կարևոր
3865 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-30 16:12
Հասարակություն

Փարաջանովի արվեստը՝ սիրո և ազատության խորհրդանիշ. նոր ֆիլմ Վենետիկի փառատոնում

Փարաջանովի արվեստը՝ սիրո և ազատության խորհրդանիշ. նոր ֆիլմ Վենետիկի փառատոնում

«Վենետիկի 81-րդ Կինոփառատոնի» շրջանակում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը, որը  մեծանուն կինոռեժիսորի արվեստի գնահատանքի յուրահատուկ ձև է։

Երեկ հայ կինոռեժիսորի տուն-թանգարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ֆիլմի ստեղծագործական անձնակազմը ներկայացրեց  ստեղծման գաղափարի, ֆիլմի կարևորագույն ուղերձի, նկարահանման հարապարակում ծագած խնդիրների և այլնի մասին։

Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին՝ Վենետիկում: Անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը և Զառա Ջյանը։

Սցենարի հեղինակ Զառա Ջյանի խոսքով՝  ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա, որի  կարևորագույն ուղերձն այն է, որ  պատմությունների ընթացքում չեն փոխվում ժամանակները և ժամանակի խնդիրները։

Ֆիլմը սկսվում է հեղինակի ժամանակակից ռեժիսորի որոշումից. կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ՝ լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։ Սա ֆիլմ-նվեր կարելի է համարել հայ կինոռեժիսոր Փարաջանովի 100-ամյակին, որի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ինչպես նաև Լատվիայում։ Պրոդյուսեր Անի Որսկանյանի խոսքով՝ ֆիլմի առանցքային կետը կարելի է համարել Փարաջանովի միջոցով  մեր այսօրվա խնդիրների բարձրաձայնումը։ 

«Ֆիլմի նկարահանումներն իրականացվում էին տարբեր վայրերում, ինչը արագ կողմնորոշում էր պահանջում. սա էր այն հիմնական խնդիրը, որը մենք ունեցել ենք»,- նշում է  պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանը:

Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով  կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն:

Զառա Ջյանը կարևոր համարեց նշել, որ ստեղծագործ մարդու ձեռքերը  միշտ պետք է ազատ լինեն նորը ստեղծելու համար, ինչպես դա անում էր Փարաջանովը նույնիսկ բանտում նստած ժամանակ։

«Թվում է, թե Փարաջանովը չէր սիրում կամ հարմարվում այն աշխարհի հետ, որտեղ ապրում էր, այդ է պատճառը, որ անընդհատ ստեղծում էր նոր գույներ»,- հավելում է պրոդյուսեր-սցենարիստը։  

Ֆիլմի վերջնամասում կարող ենք տեսնել, որ ռեալիզմը և Իլուզիոն աշխարհները հանդիպում են միմիյանց. Փարաջանովը ստեղծում էր գեղեցկություններ, որոնց մեջ ցանկանում էր ապրել։

«Վենետիկի միջազգային փառատոնի ղեկավարների հետ տեղի ունեցած զրույցից ինձ համար պարզ դարձավ, որ նրանք ստանում են տարեկան 15,000 և ավելի ֆիլմ, որից պետք է ընտրություն կատարեն, և պետք հպարտությամբ ասեմ, որ այդ մեծամաշտաբ քանակի մեջ մեր հայկական ֆիլմը ունեցել է հաջողություն», - հավելում է Շուշանիկ Միրզախանյանը։ 

Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը, ով հեղինակ է Փարաջանովի մի շարք ֆիլմերի։ 

Սա այն վավերագրական դրաման է, որի ընթացքում  անցյալն ու ներկան միահյուսված առաջ են շարժվում, որտեղ տեղ են գտել նաև այսօրվա արցախյան հիմնախնդիրները:

Իհարկե, ստեղծման ճանապարհին մեծ է դերասանական կազմի մասնակցությունը. փարաջանովական այս հռչակավոր աշխատանքում իրենց դերասանական խաղով մասնակցություն են ունեցել՝ Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Լորա Գուերրան, Ալի Խամրաևը, Լևոն Աբրահամյանը, Ժոել Շապրոնը, Թարսեմ Սինխը և, իհարկե, Փարաջանովը։

Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։

 

Սյուզի Դավթյան