Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ն սկսել է վերանայել Վրաստանի հետ համագործակցության բոլոր ծրագրերը՝ հույս ունենալով փոխել երկրի ռազմավարական կուրսը։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։ «Հույս ունենք՝ ականատես կլինենք Վրաստանի կառավարության կողմից իրականացվող ռազմավարական կուրսի փոփոխությանը։ Բայց այս պահին Վրաստանի հետ համագործակցության մեր բոլոր ծրագրերը դրված են վերանայման» - նշել է նա։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր՝ 2024 թ-ի ամռանը նախատեսված ԱՄՆ-ի եւ Վրաստանի զինված ուժերի Noble Partner համատեղ զորավարժությունները «հետաձգվում են անորոշ ժամկետով՝ ռազմավարական հարաբերույթունների վերանայման պատճառով»: Ճիշտ է, դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն հետ չի կանչել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հրավերը՝ մասնակցելու հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերութույններում խնդիրները սկսեցին ի հայտ գալ, երբ Թբիլիսին հրապարակավ մեղադրեց Վաշինգտոնին, որ «Վրաստանին դրդում են բացել «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը», եւ երբ Վրաստանի խորհրդարանը, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, օրենք ընդունեց օտարերկրյա գործակալների մասին, որը ամերիկացիներն ու նրանց արեւմտյան գործընկերները չգիտես ինչու անվանում էին «ռուսական» եւ «օկուպանտ»: Սակայն կառավարությունը չի դանդաղեցրել ակտիվության տեմպերը, ներկայացրել է օրենքների փաթեթ, որոնք ուղղված են ընտանեկան արժեքների պաշտպանությանը եւ ԼԳԲՏ քարոզչության կանխմանը։ Թբիլիսիին զայրացրել է նաեւ ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի անզիջում միջամտությունը, որը բացահայտ եւ կտրուկ քննադատել է կառավարության քաղաքականությունը՝ հանդես գալով գրեթե գլխավոր ընդդիմադիր վրացի քաղաքական գործչի դերում: Ավելին, Վաշինգտոնն ու Բրյուսելը գրեթե բացահայտ հայտարարում էին, որ հեղաշրջում են նախապատրաստում Վրաստանում։ Այսպես, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արդեն հիմա ասում է՝ «ապագա քվեարկության ընթացքում ընտրակեղծիքների մակարդակն աներեւակայելի բարձր կլինի», իսկ վրացի ընդդիմադիր Գեորգի Ռուխաձեն այժմ նույնպես կոչ է արել ցուցարարներին «հավաքվել հոկտեմբերի 26-ի երեկոյան (ընտրությունների օրը) Թբիլիսիի կենտրոնում»:
Բայց այս ամենը միայն «այսբերգի գագաթն է»: ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների խնդիրների պատճառներն ավելի խորն են։ Շատ ամերիկացի փորձագետների կարծիքով՝ Սպիտակ տունը Թբիլիսիի նկատմամբ «շատ լուրջ սխալներ է թույլ տվել»: Նրանք պնդում են՝ Վրաստանը «երկար ժամանակ եղել է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ծայրամասում, քանի որ ԱՄՆ-ում վստահ էին՝ Վրաստանը երբեք չի գնա Ռուսաստանի հետ մերձեցման Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատճառով»: Ավելին, այն բանից հետո, երբ 2008ի օգոստոսի կովկասյան պատերազմից հետո որպես ֆինանսական օգնություն ԱՄՆ-ը Վրաստանին հատկացրեց 2,5 մլրդ դոլար, նրանք սկսեցին նրա հետ հարաբերություններ կառուցել «սյուզերեն-վասալ» սկզբունքով՝ սիրաշահելով նախկինում հայտարարված քաղական եւ ռազմավարական գործընկերության ոգին։ Իշխանության եկած «Վրացական երազանքը» դա սուր զգաց եւ փորձ արեց ԱՄՆ-ի հետ իր հարաբերույթունները ներդնել Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Ի դեպ, այդ սկզբունքի վրա էր հիմնված «Վրացական երազանքի» կառավարության եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջեւ դաշինքը։ Բայց երբ Թբիլիսիում հասկացան, որ ԱՄՆ-ն երկրներին նախապատրաստում է «այլ բանի» եւ իմաստ չունի քաղաքական ազդեցության մեխանիզմներ կառուցել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա, իսկ հետո դե ֆակտո սառեցրեց երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ սկսեց շրջադարձ նախատեսվել Ռուսաստանի հետ համագործակցության ուղղությամբ։ Ուկրաինայի ճգնաժամը սկսեց ամրապնդել այդ կուրսը, իսկ Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրելն արդեն ուշացած էր։
ԱՄՆ-ը եւ նրա արեւմտյան գործընկերները Վրաստանին մեղադրում են «ռուսամետ շրջադարձի» մեջ, եւ դրա համար լուրջ հիմքեր կան։ 2008-ից հետո Թբիլիսին չի դադարեցրել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչը վրացական բիզնեսի համար պայմաններ է ստեղծել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նկատմամբ իր դիրքորոշումը որոշելու եւ Մոսկվայի դեմ պատժամիջցներին միանալուց հրաժարվելու համար։ Բացի այդ, Վրաստանը սեփական մոտեցումներն ունի Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի եւ Բելառուսի հետ համագործակցության հարցում, որոնք չեն համընկնում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի երկրների շահերի հետ։ Մի խոսքով, ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում սառեցման գլխավոր պատճառ համարել միայն օտարերկրյա գործակալների կամ ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքները , դա իրավիճակը պարզեցնել է։
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ իրեն կհաջողվի Վրաստանում խաղարկել երկգույն ներքաղաքական օրակարգի «խաղաքարտը», փողոցներում դուրս մղել գլխավոր մրցակիցներին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը եւ նախկին նախագահ Սահակաշվիլիի կողմնակիցներին, որոնք խմբավորված են «Միասնական ազգային շարժման» շուրջ, որը փաստացի գլխավորել է Զուրաբիշվիլին: Այս ուժերը միավորվելու են 2024 թ-ի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պայքարում։ Ընդ որում, արտաքուստ կարող է թվալ, թե խոսքը վրացական ներքին «ռազբորկաների» մասին է, չէ՞ որ վրացական իշխանությունները չեն շտապում հրաժարվել արեւմտամետ վեկտորից։ Բայց իրականում իրադարձությունների ընթացքում առաջնայինն աշխարհաքաղաքականությունն է, քանի որ Վրաստանի դերը տարածաշրջանում նկատելիորեն բարձրանում է։ Ճիշտ է, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հուլիսի 4-ին ելույթ ունենալով Թբիլիսիում ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ ամերիկյան դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ, հայտարարել է՝ «ամերիկա-վրացական հարաբերույթունները վերաբեռնման կարիք ունեն»՝ նշելով՝ «դա Թբիլիսիի ցանկությունն է»: Նա նաեւ ընդգծել է՝ Վրաստանը պատասխան գործողությունների է սպասում ԱՄՆ-ից եւ սպասեց: ԱՄՆ - ի որոշումը՝ սկսել վերանայել Վրաստանի հետ համագործակցության բոլոր ծրագրերը՝ նրա ռազմավարական կուրսը փոխելու նպատակով, քայլ է իրավիճակի սրման ուղղությամբ։
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ iarex.ru-ի