Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում բարձրացել է, բայց գործարարները խուսափում են ներդրումներ անել
Հայաստանի տնտեսության մեջ մոտ 227 միլիոն դոլարի ներդրում կատարած՝ կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը վերջին մի քանի տարում կտրուկ դադարեցրել է որեւէ ներդրում։
«Այսօր իշխանական շրջանակներու մեջ առանց տենդերներու, քավոր-սանիկ-ազգականական կապերով պայմանագրերու ստորագրությունները, որոշ ընկերությունների պայմանագիրներ շահիլը այդքան էլ թափանցիկ գործընթացով չեն լինում։ Միաժամանակ, գործարարների շրջանակի մեջ քաղաքական հետապնդումներու հետեւանքով․ եթե իշխանական շրջանակի մարդ չես, բնականաբար, բիզնեսդ կրնա վտանգվիլ քաղաքական հայացքներուդ համար»,-պարզաբանում է նա։
2018-ին կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներին հավատացած ներդրողը որոշ ժամանակ անց տարակուսեց՝ մի բան այն չէ։ Այժմ համաձայն չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարը իսկապես խորքային հիմքերով թափ է առել, կարծում է մակերեսային պայքար կա՝ պարզապես որպեսզի ցույց տան, որ պայքարում են։
Գործարարների այս տրամադրությունները թվերով արտացոլված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի (ԹԻՀԿ) հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվում։ Եթե 2018-19 թթ միանգամից 7 միավորով բարձրացել էր համաթիվը՝ դրականորեն զարմացնելով փորձագետներին, ապա մի քանի տարում նորից իջավ։ 2023-ին այդ թիվը 47 է։ Սա 2017-ի համեմատ բարձր է, բայց ընդհանուր պատկերում՝ խայտառակ ցածր։ ԹԻՀԿ կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանի խոսքով՝ եթե համաթիվը 50-ից ցածր է, ապա համարվում է, որ երկրում քաոսային վիճակ է կոռուպցիայի առումով։ ԹԻՀԿ ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ՝ համաթիվը փորձագետներին թույլ է տալիս ասել, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է նմալ որպես լուրջ հիմնախնդիր։
«2018-19 թթ շատ մեծ ակնակալիքներ առաջացան հանրության մեջ, որոշ օրենքներ ընդունվեցին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեւավորվեց, Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվեց․ կային ակնկալիքներ, որ այս ամենը կունենա լուրջ շարունակություն, բայց հետո, ինչպես ցույց տվեցին նույն այդ ընկալումները, հիասթափություն եղավ»,-նշում է Վարուժան Հոկտանյանը։
Այս թիվը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի օբյեկտիվ ցուցանիշն է, այլ գործարարների ու փորձագետների սուբյեկտիվ ընկալման նիշը, որը մեծապես ազդում է տվյալ երկրում ներդրումներ կատարելու՝ գործարարների որոշման վրա։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնը հայտարարությամբ մանրամասնում է՝ ինչն է խնդիրը․ «ԹԻՀԿ դիտարկումներով՝ առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհարիր և անպատասխանատու վարքագիծը, հովանավորչությունը, չհիմնավորված և/կամ մեկ անձից գնումների շարունակվող ավանդույթը, պաշտոնյաների ներգրավվածությունը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նրանց փոխկապակցված անձանց շահումները հանրային գնումներում, կոռուպցիոն նոր սխեմաների ձևավորումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցածր ցուցանիշը, ապօրինի հարստացման և գույքի բռնագանձման գործընթացում միայն նախկին պաշտոնյաներին թիրախավորելը»։
Գույքի բռնագանձման թիրախում միայն նախկին պաշտոնյաներն են
ՀՀ-ում իշխող՝ ՔՊ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ, որ միայն նախկին պաշտոնյաների գույքն է որակվում ապօրինի եւ բռնագանձվում։
«Ի՞նչ իմաստով համաձայն չեմ․ որովհետեւ երբ մենք ընդունեցինք օրենքը ապօրինի ձեռք բերված գույքի առգրավման մասին, դա առաջին հերթին կանխարգելող նշանակություն ուներ, այսինքն, մեզ՝ այսօր իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժին, զսպող գործիքակազմ է, հետեւաբար, այստեղ արդեն իր դերակատարությունն ունի»,-ասում է Հովիկ Աղազարյանը։
Ո՛չ, չենք կարող դա կանխարգելիչ քայլ անվանել՝ հակադարձում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
«Օրենքը կանխարգելիչ պոտենցիալ ունի, բայց խոսքն առաջին հերթին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին է․ բռնագանձումը դա կանխարգելիչ քայլ չէ, դա նաեւ ուղղված է նախկինում հարստացածների դեմ, որ նրանց ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը բռնագանձվի․ սա է եղել օրենքի հիմնական նպատակը»,-նշում է նա։
Բացի այս, օրենք ընդունելը դեռեւս չի նշանակում, որ այդ օրենքը կիրառվում է պատշաճ կերպով՝ շեշտում է Վարուժան Հոկտանյանը։
«Երբ մեր կազմակերպությունը, մասնավորապես՝ ես, նշել եմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում խտրականություն է ցուցաբերվում, ես նկատի եմ ունեցել հենց օրենքի կիրարկումը։ Այսինքն, ես ընկալում եմ օրինաչափ, որ փորձեն բռնագրավել նախկին պաշտոնյաների գույքը, եթե ապօրինի ճանապարհով է ձեռք բերված, բայց նայելով վիճակագրությունը՝ ես չէի ասի, որ ինչ-որ լուրջ կերպով գնան այս իշխանությունների ներկայացուցիչների հետեւից, այնինչ արդեն 6 տարի անցել է, ինչ նրանք իշխանության են․ սա է խնդիրը»,-պարզաբանում է Վարուժան Հոկտանյանը։
Գոյություն ունի ընկերությունների ցուցակ, որոնցից առաջարկվում է կատարել մեկ անձից գնումները
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոստովանում է․ «Հիմա այսպիսի մի բան էլ գոյություն ունի․ գոյություն ունի ցուցակ՝ վստահություն ներշնչող կազմակերպությունների տնտեսվարողների, որոնցից դու կարող ես մեկ անձից գնում անել, որ արագ լինի, այդպիսի բաներ էլ կան»։
Այսօրինակ ցուցակների գոյությունը լավ պրակտիկա չէ՝ զգուշացնում է ԹԻՀԿ ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
«Վտանգը շատ մեծ է, շատ մեծ է, պետք է հասկանալ՝ որքանով է այդ ամենը ռիսկային։ Պետք է պարզել՝ ինչի հիման վրա է այդ ցուցակը կազմվել․ կազմվել է, որովհետեւ նախկինում լավ գո՞րծ են արել, թե՞ դրա անվան տակ իրենց հարազատների, մերձավորների, իրենց հետ փոխկապակցված անձանց ընկերություններն են առաջ մղում։ Որովհետեւ կարող են չարաշահել այդ մոտեցումը։ Այստեղ վտանգն ինչ է՝ կա կառուպցիոն ռիսկ»,-նշում է նա ու հավելում․ եթե հարցը որակյալ աշխատանքն է՝ հայտարարված մրցույթում առանց այդ ցուցակի էլ այդ ընկերությունները կշահեին, բայց այլ հարց է, որ այդ ցուցակը օգտագործում են, որ հենց այդ պայմանավորված ընկերություններից մեկ անձով գնում կատարեն։
Հովիկ Աղազարյանն ինքն էլ է ընդունում՝ մեկ անձից գնումները բավականին անհանգստացնող տոկոս են կազում։ Անգամ ասում է՝ ինքն անձամբ ՔՊ խմբակցության նիստերին այս մասին մտահոգություն հայտնել է, բայց հակադարձել են, որ կա՛մ միայն մեկ ընկերություն է մասնակցում մրցույթին, կա՛մ էլ պետք է լինում արագ անել գնումը։ Այս ենթատեքստում էլ հիշատակում է վերոնշյալ ցուցակը․ գնումն արագ անելու հիմնավորմամբ է այն կազմվել՝ ասում է։
«Վերցնենք ճանապարհների որակի պրոբլեմը՝ փոսերը, որ կան, բոլորիս վերաբերում է․ այդտեղ եղել է այն, որ գնումների մասին օրենքով մրցույթը շահել է ինչ-որ մեկը, հետո փոշմանել է, հետո դատական քաշքշուկը ձգվել է․․․ ես կոնկրետ առաջարկել եմ քաղաքապետարանի մեր գործընկերներին, որ՝ այդ ոլորտը վերցրեք ձեր վերահսկողության տակ, թող մի ՀՕԱԿ լինի, որ ինքը անի այդ գործը, հիմա ամեն ինչ չէ, որ․․․ որովհետեւ դա ամենժամյա խնդիր է»,-Հովիկ Աղազարյանն է ասում։
Ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը վստահ է, որ «հրատապի» անվան տակ իշխող քաղաքական թիմն առաջ է մղում իրեն փոխկապակցված ընկերություններին, որովհետեւ ինքն էլ շահ ունի այդ գործարքներից։
«Մեկ անձից պետական գնումները, որ օրենքով պետք է լինեն բացառություն, արվեն խիստ բացառիկ դեպքերում, դարձել են օրինաչափություն։ Նախկիններին թիրախավորող այս իշխանության օրոք մեկ անձից գնումները, որ ամենաբարձր կոռուպցիոն ռիսկերն են պարունակում, գնալով աճում են․ առյուծի բաժինը դարձել է մեկ անձից գնումը այն դեպքում, որ այդ պատվեր կատարողն էլ, փաստացի, իրենց շրջանակից է։ Ակնհայտ է, որ այս իշխանության օրոք նման դեպքերի ողջ ծավալով բացահայտում սպասելը իրական չէ, բայց իշխանափոխությունից անմիջապես հետո մենք ունենալու ենք այնպիսի բացահայտումներ, որ նույնիսկ ենթադրելի էր չէր»,-վստահ է Թադեւոս Ավետիսյանը։
Պատգամավորն իբրեւ օրինակ բերում է Պաշտպանության նախարարության՝ մոտ 5,5 միլիարդ դրամի վառելիքի գնումը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ընկերությունից։ ՊՆ կարիքների համար անցկացված հրատապ բաց մրցույթին մասնակցել էին նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները, բայց ամենացածր գինն առաջարկել էր հենց 2020 թ-ին բացված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն, որը և հաղթել էր։ Մինչ այդ այս ընկերությունը եւս 9 պայմանագիր էր կնքել Դատախազության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Քրեակատարողական ծառայության, Միասնական սոցիալական ծառայության եւ պետական այլ մարմինների հետ, որոնց գումարային ընդհանուր արժեքը կազմել էր 6 մլրդ 919 մլն դրամ։ Ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ Հայաստանում կոռուպցիան ոչ միայն զարգանում, ընդլայնվում ու խորանում է, այլեւ, ցավոք սրտի, դրսեւորման ավելի նոր ու վտանգավոր ձեւեր է ստանում․ փորձում են այն քողարկել իրավական նոր կարգավորումների մեխանիզմների տակ, որոնց բացահայտումն ավելի դժվար է։
