Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարի աղետի գոտում շուրջ 3800 ընտանիքի բնակարաններ են հատկացվել, 380 ընտանիք ստացել են ֆինանսական աջակցություն, եւ 2014 թվականի ծրագրով նախատեսված է, որ եւս շուրջ 1280 ընտանիք կապահովվի բնակարաններով. լրագրողներին այսօր այս թվերը ներկայացրեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը` անդրադառնալով աղետի գոտում բնակարանաշինության հարցերին:
Իսկ անօթեւաններին հատկացվելիք լրացուցիչ 420 բնակարանների շինարարական աշխատանքները, հավաստիացրեց նախարարը, կավարտվեն 2015 թվականին: Աղետի գոտում անօթեւանների խնդիրը հատկապես սուր է Գյումրու տարածաշրջանում, իսկ Լոռու մարզում անօթեւանները բնակարաններով ապահովվել են: Այնտեղ, ըստ Սամվել Թադեւոսյանի, բաց են մնացել գյուղական բնակավայրերում իրականացված աշխատանքները, եւ համաձայն ժամանակացույցի` այս տարի կառուցապատողն ամբողջությամբ պետք է ավարտի աշխատանքները:
Լրագրողների դիտարկմանը պատասխանելով, թե Վանաձորում դեռ երկու տնակային թաղամասեր կան' յուրաքանչյուրը 50-ական բնակչով, Սամվել Թադեւոսյանը նշեց. «Նախ' ես ձեզ ասեմ, մենք անընդհատ շեշտում ենք աղետի գոտի: Ճիշտ է' բոլորս էլ ընդունում ենք, բոլորս էլ հասկանում ենք աղետի գոտու հետ կապված հարցերը, բայց ընդամենը ես հիմա թիվ եմ ուզում հնչեցնել, որ մեր մանրամասն վերլուծության արդյունքն է` երկրաշարժի ժամանակ պետությունը, որպես բնակֆոնդ, կորցրել է շուրջ 4.1 միլիոն քառակուսի մետր: Եվ պետությունը 4.1 միլիոն քառակուսի մետրից ավելի բնակտարածք է արդեն հատկացրել անօթեւաններին: Այսինքն' մեզ մոտ ինչո՞ւ է անընդհատ անօթեւանների հարցը բարձրանում...»:
Հետո նա պատասխանեց իր իսկ հնչեցրած հարցին ու նշեց, թե, ընդհանուր առմամբ, երկրաշարժից հետո մինչ այսօր, բնակարաններով ապահովվել են շուրջ 60 հազար անօթեւան ընտանիքներ: Ուղղակի տարիների ընթացքում ընտանիքները տրոհվում են, առանձին ընտանիքների են վերածվում, ու թեման շարունակվում է, թե աղետի գոտում դեռ անօթեւան ընտանիքներ կան:
«Բայց մենք նաեւ բարոյական իրավունք չունենք` մնացած շրջաններին չնայելու, չէ՞ որ մնացած շրջաններում էլ, Երեւանում էլ, բոլոր մարզերում էլ անօթեւանների խնդիր ունենք այսօր»,- եզրափակեց Սամվել Թադեւոսյանը: