Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում օր-օրի Սոցինտերնին տեղյակ ենք պահել տարբեր իրադարձությունների մասին, ինչպիսիք են Թուրքիայի միջամտությունը և կարևոր ներդրումը Ալիևի հարձակումներին, Սիրիայից ծայրահեղական խմբավորումների անդամներ բերելը, որ ջարդ կազմակերպեն հայ ժողովրդի դեմ և այլն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը։
«Թեև մենք բավարարված չենք այն հայտարարությամբ, որ պատերազմի ընթացքում արեց Սոցինտերնը՝ երկու կողմերին նույն ձևով ներկայացնելով, սակայն պատերազմից հետո, մանավանդ վերջին ժամանակներում մենք զեկույցներով և բանավոր հայտարարություններով Սոցինտերնին տեղեկացնում ենք գերիների վիճակի և սահմանին տեղի ունեցող պարբերական հարձակումների և սպանություների մասին։ Դժբախտաբար, մինչև այսօր այս ուղղությամբ բացահայտ հայտարարություն չի եղել, սակայն մենք դա հետապնդում ենք»,-վստահեցրեց Մարիո Նալբանդյանը։
Հայաստանը թույլ տվեց, որ դեպի Իրան ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր տեղադրեն՝ այս կերպ փաստացի կորցնելով այդ ճանապարհը, հիմա էլ խոսվում է Տավուշով դեպի Վրաստան միջպետական ճանապարհի կարևոր հատվածը Ադրբեջանին զիջելու մտադրության մասին․ Մարիո Նալբանդյանը համամիտ է, որ Հայաստանն այս պարագայում ավելի մեծ շրջափակման մեջ կհայտնվի, ոչ թե կբացվեն հաղորդակցական ուղիները։
«Զրկվելով դեպի Իրան և Վրաստան ճանապարհներից՝ Հայաստանը զրկվում է կոմունիկացիոն իր սեփական շահերի համար ունեցած հնարավորություններից և ձեռքերը ծալած հանձնվում է էրդողան-Ալիև տանդեմին։ Սրան պետք է վերջ դնել, Հայաստանի վարչակազմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները, պետք է կանգնի իր թշնամիների առջև ճիշտ ձևով»,-ընդգծեց Մարիո Նալբանդյանը։
Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, մեծ հարցականներ կան, նշեց նա, թեև 2018-ի իշխանափոխության ժամանակ գործող ղեկավարը հրաժարական տվեց և խաղաղ միջոցներով թույլ տվեց, որ իշխանափոխությունը տեղի ունենա, սակայն մանավանդ Եվրոպայի շրջանակներում պարզ է, որ այսօրվա իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, գնում է ազատազրկումների ճանապարհով։
«Այդ ազատազրկումները ՏԻՄ վերջին ընտրությունների հետ սկիզբ չառան․ երկար ժամանակ սա տեղի է ունենում անցյալ ունեցող, ճանապարհ անցած մարդկանց հանդեպ։ Պարզ էր, որ սա պետք է դառնար բռնատիրական կարգերի պրոցեսի սկիզբը։ Բռնատիրական կարգերը, հավանաբար, պահանջ են Փաշինյանի իշխանության համար, որովհետև նրանք հիմա պիտի իրականացնեն այլ ծրագիր, հիմա ծրագիրը կապված չէ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ, թելադրված ծրագիրը, որի համար Փաշինյանը և իր վարչակազմը առաջ կգնան միջազգային հանրության «ծափահարումերով», վերջիվերջո պետք է հանգեցնի լուրջ հարցերի Հայաստանի համար»,-ասաց Մարիո Նաբանդյանը։
Նա նկատեց, որ տարուց ավելի ընդդիմությունը փողոցներ իջած իր խոսքն է արտահայտում, բայց արդյունքը գոհացնող չէ, պետք է ընդդիմությունը հավաքվի և հասկանա՝ ինչ նոր միջոցների կարող է դիմել։
«Հակառակ դեպքում սա հղի է վտանգներով՝ Հայաստանը կզրկվի ոչ միայն իր կարևոր հողերից, այլ նաև միջազգային հանրության շրջանում կզրկվի ունեցած վարկից։ Որովհետև պիտի ընդունենք, որ Հայաստանի վարկանիշը միջազգային շրջանակներում բարձր է եղել, բայց այսօր և՛ իր քաղաքականությամբ, և՛ իր հիմնական ներկայացուցիչներով Հայաստանի վարկանիշը անկումի մեջ է և սա մեզ մեծ վնաս է հասցնում։ Մասնավորպես, մեր հարևանները՝ Ադրբեջանը և Թուրքիան, պատրաստ են Հայաստանի վրա գործել ամեն տեսակ անարդարություն, հողային իրենց պահանջների ախորժակը օրըստօրե բարձրանում է և Հայաստանը համարժեք պատասխան չի տալիս։ Սա ՀՀ արտաքին քաղաքականության ձախողումի արտահայտությունն է»,-վստահ է Մարիո Նալբանդյանը։
Ադրբեջանի ներսում այսօր խնդրահարույց են մարդու իրավունքների ու քաղաքացու նվազագույն իրավունքների վիճակը՝ նշեց նա։
«Պարզ է, որ Սոցինտերնը անտարբեր չէ և իր միջոցներով այդ բողոքը հարցրել է Ալիևին, որ այս վիճակը չի կարող շարունակվել»,-ասաց Մարիո Նալբանդյանը։
Թուրքիայի վերաբերյալ վերջին տարիներին Սոցինտերնը հայտարարություններով, նույնիսկ գլխավոր քարտուղարի այցելությամբ ամենաբարձր մակարդակով հանդիպումներ է ունեցել՝ պահանջելով քաղբանտարկյալների իրավունքների հարգում։
«Ավելին ասեմ, երբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդը բանտարկվեց 6-7 տարի առաջ, Սոցինտերնը քարոզարշավ սկսեց տարբեր երկրներում, որ այդ բանտարկությունը ապօրինի է և քրդամետ կուսակցության առաջնորդը պետք է ազատ արձակվի»,-ասաց Մարիո Նալբանդյանը։
Չհաջողվեց, նշեց նա, ընդհակառակը, Էրդողանի ռեժիմը ոչ միայն նրան է բանտում պահում, այլև ավելացրել է այդ կուսակցության անդամների բանտարկությունները և նաև ժողովրդավարական կարգեր հետապնդող այլ գործիչների է բանտարկել։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․