ԹԻՀԿ ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանն անձամբ է հետեւել մեկ անձից գնումների գործընթացի տրանսֆորմացիաներին։
«Մենք ժամանակին ուսումնասիրեցինք, բայց գնումների լիազոր մարմինը հասցրեց այնպես անել, որ այդ խնդիրը նույնպես կոծկվի։ Առաջ կար այնպիսի կարգավորում, որ եթե գործադիր ինչ-որ մի մարմին գնում է անում, ապա պետք է լինի հիմնավորում։ Մենք հետաքրքիր հիմնավորումներ էինք հայտնաբերում, որոնց նայելիս անհասկանալի էր, թե ինչո՞ւ են որոշել, որ պետք է մեկ անձից անել գնումը։ Կառավարության որոշմամբ մեկ անձից գնումը հանվեց, հիմա այլեւս կառավարության որոշումով չի արվում»,-նշում է նա։
Վարուժան Հոկտանյանն ասում է՝ հիմա ավելի շատ չարաշահում են ոչ թե «հրատապ գնման» հիմնավորումը՝ դա հիմա այնքան էլ տարածված չէ, այժմ օրենսդրական կասկածելի կարգավորումներ են մտցրել։
«Իրականում լուրջ խնդիր կա․ եթե նայեք գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածը, որ սահմանում է մեկ անձից գնումների հիմքերը, այստեղ վերջին ժամանակներում ես չարաշահումներ տեսնում եմ, որ շատ են օգտագործում «հատուկ եւ բացառիկ իրավունքի» հիման վրա։ Օրինակ, շոու բիզնեսում միջոցառումների կազմակերպումը, որ շատ չարչրկված հարց է՝ մեկ անձից գնում է, կամ ոստիկանական համակարգի մեքենաների ապահովագրությունը։ Իսկապես կասկածելի է, որ հայտարարում են, որ այս կամ այն կազմակերպությունը ունի «հատուկ կամ բացառիկ իրավունքներ», դրա համար նրա հետ մեկ անձից գնում ենք կատարում․ իսկ ո՞վ ասաց, որ այդ միջոցառումը ուրիշ ընկերություն չէր կարող կազմակերպել։ Դա նաեւ գալիս է գնման առարկայի բնութագրերն այնպես կազմելուց, որ բացի այդ ընկերությունից ուրիշ մեկը չկարողանա ներկայացնել, հետո ասում են՝ դե տեսք՝ մենակ սա է, էլի, բավարարում։ Այ սա՛, հիմա ավելի տարածված պրակտկա է, քան հրատապությունը՝ հրատապությունը անցած էտապ է»,-մտահոգություն է հայտնում Վարուժան Հոկտանյանը։
Պաշտոնյայի որդին, եղբայրը, բարեկամը՝ նոր ընկերություն են բացում ու շահում մրցույթը
Հենց Հովիկ Աղազարյանի որդու անունը բարձրաձայնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից՝ թվարկելով գործող իշխանության օրոք կոռուպցիայի ենթադրյալ դեպքերը։
«Արարատի քաղաքապետարանը 45 հազար ԱՄՆ դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետի համար եւ գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական ամենագնաց։ Մեքենան մատակարարել է Հովիկ Աղազարյանի որդու՝ նոր ստեղծած կազմակերպությունը»,-նշեց Թագուհի Թովմասյանը։
Հովիկ Աղազարյանը հակադարձում է՝ հիմա ի՞նչ, Հովիկ Աղազարյանի տղան չպե՞տք է որեւէ բանով զբաղվի։ Թեեւ նաեւ ընդունում է՝ կոռուպցիոն ռիսկ անպայման կա։
«Եթե Աղազարյանի տղան մասնակցում է այս կամ այն մրցույթին, ինչ-որ մեկի եղբայրն է մասնակցում, ինչ-որ մեկի ընկերն է մասնակցում պատգամավորներից, նախարարներից՝ անպայման այնտեղ կա կոռուպցիան ռիսկ, անպայման կա, չի կարող չլինել։ Իսկ լրագրողների եւ իրավապահների պարտականությունն է պարզելու՝ այդ կոռուպցիոն ռիսկը վերածվե՞լ է կոռուպցիայի, թե՞ չի վերածվել»,-ասում է Հովիկ Աղազարյանը։
