կարևոր
2449 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-31 12:43
Հասարակություն

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ. ցեղային զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ. ցեղային զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը տեղեկացնում է, որ հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ. ցեղային զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը․

«Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրաւական կենտրոնի հովանաւորութեամբ, հրապարակել է մանրամասն զեկոյց` անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին ցեղային զտումներին, որոնք պայմանաւորուած են Ազրպէյճանի երկարատեւ հակահայկական խտրական քաղաքականութեամբ: Զեկոյցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական յարձակումը եւ յաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացուած միջադէպեր չեն, այլ` հայերի դէմ խորապէս արմատացած կառուցային քաղաքականութեան գագաթնակէտ:

«Զեկոյցը տարբերակում է «ցեղային զտումներ» եւ «ցեղասպանութիւն» հասկացութիւնները` նշելով, որ, թէեւ ցեղասպանութիւնը սահմանւում է խմբին ամբողջութեամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրութեամբ, ցեղային զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում` բռնութեան եւ ահաբեկչութեան միջոցով: Արցախի դէպքում Եւրոպական խորհրդարանը եւ տարբեր փորձագէտներ իրադարձութիւնները դասակարգել են որպէս ցեղային զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաեւ ցեղասպանութեան յանցագործութեան վրայ` կապուած ծանր պայմանների եւ համակարգուած ոչնչացման սպառնալիքի հետ:

«Զեկոյցի ներկայացրած ապացոյցները ցոյց են տալիս, որ Ազրպէյճանի քաղաքականութիւնը, ներառեալ` շրջափակումը եւ ռազմական գործողութիւնները, արտացոլում են Արցախի հայկական ներկայութիւնը արմատախիլ անելու միտումնաւոր փորձ: 2022 թ. դեկտեմբերին սկսուած շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց` սահմանափակելով հիմնական ապրանքների եւ ծառայութիւնների հոսքը, ինչը յանգեցրեց սննդի, դեղորայքի եւ վառելիքի խիստ պակասի: Արդիւնքում առաջացած հումանիտար (մարդասիրական) ճգնաժամը յանգեցրեց համատարած թերսնուցման, առողջութեան վատթարացման եւ կրթական ու առողջապահական ծառայութիւնների խաթարման: Զեկոյցը մանրամասնում է, թէ ինչպէս են ազրպէյճանական ուժերը թիրախաւորել գիւղատնտեսական աշխատանքները եւ խոչընդոտել տեղական սննդի արտադրութիւնը` խորացնելով հայ բնակչութեան տառապանքը:

«2023 թուականի սեպտեմբերին սկսուած ռազմական յարձակումը աւելի սաստկացրեց ճգնաժամը: Զեկոյցը փաստում է, թէ ինչպէս է այդ յարձակումը, որ սկսուել է սաստիկ մարտերով եւ քաղաքացիական ենթակառուցուածքներին հասցուած համատարած վնասներով, յանգեցրել քաղաքացիական բնակչութեան զգալի զոհերի եւ տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական յանցագործութիւնների, այդ թւում` հայ խաղաղ բնակչութեան խոշտանգումների եւ անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են յարձակման դաժանութիւնը եւ այդպիսի գործողութիւնների նշանակութիւնը Արցախից հայ բնակչութեան բռնի տեղահանման գործում:

«Զեկոյցը նաեւ ընդգծում է հայկական մշակութային եւ կրօնական վայրերի շարունակական ոչնչացումը Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից, որոնք համակարգուած ձեւով ջնջում են հայկական հետքերը: Այս աւերումը ներառում է եկեղեցիների, պատմական յուշարձանների եւ խաչքարերի ոչնչացումը, ինչպէս նաեւ` հայկական մշակութային հետքերը վերացնելու համար յուշարձանների էութեան նենգափոխումը: Զեկոյցը պարունակում է արբանեակային պատկերներ եւ փաստաթղթեր այնպիսի կազմակերպութիւններից, ինչպիսին է «Caucasus Heritage Watch»ը, ինչը ցոյց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտուած է միջազգային կառոյցների կողմից, ինչպէս` ԵՈՒՆԵՍՔՕ-ն եւ Եւրոպական խորհրդարանը:

«Զեկոյցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը եւ շրջափակման ազդեցութիւնը արտացոլում են ազրպէյճանական հասարակութեան մէջ հակահայկական տրամադրութիւնների աւելի լայն օրինաչափութիւն: Այն նկարագրում է, թէ ինչպէս է ազրպէյճանական պետական հռետորաբանութիւնը, ներառեալ` հակահայկական բռնութեան հերոսացումը եւ հայերի նուաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման եւ խտրականութեան միջավայր: Այս միջավայրը յաւերժացուել է պետութեան կողմից աջակցուող նախաձեռնութիւնների միջոցով, ինչպիսին է Բաքուի «Ռազմաւարի պուրակ»-ը եւ ընկերային ցանցերում տարածուող հակահայկական ատելութեան խօսքը:

«Աւելի՛ն. զեկոյցում նշւում է, որ Ազրպէյճանի իշխանութեան տակ գտնուող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառեալ` քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանաւորումը եւ հակահայկական բռնութեան շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրաւունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է, որ հայկական մշակութային ինքնութեան համակարգուած ժխտումը եւ մշակութային ժառանգութեան վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայութիւնը վերացնելու Ազրպէյճանի աւելի լայն ռազմավարութեան անբաժանելի մասն է:

«Զեկոյցը հասանելի է հետեւեալ յղմամբ: https://iclaw.am/downloads/Artsakh-Nagorno-Karabakh-A-Case-Study-in-Ethnic-Cleansing.pdf

«Եզրափակիչ մասում զեկոյցը կոչ է անում միջազգային գործողութիւններ ձեռնարկել այս խախտումները վերացնելու համար` ընդգծելով տեղահանուած հայ բնակչութեանն աջակցութեան անհրաժեշտութիւնը: Այն նաեւ ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը, մարդու իրաւունքների կոպիտ խախտումների եւ Ազրպէյճանում հաստատութենական խտրականութեան հետ մէկտեղ, շարունակական վտանգ է ներկայացնում արցախահայութեան համար եւ ընդգծում է միջազգային միջամտութեան հրատապութիւնը` կանխելու հետագայ վայրագութիւնները եւ աջակցելու հայերի իրաւունքների եւ ժառանգութեան վերականգնմանը»: