Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հովսեփ Հայրենի
Հիմնվելով Սվասի (Սեբաստիա-Ակունքի խմբ․) Հաֆիկ գյուղի «Վաճառվում է եկեղեցի» նորության վրա՝ գրող Հովսեփ Հայրենին անցյալ շաբաթ հրապարակած հոդվածաշարի երկրորդ մասում կենտրոնացել է Սվասի Հաֆիկ գյուղի հայերի հեռավոր պատմության վրա։ Այս շաբաթ մեր հրապարակած վերջին մասով մոտենում են 1915-ին։
Կովտունի, Հաղթի, Խանձարի, Խորսանայի և այլ գյուղերի բնակիչները 1890-ականներին եղել են Հնչակյան կուսակցության հեղափոխականների ազդեցության տակ։ Նրանք մեծ կորուստներ կրեցին 1895 թ․ համիդյան ջարդերի ժամանակ։ Այդ ժամանակ Հալիս գետի վերին հովտում 5 հազար հայ է զոհվել։ Սակայն ներգաղթյալների օգնությամբ նրանք արագ բուժեցին վերքերը։ 1908 թ․ սահմանադրական միապետության հռչակմամբ նոր հույս ծնվեց։ Նոր սերունդ առաջացավ այն տարածաշրջանում, որտեղ լուսավորականությունը արագ թափ ստացավ, իսկ ազգային դեմոկրատական պայքարը առաջադիմեց հայտնի հեղափոխական Մուրադի վերադարձով։
Կովտունցի Խրիմյանների ընտանիքից Մուրադը իր հեղափոխական գործունեությամբ հայտնի էր ոչ միայն իր շրջանում՝ Սվասում, այլ հայկական բոլոր շրջաններում ու անգամ պետության տեսադաշտում էր, որովհետեւ որպես ֆիդայական առաջնորդ երկար ժամանակ ակտիվ գործունեություն էր ծավալել շրջանից դուրս՝ պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։
Այստեղ նրա կյանքի անգամ հակիրճ նկարագրությունը չափազանց երկար կլինի: Պարզապես շրջադարձային կետերը նշելու համար կարելի է ասել հետևյալը. Մուրադը ծնվել է 1872 թ․, 20 տարեկանում մեկնել է Ստամբուլ և աշխատել որպես բեռնակիր՝ ընտանիքը պահելու համար, և Ստամբուլում առնչվել է Հայկական հարցի շուրջ զարգացումներին, գավառներից եկող ջարդերի լուրերին և ցույցերին, ինպես նաև ազգային մամուլի միջոցով, ի վերջո քաղաքականացվել է։ Մի հայ լրտեսի «վնասազերծելով»՝ փախչում է Հունաստան, այնտեղից գնում Եգիպտոս, սկզբում հնչակյան լինելով, որոշ ժամանակ անց անդամագրվում Դաշնակցությանը և գնում Կովկաս՝ միանալու հեղափոխական ֆիդայական շարժմանը։
Screenshot
Մուրադի կյանքն ու գործունեությունը
1902 թ․ դարձել է «Շանթ» ֆիդայախմբի ամենա աչքի ընկած անդամը, 1903 թ․ տեղափոխվել է Սասուն և կռիվներում ունեցած հաջողությունների շնորհիվ դարձել Անդրանիկի աջ ձեռքը։ Որոշ ժամանակ անց նա նորից անցնել է Կովկաս, ու Շուշիից Գանձակ, Զանգեզուրից Նախիջեւան չկա մի տեղ, որտեղ ոտք դրած չլինի։ Վիեննայի ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո նա դարձյալ առաքելություններով մեկնել է Կովկաս, այնտեղից՝ Վան, Մուշ, Բիթլիս և կրկին Սասուն։ 1908 թ․, երբ Սահմանադրական միապետության վարչակազմը համաներում շնորհեց նախկին ֆիդայիներին և բանտարկյալներին, նա օրինական կերպով վերադարձավ իր հայրենի քաղաք Սվաս։ Նրան մեծ ոգեւորությամբ են ընդունել իր հայրենի գյուղում։ Նա կենտրոնական դեր է խաղացել ողջ միջավայրի հետագա սոցիալ-քաղաքական կյանքում: Մի ոտքով Սվասում, մի ոտքով