Աշխարհում տարածված դիսկուրս է՝ արդյո՞ք պաշտոնյայի տղան չպետք է գործարարությամբ զբաղվի, որպեսզի կոռուպցիոն ռիսկը կանխվի՝ նկատում է Վարուժան Հոկտանյանը։ Բայց պարզաբանում է, որ պաշտոնյայի հարազատի ազդեցությունը բացառելու համար կան մեխանիզմներ, միջոցներ, որոնք պարզապես պետք է կիրառել։
«Կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրներում այդ մեխանիզմները գործում են․ այսինքն, այո՛, տղան կարող է մասնակցել, բայց պետք է վստահ լինել, որ մրցույթը շահել է ազնիվ ձեւով․ այդքան բան։ Այստեղ գործում է «բռնված չէ՝ գող չէ» սկզբունքը։ Պետք է ստուգել իսկապես։ Այստեղ իրավապահների կարողությունների խնդիր էլ ունենք մենք՝ կարո՞ղ են արդյոք ստուգել»,-ասում է ԹԻՀԿ ծրագրերի տնօրենը։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ահազանգում է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեկամների կազմակերպությունները, որ նախկինում շինարարական որեւէ գործունեություն չեն իրականացրել, ակտիվորեն հենց միանգամից իրենց առաջին քայլերը շուկայում եւ տնտեսության մեջ սկսում են պետական մեծածավալ գնումներով։
«Սա օբյեկտիվորեն կասկածելի է․ օրինակ՝ ԱԺ նախագահի եղբոր ղեկավարած կազմակերպությունը, օրինակ՝ ՀՀ վարչապետի եղբոր ղեկավարած կազմակերպությունները եւ այլն։ Համոզված եմ, որ իրավապահ մարմինները ոչ միայն չունեն հնարավորություն դրանք բացահայտելու, այլեւ, բնական է, չունեն նաեւ ցանկություն, որովհետեւ այս կամ այն կերպ իրենք էլ են թաթախված այդ ամեն ինչի մեջ»,-համոզված է ընդդիմադիր պատգամավորը։
Վարուժան Հոկտանյանը եւս նկատել է՝ շատ ընկերություններ, որոնք գնումների արդյունքում մեծ պայմանագրեր են կնքում, երբ մի քիչ փորփրում ենք, տեսնում ենք, որ պետական ինչ-որ պաշտոնյայի հետ կապված են։ Սա արդեն կոռուպցիոն ռիսկ է․ չկա լուրջ ուսումնասիրություն՝ ի՞նչ է, պետական պաշտոնյաներին կապված ընկերությունները ավելի հաջողա՞կ են, արդյո՞ք ի ծնե շատ լուրջ գործարարներ էին, թե՞ այլ պատճառներ կան։
«Հասարակական կազմակերպությունները կամ լրատվամիջոցները պետք է սա նշեն, ցույց տան, կասկածներ հայտնեն, շատ մակերեսային վերլուծություններ կատարեն, որովհետեւ ինֆորմացիայի ողջ ծավալն իրենց հասանելի չէ։ Այստեղ արդեն պետք է խաղի մեջ մտնեն իրավապահ մարմինները, ֆինանսների նախարարությունը եւ այն, որ հասկանան՝ կա՞ն կոռուպցիոն երեւույթներ, թե՞ ոչ․․․ թե՞ իսկապես պետական պաշտոնյաների հետ կապված ընկերություններն այդպես հաջողակ են»,-ասում է Վարուժան Հոկտանյանը։
Իշխող թիմի անդամ Հովիկ Աղազարյանը եւս հաստատում է, որ կա խնդիրը՝ տվյալ շինարարությունը շահում է մի կազմակերպություն, որը որեւէ հնարավորություն չունի անհրաժեշտ մակարդակով այդ գործը մինչեւ վերջ հասցնելու։
