կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-02 20:00
Հասարակություն

Սպանդարյան համայնքում վերաբացված ֆուտբոլի մարզադաշտը կրում է Հենրիխ Մխիթարյանի հոր` Համլետ Մխիթարյանի անունը

Սպանդարյան համայնքում վերաբացված ֆուտբոլի մարզադաշտը կրում է Հենրիխ Մխիթարյանի հոր` Համլետ Մխիթարյանի անունը

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին բացվեց Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ:Լրագրողների հետ զրույցում Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ է բացվել մարզադաշտը, որի համար ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ: «Աշխատանքները սկսել են իրականացվել 2017 թվականից: Մարզադաշտը կառուցվել է դեռ 1980-ական թվականներին»,- նշեց համայնքապետը: Նրա խոսքով` այն ժամանակվանից ի վեր ցանկապատն ամբողջությամբ քայքայվել էր, սակայն այժմ այն վերականգնել են: Այժմ մարզադաշտի կողքին կառուցվել է նաև հանդերձարան, որտեղ առկա են բոլոր հարմարությունները:

Մարզադաշտի բացմանը ներկա էին համայնքի բնակիչները, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հենրիխ Մխիթարյանի ժամանելուն պես Սպանդարյան համայնքի բոլոր երեխաները դիմավորեցին նրան «Հենո, Հենո, Հենո» վանկարկումներով:

«Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում, և այս պահին էմոցիաներս շատ են, մի փոքր էլ հուզված եմ: Հույս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կլինեն»,- ասաց Մխիթարյանը:

Շիրակի Մարզպետը վստահություն հայտնեց, որ այս մարզադաշտի բացումից հետո Սպանդարյանից անվանի ֆուտբոլիստների մասին դեռ կլսի:Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ֆուտբոլային հանդիպում Սպանդարյանի «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև: