Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած Բաքվի պաշտոնական առարկություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ Թուրքիան ներգրավված է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, որն ավարտվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակով, գրում է Nordic Monitor կայքը։
«Էրդողանի շարունակական արտահայտությունները մեծ աղմուկ են բարձրացրել. բանն այն է, որ Բաքուն ավելի վաղ փորձել է ընդգծել հակամարտության ընթացքում իր անկախ ռազմական հնարավորությունները: Թեև պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը լայնորեն հայտնի է, Անկարայի դերի շարունակական շեշտադրումը երկու մերձավոր դաշնակիցների միջև լուրջ լարվածություն է առաջացրել,-նշում է պարբերականը:
Ըստ Nordic Monitor-ի՝ դեռ օգոստոսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ նախագահ Էրդողանը վերստին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով. «Ադրբեջանական Ղարաբաղում, մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին լիովին ջախջախել ենք հակառակորդի ուժերին»։ Էրդողանի հայտարարությունը հնչել է ադրբեջանական պաշտոնական թերթի նախկին նմանատիպ հայտարարություններին արձագանքելուց անմիջապես հետո:
Օգոստոսի 1-ին հրապարակված ադրբեջանական թերթի խմբագրականում նշվում էր. «Մեր ժողովուրդը, բանակը և հրամանատարությունը հիասթափությամբ և խոր վշտով հետևում են մեր հաղթանակը յուրացնելու փորձերին, որն իրավամբ մերն է։ Ադրբեջանի հաղթանակը ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, բայց Թուրքիան դրա ճարտարապետը չէ»։
Խմբագրական հոդվածում քննադատության է ենթարկվել Թուրքիայում արված վերջին հայտարարությունները՝ Անկարային մեղադրելով 44-օրյա պատերազմի փաստերը խեղաթյուրելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նախազգուշացրել են, որ նման հայտարարությունները ձեռնտու են Հայաստանին:
«Մեր նախնիները մեզ սովորեցրել են, որ ձախ ձեռքը չպետք է իմանա՝ ինչ է անում աջ ձեռքը, և որ եղբայրները չեն պարծենում միմյանց օգնելով: Եթե նույնիսկ ենթադրենք, որ Թուրքիան մեր Հայրենական պատերազմի ընթացքում ցուցաբերել է բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքական և բարոյական, ինչո՞ւ պետք է Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ պետություններ ու տերություններ դա մանիպուլյացիաների համար հիմք օգտագործեն»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին մեջբերում Nordic Monitor-ը: