոլոր դիտավորյալ գործողությունները կատարվել են: Իսկ եթե անգամ դիտահորը գցելուց հետո, պայմանականերեն ընդունենք, որ նա կարող է կենդանի է մնացել, ապա անմեղության կանխավարկածի գնահատմամբ, անգամ այս հանգամանքը մեղադրյալի օգտին մեկնաբանելուց հետո ակնհայտ է, որ առնվազն առկա է սպանության փորձի հանցակազմ՝ ի նկատի ունենալով, որ մահը վրա չի հասել հանցավորի կամքից անկախ հանգամանքերում»,-նշեց նա:

Ռեպլիկով հանդես եկավ նաև այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը: Վերջինս պնդեց իր նախորդ ճառում արտահայտած հիմնավորումներն ու պահանջեց դատարանից արդարացնել Իսրայել Սարգսյանին:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ հանդես եկավ վերջին խոսքով՝ նշելով, որ մեղադրող կողմի ներկայացրած փաստերը հիմնված են ենթադրությունների վրա:

«Ես, ճիշտն ասած, չէի ուզում վերջին խոսք ասեի, բայց, լսելով մեղադրողին, հասկացա, որ ինձ ուզում են էշի տեղ դնել: Չի կարելի հանրության մոտ ուղղակի  դնել՝ օրենքը բռնաբարել: Եթե մի բան ասվում է՝ պետք է հիմնավորվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այս գործով երեք մեղադրող է փոխվել:

Վերջին երկու մեղադրողները հանդես են եկել մեղադրական ճառով և Իսրայել Սարգսյանի համար 25 տարվա ազատազրկում պահանջել:

Համեմատելով այս գործով նախորդ մեղադրողի՝ Հայկ Հակոբյանի և նոր մեղադրողի՝ Արթուր Մանուկյանի ճառերը, նա նկատեց, որ միակ տարբերությունն այն էր, որ նոր մեղադրողը նախորդի ելույթից կես ժամ քիչ է ճառ ասել:

Ամբաստանյալի խոսքով՝ նախորդ դատախազը գոնե իր ճառում անդրադարձ կատարել էր հանցագործության շարժառիթին, իսկ այս մեկը՝ ոչ:

Հիշեցնենք որ, համաձայն մեղադրող դատախազ Հայկ Հակոբյանի ճառի՝ Իսրայել Սարգսյանը պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը՝ նրա եղբոր՝ Թևոս Սաֆարյանի դիրքերը շրջապատում թուլացնելու նպատակով:

Իսրայել Սարգսյանը մեղադրող կողմի այս շարժառիթը հերթական անգամ աբսուրդ որակեց՝ նշելով.

«Երբ առյուծին վիրավորում են, նա ավելի վտանգավոր է դառնում մարդու համար, քան ոչ վիրավորվածը: Արթուրին սպանելով Թևոսը չէր թուլանա: Արթուրն ինձ համար հարազատ մարդ էր, ոնց կարայի ես պատվիրել նրա սպանությունը»:

Իսրայել Սարգսյանն անդրադարձավ նաև այս գործով առաջին մեղադրող դատախազին:

«Ես հարց ունեմ Փանոսյանի հետ, ինքն է այս գործն ուղարկել դատարան, նա առաջին երկու ամիսը եկավ, էն Տիկոյին (հեղ. նկատի ունի գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանին) բերեց դատարան ու դրանից հետո չերևաց»,-ասաց նա, ապա անդրադարձավ Տիգրան Ասատրյանի կողմից իրենց խոսակցության ձայնագրությանը:

Պաշտպանական կողմը պնդում է, որ Իսրայել Սարգսյանն այս գործով վկա Աշոտ Բոլյանի խորհրդով է զրուցել է Տիգրան Ասատրյանի հետ, ասելով, թե իբր գիտի, թե ով է սպանել Արթուրին, որպեսզի համոզվի՝ Տիգրան Ասատրյանը կապ ունի հանցագործության հետ, թե ոչ: Տիգրան Ասատրյանն էլ գաղտնի ձայնագրել է իրենց խոսակցությունը և ձայնագրության մոնտաժված տարբերակը կրիչով փոխանցել իրավապահներին: Ամբաստանյալի խոսքով՝ հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Տիգրան Ասատրյանը հայտնել է, որ այդ կրիչի մեջ իր ալիբին է:

Նրա խոսքով՝ ալիբիի կարիք ունենում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան են թաքցնում և նախապես իրենց համար արդարացում են «ստեղծում»: «Ես ինքս էլ կարող էի ինձ համար բազմաթիվ ալիբիներ սարքել, կարող էի էնպես անել որ հանցագործության օրը գործի բերումով ինչ-որ վայրում լինեի, ինչ որ կազինոյում կամ գիշերային ակումբում, սարքեինք՝ իբր տեսախցիկներն էլ ֆիքսել են, բայց չեմ արել, քանի որ որևէ բանում մեղավոր չեմ»,-ասաց նա:

Իսրայել Սարգսյանը հրապարակեց նաև հեռախոսային խոսակցության այն հատվածը, որտեղ այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանը զրուցակցի մոտ հպարտանում է, որ ինքն անձամբ նախարարի /հեղ. խոսքը ՀՀ ոստիկանապետի մասին է, ում հաճախ, որպես ներքին գործերի նախարարար են անվանում/:

«Տիգրան Ասատրյանն էն անձնավորություն ա, ով նախարարի հետ գործ ունի: Դրա համար էլ մեղադրողը 25 տարի ա ուզում որովհետև նախարարն էլ ա խառնված էս գո8ծի մեջ»: Եզրափակելով իր վերջին խոսքն, Իսրայել Սարգսյանն ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ես պայքարելու եմ իմ արդարության համար ու պայքարելու եմ մինչև վերջ»:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