Ստամբուլում՝ նա հետևել է զարգացումներին և քայլեր ձեռնարկել հայկական խնդրի լուծման համար։ 1908 թ․ ստեղծված կեղծ հույսերից հետո գործընթացը արագ վերածվել է նոր վտանգավոր լարվածության։ Նախկինում 1895-96-ի ջարդերը վերապրած շրջանների ժողովուրդը, հայ մտավորականներն ու քաղաքական կուսակցությունները դեռ հեռու էին մոտեցող փոթորիկը զգալուց։ Թեև Դաշնակցությունը, որին անդամակցում էր Մուրադը, իթթիհադականների նենգ ծրագրերով միամտորեն խաբված ու վատնված տարիներից հետո սկսել էր կամաց-կամաց սթափվել և 1913-ին վերջ դրել դաշինքին, այնուամենայնիվ նա չուներ հեռատեսություն և համաշխարհային պատերազմի նախօրեին պատրաստ չէր ինքնապաշտպանության։
Համաշխարհային պատերազմը և բարեփոխումների գոլորշիացման ծրագրերը
Մուրադն անձամբ տարիներ շարունակ կողմնակից է եղել ինքնապաշտպանական լուրջ նախապատրաստական աշխատանքներին, սակայն չի կարողացել ուժ ու միջոցներ գտնել սեփական շրջանում դա կազմակերպելու համար։ Սկսված համաշխարհային պատերազմը մեծ հնարավորություն ընձեռեց իթթիհադական առաջնորդներին՝ ոչնչացնելու հայկական բարեփոխումների ծրագիրը, որը կառավարությունը պետք է ընդուներ այդ տարի։ Արևմուտքում նախկինում կորցրած հողերի դիմաց դեպի Արևելք ընդարձակվել երազող իթթիհադականները պատերազմելով բարեփոխումներ պարտադրող հակառակորդ պետությունների ճամբարի դեմ, որոշեցին լիկվիդացնել քրիստոնեական համայնքները՝ հայերից սկսած, Փոքր Ասիան ամրապնդելու համար՝ որպես ձախողման դեպքում միատարր բնակչությամբ վերջին հենակետ։ Այս մտադրությունն իրականում եղել է Աբդուլ Համիդից ի վեր, սակայն կարելի է ասել, որ այն վերածվել է կոնկրետ գործողությունների ծրագրի Սարիղամիշի պարտությամբ։
Առաջին սպանություններն ու ձերբակալությունները
Սվասի նահանգապետ Մուամմերը, ով սերտ հարաբերություններ ուներ իթթիհադականների կենտրոնի հետ, անհամբերություն է ցուցաբերում հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկելու համար, ինչպես արևելյան նահանգների որոշ այլ նահանգապետեր: Արդյունքում, որոշ գործողություններ, որոնք նա իրականացրել էր իր տարածաշրջանում, ցեղասպանության վաղ նշաններ էին: Դրանցից առաջինը Տեր Սահակ Օդաբաշյան անունով քահանայի սպանությունն էր որպես Պոլսո պատրիարքարանի պատվիրակ Երզնկա գնալիս, Սուշեհրիի մոտակայքում, նոր տոմարով 1915 թ․ հունվարի 1-ին։ Հրաման արձակած Մուամմերը կարծում էր, թե նա հեղափոխական է և դիմադրություն է կազմակերպելու։ Երկրորդը 1915 թ․ փետրվարի 8-ին Արևելյան գավառներ ուղարկված ավազակային գնդերից մեկի գազանություններն էին, դարձյալ Սուշեհրիի Փուրք գյուղում։ Մուամմերը ավելի վաղ էր զանգվածային ձերբակալություններ նախաձեռնել իր շրջանում, որոնք միայն ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցան այլ գավառներում, իսկ մարտի 15-ին նա Մարզվանից և Ամասիայից շղթայված՝ Սվաս բերեց 17 հայ մտավորականների և քաղաքական առաջնորդների: Կարապետ Գափիկյանը, ով Սվաս քաղաքից որպես ականատես թվարկում է Մուամմերի նման մեկի պրագմատիկ գործունեությունը, պատմում է, որ նա նաև վաղաժամ գործողություն է իրականացրել Կովտունի դեմ՝ Մուրադին ձերբակալելու համար։ Կենտրոն ուղարկած հեռագրերում Մուամմերը պատկերել է իր նահանգի հայերին որպես ապստամբության լիարժեք պատրաստության մեջ և ընդգծել այն միտքը, որ նրանց դեմ ամեն ինչ թույլատրելի է։
