Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` Ադրբեջանում, որպես այդպիսին, ոչ մի ընտրություն էլ տեղի չի ունենում: «Ընտրությունն այն է, երբ գործընթացը հայտնի է, արդյունքները` ոչ, իսկ նրանց մոտ հակառակն է` բոլորն էլ հասկանում են, թե այնտեղ ով կլինի նախագահ»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի` Ադրբեջանում գոյություն չունի քաղաքական ընդդիմություն, Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքյան գրառման համար մարդիկ բանտ են նստում, այդ երկրում քաղաքական հռետորությունը գրեթե ոչնչացված է:
Իսկանդարյանի կարծիքով` այս ընտրություններից հետո որևէ փոփոխություն չարժե սպասել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում: «Արցախյան խնդիրը կմնա այնպես, ինչպես հիմա է. Մինսկի խմբի համանախագահ երկրները կշարունակեն աշխատել ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ, Հայաստանն ու ԼՂՀ-ն կշարունակեն աշխատել զինված ուժերի կատարելագործման ուղղությամբ, Ադրբեջանը դուրս չի գա բանակցային գարծընթացից, կհամատեղի այդ գործընթացը ժամանակ առ ժամանակ սահմանին տեղի ունեցող սրացումների հետ և այլն»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի` այն, ինչ այսօր կատարվում է սահմանին, օրինաչափ է, քանի որ դա Ադրբեջանում կայացված ռազմավարական որոշում է: «Այդ ռազմավարությունը երկարաժամկետ է, հարցական է միայն այն, թե որքան հաճախակի և որքան ուժեղ կլինեն այդ սրացումները, որքանով սահմանային դեպքերը կնվազեն կամ կավելանան»,- ասաց նա:
Խոսելով օրեր առաջ նախիջևանյան հատվածում իրավիճակի սրման մասին` Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ լուրջ ռազմական գործողություններ չի ձեռնարկի: «Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 անգամ նվազել է, ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել են հատուկջոկատայինների կեսին, իսկ նոր հատուկջոկատայինների պատրաստումը թանկ հաճույք է: Ադրբեջանում բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում` սոցիալական, տնտեսական»,- նշեց նա` հավելելով, որ դրանից է կախված, թե ինչպես կզարգանա իրավիճակը սահմանին:
Համեմատելով նախորդ տարվա սահմանային լարվածության հետ` Իսկանդարյանը նշեց, որ այս տարի սահմանին կորուստները նվազել են: