կարևոր
3121 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-13 19:01
Հասարակություն

1.000.000 դոլար ներդրում. Ճապոնիայի կառավարության և UNDP Armenia-ի կողմից աղետի գոտում տեղադրվել են MARQUIS բրենդի բարձրորակ էներգախնայող պոմպեր

Հուլիսի 15-ին, Ն․Գ․ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ընկերակցությամբ, այցելել է Լոռու մարզի Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման պոմպակայաններ՝ տեղում ծանոթանալու Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Լոռու եւ Շիրակի մարզերում՝ բարձրացված արտադրողականության, պարենային անվտանգության և բարելավված կենսապահովման համար» ծրագրի արդյունքներին։

Այցին մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ճապոնիայի դեսպանության և ՄԱԶԾ ծրագրի պատասխանատուներ, և «ՏԱՄՍԱՄ» ընկերության ղեկավարությունը։

Այցի ընթացքում Ճապոնիայի դեսպանին ներկայացվել են արդիականացված ոռոգման պոմպակայանները, որտեղ տեղադրվել են էներգաարդյունավետ պոմպեր և 450կՎտ հզորությամբ արևային կայաններ, որի արդյունքում Լոռու մարզի պոմպակայաններում էներգիայի ծախսերը կրճատվել է 90 տոկոսով, իսկ մեկ խորանարդ մետր ոռոգվող ջրի ինքնարժեքը նվազել է 41 տոկոսով։ Նոր էներգաարդյունավետ պոմպերի շնորհիվ ոռոգման համար տրամադրվող ջրի ժամաքանակն ավելի քան կրկնապատկվել է՝ նախկին չորս ժամվա փոխարեն հասնելով 8-12 ժամի։ Արդիականացված պոմպակայանները հնարավորություն են տալիս նախկինում ոռոգելի հողերի 1900 հեկտար տարածքն ավելացնել ևս 200 հեկտարով։ Ծրագրի շրջանակներում արդիականացվել է նաև Շիրակի մարզի Բենիամին պոմպակայանը, որտեղ էներգիայի ծախսերը կրճատվել է 100 տոկոսով:

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով նոր պոմպերի հզորությունը, հնարավոր է դարձել Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Ճոճկան-1 պոմպակայանի խողովակաշարը վնասվելու պատճառով խաթարված ոռոգելի տարածքների ջրտուքը կազմակերպել Այրում-Ճոճկան պոմպակայանի միջոցով։

Հյուրերին ներկայացվել է նաև Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման համակարգերի և ոռոգվող տարածքների տվյալների թվայնացված բազան՝ հիմնված աշխարհագրական- տեղեկատվական (GIS) համակարգի վրա։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ և տեսանելի իրականացնել ոռոգման գործընթացը, բացահայտել ջրի կորուստները և պատճառները՝ մշակելով հստակ լուծումներ և հստակեցնելով շահառուների կողմիրց մշակվող հողահանդակների և այգիների տարածքները, տեսակները, և շահառուների ընտանիքների թվաքանակն ըստ սեռատարիքային առանձնահատկությունների։

Ն․Գ․ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, ՀՀ կառավարության պաշտոնյաները գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների վերաբերյալ և հույս հայտնել, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն և կիրականացվեն նաև Հայաստանի այլ մարզերում։