Այսօր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով:
Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք է ստացել հեղափոխությանը նվիրված ցուցասրահ ունենալու գաղափարը, և արդյո՞ք հաշվի են առնվել հանրության քննադատությունները, որ դեռ շուտ է նման ցուցասրահ կամ ցուցադրություն ունենալ: Ի պատասխան Մակունցը նշեց, որ հեղափոխությանը նվիրված ցուցադրությունն արդեն իսկ կազմակերպվել է: «Այդ ցուցադրությունը կազմակերպվել էր սեպտեմբեր ամսին Հայաստանի պատմության թանգարանում: Ցուցադրությունը ժամանակավոր է եղել, տևել է մեկ ամիս: Ի դեպ, սա առաջին ցուցադրությունը չէ, և մեր հիմնական շեշտադրումը եղել է վիդեոարտի վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 10-ին Մակունցը ֆեյսբուքյան իր
էջում գրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Հայտարարությունը բավականին քննադատությունների արժանացավ, քանի որ շատերը կարծում էին, որ դեռ վաղ է նման ցուցասրահ ունենալու համար: Ավելի ուշ Մակունցը պարզաբանել էր, որ խոսքը ժամանակավոր ցուցադրության մասին է:
Իսկ օգոստոսի 16-ին
Yerkir.am-ի հետ զրույցում
Մակունցը հայտնել էր, որ սրահը, որը տրամադրվելու էր Հայաստանի պատմության թանգարանի կողմից, բավականին փոքր և անհարմար էր, իսկ այլ սենյակ առանձնացնել այս պահին չէին կարող: Մեր հարցին, թե արդյո՞ք այս տարի ցուցասրահը կբացվի, նախարարը պատասխանել էր, որ իրենք կփորձեն ամեն ինչ անել, որ այս տարի լինի: «Սակայն չենք կարող չեղարկել կամ հետաձգել այն ցուցադրությունները, որոնք այս տարի նախատեսված են կամ ընթացքի մեջ են: Հնարավոր է նաև, որ ցուցադրության կազմակերպման վայրի հետ կապված նույնպես մրցույթ հայտարարվի»,- ասել էր նախարարը:
Իսկ թե ինչպես են բոլոր խնդիրներն արագ լուծվել, որ մեկ ամիս անց` սեպտեմբերին, ցուցադրությունը կազմակերպվել է, հայտնի չէ: