կարևոր
3397 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-27 11:20
Քաղաքական

Երկկողմ ֆորմատով անհնար կլինի հրադադար վերահսկել․ «Հրապարակ»

Երկկողմ ֆորմատով անհնար կլինի հրադադար վերահսկել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունների վերջին շաբաթների հայտարարությունները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանի թմբկահարած խաղաղության դարաշրջանն այդպես էլ չգալով` մնաց անցյալում: Որքան իշխանությունը փորձում է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, որքան շատ են տալիս, այնքան նրա ախորժակը մեծանում է, եւ այսօր Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ հնարավոր պատերազմի վերաբերյալ SOS հնչեցնելու մասին է։ Մոտ 10 օր առաջ ՀՀ ԱԳՆ-ն գուժեց, որ Ադրբեջանի գործողությունները հուշում են, թե նոյեմբերին` COP 29-ից հետո, ագրեսիա է իրականացնելու, իսկ նախորդ շաբաթ Փաշինյանն Ադրբեջանին տարօրինակ առաջարկով դիմեց՝ ձեւավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ, որը մասնագիտական շրջանակները բնորոշում են որպես Ադրբեջանի համար անընդունելի առաջարկ, որով ՀՀ իշխանություններն ընդամենը փորձում են հերքել մի բան, ինչը հերքման կարիք չունի, եւ դա Ադրբեջանն էլ լավ գիտի` պարզ է, որ հայկական կողմը չէ կրակողը։ 

Հունիսի 15-ին Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Փաշինյանը բարձրաձայնեց այդ առաջարկի մասին։ Կառավարությունից էլ նշեցին, որ չնայած ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է նման տեղեկատվություն տարածել, եւ ՀՀ կառավարության աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ եւ սկսել դրա գործնականացման աշխատանքներ։ Երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը մինչ այս պահը չի պատասխանել այդ առաջարկին։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթն են ստացել, սակայն պայմանագրի ստորագրման հարցում չկա վերջնական համաձայնություն։ Սա նշանակում է, որ պայմանագիրը գրվում է սառույցին, փոխարենը հայկական կողմը պատերազմի կանխման քաղաքականություն է վարում՝ փորձելով ադրբեջանական տեղեկատվական արշավի դեմն առնել եւ հավաստիացնել, որ Հայաստանը չի պատրաստվում հրադադարի ռեժիմը խախտել։

Ուշագրավ է, որ Հարավային Կովկասում եւ Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անմիջապես ողջունեց Հայաստանի այս առաջարկն ու ընդգծեց, որ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով 15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում եւ պատրաստ է կիսել իր փորձը։ ԵՄ ներկայացուցչի հայտարարությունն առնվազն տարակուսելի է, չէ՞ որ մոտ մեկուկես տարի է՝ Հայաստանում գործում է ԵՄ դիտորդական առաքելությունը, որը կոչված է արձանագրել սահմանային միջադեպերը, դիտարկել դրանք, փաստել, թե որ կողմն է նախահարձակ եղել։ Այժմ էլ Հայաստանում 200-ից ավելի դիտորդներ են տեղակայված, ՀՀ իշխանություններն էլ նրանց ուռա-բացականչություններով հյուրընկալեցին՝ հավաստիացնելով, որ դիտորդները չեն կանխի կրակելը, բայց կմեծացնեն տարածաշրջանային անվտանգությունը` իրենց ներկայությամբ կնպաստեն խաղաղությանը։ Կյանքը ցույց տվեց, որ ո՛չ մեկն արեցին, ո՛չ մյուսը: Բացառապես Ռուսաստանի «ինադու» Հայաստանում հայտնված եվրադիտորդները գոնե հստակ գնահատականներ չեն հնչեցնում սահմանային խախտումների վերաբերյալ։

Պատահական չէ, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժեց դիտորդների մուտքն իր տարածք։ Արդյունքում Հայաստանն էլ ավելի փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ դիմացը ոչինչ չստանալով, եւ դրա մասին է վկայում Փաշինյանի վերոնշյալ առաջարկը։

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ձեւակերպմամբ՝ հրադադարի ամենալավ մեխանիզմն ուժեղ լինելն է, հզոր բանակ ձեւավորելը, ինչը Հայաստանը չի անում եւ խաղաղության պատրանք ստեղծելով` իրականում միակողմանի զիջումների է գնում։ Օհանյանը կասկած չունի՝ Ադրբեջանն այս առաջարկն էլ է մերժելու, ինչպես զորքերը հայելային հետ քաշելու Փաշինյանի առաջարկը մերժեց: Ադրբեջանը հաղթել է 20 թվականին եւ շարունակում է ուժի միջոցով հասնել իր ուզածին, եւ դրան հակազդելու մեկ ճանապարհ կա՝ զինել բանակը․ «Մինչդեռ մենք տեսնում ենք խաղաղության խաբկանքի տակ` միակողմանի զիջումներ, Հայաստանը միակողմանի հետ քաշեց զորքը Տավուշում, սահմանազատման անվան տակ գնաց միակողմանի զիջումների»։ «Նման պայմաններում նման առաջարկով հանդես գալը նշանակում է, որ մեզ մոտ մտահոգություններ են առաջացել, որ որոշ ժամանակ հետո կարող է ագրեսիա լինել, խոսվում է նոյեմբերից հետոյի մասին։ ՀՀ իշխանությունները թերեւս փորձում են մի ձեւ կանխել այդ հեռանկարը, բայց պատերազմը կանխելու ամենաարդյունավետ եւ գլխավոր միջոցը մեր անվտանգության ապահովումն է, բանակի հզորացումը»։
Եթե անգամ Ադրբեջանն ընդունի առաջարկը, հավատարիմ չի մնա, երկկողմ ձեւաչափը, ըստ նախկին նախարարի, աշխատող չէ։ Նա հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը եւ ընդգծում՝ խախտումները հայտնաբերելու գործընթացին երրորդ կողմ պետք է ներգրավվի, դիցուք` ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը․ «Իսկ Արցախի մասով պետք է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի կարողանանք որոշել Արցախի եւ ժողովրդի ճակատագիրը… Հակառակ դեպքում երկկողմ ֆորմատով՝ դժվար, եթե չասենք, որ անհնար կլինի հրադադարը վերահսկել, Ադրբեջանը հավատարիմ չի մնա»:

«Նախկինում, երբ ես նախարար էի, դիտարկում էինք իրականացնում. երբ Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտումներ էին արվում, բոլոր խախտումների, կրակոցների, դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների արդյունքում ձեւավորված իրադրությամբ մենք, այսպես կոչված, ալբոմներ էինք պատրաստում՝ լուսանկարներով, փաստերով եւ այլն: Ինչպես նաեւ՝ ես միակողմանի ցուցում էի տալիս, որ եթե կրակոցները դիպուկ չեն, չպատասխանել։ Եվ այդ ալբոմները ես փոխանցել եմ Մինսկի խմբի կառույցին եւ խմբի պետություններին՝ առանձին-առանձին: Սրան գումարած, այդ ամենի մասին ներկայացրել եմ քննչական մարմիններին՝ հետաքննություն իրականացնելու համար։ Բայց շատ դեպքերում, երբ դու միակողմանի չես կրակում, տեսնում ես, որ հակառակորդն օգտվում է դրանից, թուլության նշան է ընկալում, հետագայում ստիպված ես լինում պատասխանել»»։