«Շատ-շատ հարցեր կան․ թեկուզ, կապիտալ շինարարության մեջ հսկայական գումարներ են ներդրվում, բայց լրիվ չի իրացվում, որովհետեւ շատերը անհանգստանում են ռիսկ անել, իրենց վրա պատասխանատվություն վերցնել՝ այս կամ այն կազմակերպության հետ կնքել պայմանագիրը, որովհետեւ վաղը չէ մյուս օր կարող է պատասխան տան։ Դժվար է»,-ասում է իշխող թիմի պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը համոզված է, որ պետական գնումների ոլորտում ավելի ինստիտուցիոնալացրել են բյուջեի միջոցների փոշիացումը եւ անարդյունավետ ծախսը․ ընդամենը սխեման է փոխվել՝ եթե նախկինում ավելի շատ «ատկատի» տարբերակն էր՝ պաշտոնյան ինչ-որ բան վերցնում էր պետգնումներից, հիմա հենց այդ պաշտոնյան գնումների ե՛ւ կազմակերպողն է, ե՛ւ իր ընկերության միջոցով շահողը, այսինքն, գերշահույթն ուղղակի մտնում է իրենց շրջապատի կամ հենց իրենց գրպանը։
Հովիկ Աղազարյանին իր քաղաքական թիմի ղեկավարը վստահեցրել է, որ անհանդուժող վերաբերմունք ունի ցանկացած նման դրսեւորման հանդեպ, բայց իշխանական պատգամավորը նաեւ խոստովանում է․ «Ես չեմ ասում, որ մեր մեջ չկան կամ բացառված է, որ լինեն, ես այդպիսի բան թույլ չեմ տա ինձ ասել, որովհետեւ հասարակության մեջ եղած այդ հիվանդություններն ընդհանրապես՝ կոռուպցիա, հովանավորչություն, նման բաներ, էլի, ինչ-որ չափով նաեւ մեր մեջ գոյություն ունեն։ Հիմա համապատասխան իրավիճակներում կարող են այդ երեւույթները գլուխ բարձրացնել, բայց ես վստահեցնում եմ, որ ընտրողական վերաբերմունք չկա բացարձակապես»,-ասում է իշխող թիմի անդամը։
Կոռուպցիայի դեմ պայքարը պոպուլիստական է՝ կոռուպցիայի ձեւերն են փոխվում
Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում միշտ եղել է պոպուլիստական, այսինքն, ավելի շատ խոսվել է դրա մասին, քան կոնկրետ գործ է արվել՝ վստահ է տնտեսագետ Կարեն Ադոնցը։
«Նույնը շարունակվում է նաեւ այսօր․ հնարավոր է մի քիչ մի տեղ պակասել է, մի տեղ ավելացել է, մի տեղ ուրիշ բնույթ է ստացել, բայց դա պոպուլիստական կուրս է։ Մեզ մոտ դա ուղղորդվող է՝ ձեւերն է փոխվում․ աշխատավարձերը կարող է էապես բարձրացվեն ու դա համարվի, որ կոռուպցիա չէ, բայց կոնկրետ աշխատանքի որակը չի փոխվում։ Հիմա դուք աշխատում եք պետական համակարգում, ձեր աշխատանքի որակը ցածր է․ ձեր աշխատավարձը առաջ շատ ցածր էր ու դուք կոռուպցիայի միջոցով, տարբեր ձեւերով գումարներ էիք հայթայթում, հիմա ձեր աշխատավարձը շատ բարձրացել է, բայց ձեր աշխատանքի որակը չի փոխվում։ Սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ, եթե դուք էլի նույն վնասը տալիս եք պետությանը, բայց շատ շատ ավելի բարձր աշխատավարձ եք ստանում»,-ասում է տնտեսագետը։
Վարուժան Հոկտանյանը տարբերակված է դիտարկում․ եթե աշխատակցի կատարողականը չափում են եւ տեսնում, որ աշխատավարձի բարձրացումից հետո այն չի բարելավվել, ուրեմն պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են շարունակում վատ աշխատողին պահել։ Եթե պարզվի, որ նա դրա դիմաց վերադասին կաշառք է տալիս կամ տվյալ աշխատակցի աշխատավարձը բարձրացրել են զուտ քաղաքական նպատակով, որ նա, մնալով լոյալ, ընտրությունների ժամանակ իր աշխատակիցներին քարոզի, որ քվերակեն իրենց քաղաքական ուժի օգտին, միայն այդօրինակ դեպքերում աշխատավարձի բարձրացումը կհամարվի կոռուպցիա։