Թեև Մուրադը ճիշտ էր տեսնում զարգացումների ուղղությունը, շրջանի դաշնակցական դեկավարները, ովքեր մինչև ձերբակալությունները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է սպասվում, խորհուրդ տվեցին չափավոր լինել։ Մուրադը շեղելով նահանգապետ Մուամմերի կողմից իրեն բռնելու համար գյուղ ուղարկված զաբթիեին և ձիու վրա ցատկելուն պես անհետանալով, ավելի ուշ Զմարացի Եղո անունով իր ընկերոջ հետ եկավ Հրեշտակապետաց վանք և շրջակա գյուղերից վստահելի առաջնորդներին հանդիպման հրավիրեց։
Անվճռականություն՝ առաջնորդների մեջ
Գավառի բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն կազմակերպելու Մուրադի առաջարկին ի պատասխան Եղոն առարկում է՝ ասելով, որ դա թշնամուն հաղթաթուղթ կտա և ժողովրդի մեջ պառակտում կառաջացնի։ Նա կողմ էր, որ ձերբակալման վտանքի տակ գտնվող մարդիկ հեռանան շրջանից։ Մուրադն էլ չի պնդում իր նախկին միտքը, և այսպիսով, ոմանք հեռանում են տարածաշրջանից, որոշ երիտասարդներ գնում են լեռներ, որպեսզի խուսափեն բանակ զորակոչվելուց։ Այդ ժամանակ «արտաքսման հրամանը» դեռ չէր տրվել։ Շուտով հասկանում են, որ տեղահանության հարցում դիմադրության կեցվածք չընդունելը չի նպաստում ժողովրդի պաշտպանությանը, սակայն արդեն ուշ էր։ Հարկ է նշել, որ այս մեծ սխալը շատ տեղերում հնարավոր դարձավ առաջնորդների միամտության ու երկչոտության, ինչպես նաև ոչնչացման ծրագիրն իրականացնողների նենգության շնորհիվ։ Այսինքն՝ հայ ժողովուրդը ոչ թե պատրաստվում էր նահանգապետ Մուամմերի խուճապը հաստատող ապստամբությանը, այլև ունակ չէր ինքնապաշտպանության ռեֆլեքսը ցուցաբերելու, սակայն չնայած դրան՝ իթթիհադական պետերը, ովքեր երդվել էին արմատախիլ անել հայությանը, չվարանեցին խաղաղ ժողովրդին ոչխարների հոտի պես ուղարկել սպանդանոց։
Իրավիճակը Հաֆիկի գավառում
Ինչպես ամեն շրջանում, այստեղ ևս իրականացվում են համատարած ձերբակալություններ ու մահապատիժներ, մինչև հերթը հասնում է տեղահանությանը։ Տեղական հուշամատյաններից և վկայությունների արխիվներից Ռայմոնդ Գևորգյանի ներկայացրած համառոտ պատկերին մեկ հայացքն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչ է արվել այս գյուղերի բնակիչների հետ։ Հաֆիկ գավառում և գյուղերում առաջին ձերբակալությունները տեղի են ունեցել ապրիլի սկզբին։ Այս գործողություններն իրականացրած ավազակախմբի ղեկավարներն են Քյութուքօղլու Հուսեյնը և Զարալը Մահիրը։ Որոշ բանտարկյալների տեղում սպանում են։ Որոշներին էլ տանելով Սվաս՝ բանտարկում են Շիֆահիե և Գյոք մեդրեսեներում։ Հունիսին ձերբակալությունները ահռելի թվերի են հասնում։ Սվասի կենտրոնի և այլ շրջանների հետ միաժամանակ իրենց առաջնորդներից զրկվեցին Հաֆիկ գավառի Կովտուն, Հաղթ, Գավրա, Խորսանա և այլ գյուղերի բնակիչները։ Շրջանից ձերբակալված 2000 մարդ, այդ թվում՝ կուսակցական և անկուսակցական հանրային առաջնորդներ, տեղական կառավարիչներ, ուսուցիչներ և քահանաներ, բանտարկվում են Քոչհիսարում և Սվասում։ Նրանք խոշտանգումների են ենթարկվում, որպեսզի հանձնեն զենքերը։ Գիշերը 50-100 հոգանոց խմբերով ձերբակալվածներին սպանում են Սեյֆե լեռնանցքում և Բողազ Քյոփրուի մոտ։
Հաֆիկ գավառի տեղահանությունը սկսվեց Կովտունից, քանի որ դա Մուրադի գյուղն էր, և մի քանի օրվա տարբերությամբ ճանապարհ ընկան երեք շարասյուն, առաջինը՝ մայիսի 30-ին։ Առաջինում շարասյան կազմում 120 ընտանիք էր։ Հաջորդում են շրջանի մյուս գյուղերը։ Հաղթ գյուղից առաջին շարասյունը մեկնում է հունիսի 20-ին։ Ոմանք եզների սայլերով, ոմանք՝ էշերով, մեծ մասը՝ ոտքով… Հալիսի վերին հովիտը ամբողջությամբ տարհանվում է հուլիսի կեսերին։ Դատարկված հայկական գյուղերը իսկույն հեղեղվում են թուրքական գյուղերից եկած խմբերով։
Ոչնչացման կետերը
Աքսորի ուղիների երկայնքով կային հայտնի ոչնչացման կետեր։ Բոլոր շարասյուներից մեծ թվով երիտասարդներ առանձնացվեցին խմբից և սպանվեցին Հասանչելեբիում: Հեքիմհանում, ուր ավելի ուշ են հասնում, նույն ճակատագրին են արժանանում ծերունիները։ Քըրքգյոզ և Ֆըրընջըլար ճամբարները, որտեղ հավաքվել էին տարբեր կողմերից բերված աքսորյալները, ոչնչացման կենտրոններ էին։ Նալդյոկենի լեռներն անցնելիս Քանլըդերե լեռնանցքը դառնում է կացնահարող ավազակախմբերի կողմից սարսափելի ջարդերի թատերաբեմ: Ադըյամանով և Ուրֆայով շարունակվող հետիոտների երթը իսկական «Գողգոթա» է, որտեղ ընկնում են ծարավից ու քաղցից սպառվածները, իսկ ողջ մնացածները անմարդկայնանում են։ Կովտունի հազար հոգանոց առաջին շարասյունից միայն 40 հոգի է ողջ հասնում Ուրֆա։ Նվազող շարասյուները միավորվում են Սուրուչի ճանապարհին, հետագայում կրկին նվազելու համար… Որոշները պահվում են Սուրուչում, մի մասը երթով շարժվում է դեպի Բիրեջիք, Բաբ և Համա։ Երեք ավտոշարասյունից Համայի և Հոմսի ճամբարներ հասած կովտունցիների ընդհանուր թիվը կազմում էր 77 մարդ։ Հաղթ գյուղից սիրիական ճամբարներ հասածների թիվը 126 էր։ Հաղթի հուշամատյանում հիշատակված 55 գերդաստանների և 319 ծխերի ընդհանուր բնակչությունը, որոնք հիշատակվում են իրենց ազգանուններով՝ 2600 է։ Ըստ այդմ՝ փրկվածները կազմում են բնակչության 5%-ը։ Սրանք գումարվեցին այն 255 գաղթականները, ովքեր մինչ Ցեղասպանությունը նույն գյուղից Ամերիկա էին գնացել կամ նրանց օգնությամբ ցրվել էին Ֆրանսիա և այլ երկրներ։
Ահա Կովտուն և Հաղթ գյուղերի եղեռնագործության մոտավոր բլանկը.․. Ահա թե ինչպես է իրականացվել այս աշխատանքը Թուրքիայի հայկական տարածաշրջանից ջնջված կոնկրետ երկու գյուղերի դեպքում… Ահա թե ինչպես ցնդեց զույգ եկեղեցիների համայնքները, որից մեկը հանվել է վաճառքի, իսկ մյուսը սպասում է վաճառվելու իր հերթին…
Screenshot
Մուրադի ճանապարհորդությունն ու մահը
Ավարտելով թեման ցանկանում եմ ամբողջացնել Սեբաստացի Մուրադի անավարտ պատմությունը։ Մուրադը, ում հաջողվել էր փախչել բռնագաղթից առաջ ձերբակալություններից, իրեն ուղեկցող մոտ 10 ընկերների հետ շարժվեց դեպի հյուսիս՝ անցնելով Թեջեր լեռն ու Քոջադաղի վրայով գնաց Ռիզե, մի նավ գրավելով 1915 թ․ նոյեմբերին հասավ Բաթում։ Այնտեղից նրանք միանում են հայ կամավորներին ու գնում Բիթլիս (Բաղեշ-Ակունքի խմբ․)։ Մուրադը վերամիավորվում է իր հին ֆիդայի ընկերների հետ և մասնակցում տարբեր բախումների։ Կամավորական գնդերի ցրվելուց հետո Մուրադը 1917 թ․ տեղափոխվում է Երզնկա։ Նա ղեկավարում է կոտորածի ժամանակ փախած և Դերսիմում ապաստանած հայերի կամավորական ուժերը, երբ ռուսական բանակը գրավում է Երզնկան։ Հիմնում է «Մեկ հայ, մեկ ոսկի» ֆոնդը և մարդկանց ուղարկում Դերսիմ՝ փորձելով փրկել հատկապես որբերին։ Այն ժամանակահատվածում, երբ ռուսական բանակը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նահանջեց, նա Երզնկայում ստեղծեց ժամանակավոր կառավարություն և փորձեց դաշինք կազմել Դերսիմի քըզըլբաշ զազաների հետ, սակայն ուժերի փոփոխվող հարաբերակցությունը վերջիններիս մոտեցրեց թուրքական բանակին։ Քանի որ, չնայած Երզնկայի զինադադարի պայմաններին, սպասվում է թուրքական հարձակում, Մուրադը փորձում է պաշտպանություն կազմակերպել։ Սակայն Էրզրումից (Կարին-Ակունքի խմբ․) և դրանից դուրս նրա ակնկալած օգնական ուժերն այդպես էլ չեկան: 1918-ի փետրվարին, երբ թուրքական բանակը Դերսիմից աշխարհազորային որոշ ուժերի օգնությամբ պատրաստվեց հարձակման, Մուրադը կազմակերպեց Երզնկայի 6 հազար քաղաքացիական հայերի նահանջը։ Նրանք ձնաբքի, փոթորկի և սառնամանիքի ցրտերի միջով, երբեմն դարանակալվելով, կռվելով և զոհեր տալով, լեռնային ճանապարհներով ու վտանգավոր հովիտներով հասնում են Դերջան և Էրզրում: Այնտեղ ևս չկարողանալով դիմանալ՝ ստիպված են լինում նահանջել Կարս և Երևան։ 1918 թ․ իրավիճակի բարդացմամբ և հայ ժողովուրդը օգնության կանչով Մուրադը գնում է Բաքու։ Բաքվում կռիվների ժամանակ կրակում են նրա ճակատին, և ատրճանակը ձեռքին՝ ընկնում է։ Կռվում հաղթանակած ընկերները գտնում են նրա մարմինը և շքեղ արարողությամբ հուղարկավորում։
Մուրադի բուռն կյանքը դարձել է խորհրդանիշ՝ սկսվելով Սվասի Կովտուն գյուղից և ավարտվել Բաքվում, շարունակվել է պատմական Հայաստանի բոլոր շրջաններում ցավոտ գործընթացի ընթացքում՝ սկսած Օսմանյան Կայսրությունում հայկական խնդրի արդար լուծում գտնելու պայքարից մինչև Ցեղասպանության զոհերին փրկելը և կովկասյան հայերի իրավունքները պաշտպանելը։ Ի՞նչ են մտածում խղճի սկզբունքով պատմությանն առերեսվելու, այդ եկեղեցին իր համայնքին վերադարձնելու և հայ ժողովրդից ներողություն խնդրելու մասին նրանք, ովքեր այսօր վաճառում են Կովտունի եկեղեցին, որտեղ մկրտվել է Սեբաստացի Մուրադը․․․
https://www.agos.com.tr/tr/yazi/30363/govdun-ve-hagt-ermenileri-1915-e-dogru
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net