Տնտեսագետ Կարեն Ադոնցի համար ակնհայտ է, որ չի վերացել նաեւ պաշտոնյաների կողմից իրենց մերձավորներին, բարեկամներին, մոտիկներին աշխատանքի ընդունելու պրակտիկան՝ դա միայն ուրիշ ձեւեր է ընդունել։ Նա պետության փողերը փոշիացնելու եւս մեկ օրինակ է բերում։
«Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենք շինարարական 8 ընկերություններ, որոնցից միայն 2-ն են նորմալ աշխատում։ Ճանապարհների վիճակին նայեք։ Այսինքն, մենք պետական միջոցներն այսօր լցնում ենք այդ անորակ շինարարության մեջ․ անորակ շինարարական ընկերությունների միջոցով կառուցում ենք ճանապարհներ, տարբեր ենթակառուցվածքներ՝ առանց գիտակցելու, որ մենք հսկայական միջոցները այդ պահանջարկային տնտեսության աղացի մեջ ուղղակի լցնում ենք՝ անորակ շինարարության համար, որ ցույց տանք՝ տվել ենք»,-նշում է Կարեն Ադոնցը։
Նա համոզված է, որ «կարմիր գիծն» անցել ենք վերջին մի քանի տարում, երբ ռուս-ուկրաինական դեպքերից հետո ֆինանսական հոսքերը մեծացան, դրամն արժեւորվեց ու, օգտվելով մեր պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազումից, պետական պարտքն ավելացրինք։ Ապա փողը լցրինք պահանջարկային տնտեսության մեջ՝ հիպոթեքի մեջ, սպառողական վարկերի մեջ, շինարարության միջոցով առեւտրի մեջ։
«Մենք արդեն այդ բուրգի մեջ այնքան ենք տարածվել, որ էլ չենք կարող հետ դառնալ․ հավատացնում եմ, եթե ինձ նշանակեք պաշտոնի՝ ես չեմ փոխի այսօրվա քաղաքականությունը, որովհետեւ դա անհնար է՝ բուրգը կփլվի։ Պետք է զուգահեռ ստեղծել նորը, որը կմաքրի եղած պրոբլեմները ու կհավասարակշռի, հետո նոր մեկը փոխարինել մյուսով»,-ասում է տնտեսագետ Կարեն Ադոնցը։
Պետության զավթման ռիսկերի մի նոր համակարգ է ձեւավորվել
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարության մեջ ահազանգում է․ «Դիտարկված միտումների զարգացումն ու ամրապնդումը կարող է արագորեն հանգեցնել «պետության զավթման» ռիսկերի մի նոր համակարգի ձևավորման։ ՀՀ կառավարությունը պետք է լրջորեն վերագնահատի իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում և հետևողականություն դրսևորի հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված գործողությունների լիարժեք իրականացման հարցում»։
ԹԻՀԿ ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանը մանրամասնում է՝ «պետության զավթումը» դասական իմաստով այն է, երբ որոշակի ֆինանսատնտեսական խմբավորումներ կարողանում են իրենց կամքը թելադրել օրենսդիր կամ գործադիր մարմիններին, որ նրանք ընդունեն իրենց համար շահեկան տնտեսական որոշումներ՝ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր։
«Օրինակ, որոշակի ապրանքների ներմուծման համար մաքսատուրք չվճարեն եւ ասեն՝ դա պետք է մեր արդյունաբերության զարգացման համար եւ այլն։ Հետո մի քիչ խորանում ես՝ հասկանում ես, որ իրականում դա այդպես չէ, իսկ դրա մեջքին կանգնած է ինչ-որ ընկերություն»,-նշում է Վարուժան Հոկտանյանը։
Իսկ «պետության զավթման» նոր համակարգի ձեւավորման ռիսկը, նրա համոզմամբ, ստեղծել են նոր գործող անձինք։
Աննա Բալյան