կարևոր
4066 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-28 12:57
Հասարակություն

Սա աղետ է երկրի համար, ինչի պատասխանատուն իշխանություններն են

Սա աղետ է երկրի համար, ինչի պատասխանատուն իշխանություններն են

168.am-ը գրում է․ Այս իշխանության ամենաբնորոշ գիծը մեծ-մեծ խոսելն ու խաբելն է։ Խոսելու ու խաբելու պրոֆեսորներ են։

Եկել-չեն եկել, այնպիսի վերամբարձ բաներից են խոսում, թվում է, թե Հայաստանը հիմա պիտի դրախտի վերածած լինեին։ Բայց աղետի են վերածել։ Ասածներն ու արածները ոչ մի կերպ չեն համընկնում։ Ինչ ասել, հակառակն են արել։

Նախկին ասածները չարած, նորերն են մեջտեղ բերում։

Վեց տարի երկիրը, ժողովրդագրական առումով, հասցրել են աղետալի վիճակի, եկել ժողովրդավարական վիճակի բարելավման նոր ռազմավարություն են քննարկում. ծնելիության խթանման, մահացության կրճատման, երկարակեցության, բնակչության թվի ավելացման մասին են խոսում։

Մոռացել են, որ վեց տարի առաջ էլ էին այդ մասին խոսում։ Արտագաղթի կրճատում ու մեծ հայրենադարձություն էին խոստանում։ Եվ ի՞նչ եղավ։

Ընդամենը 3 տարի էր պետք՝ երկիրը մեծ արտագաղթի ճանապարհին կանգնեցնելու համար։

Վերջին միայն երեք տարում Հայաստանից շուրջ 138 հազար մարդ է գնացել ու չի վերադարձել, արտագաղթել է։

Թե ինչո՞ւ, պատճառները հայտնի են։ Երկիրը ներքաշեցին աղետալի պատերազմի մեջ ու կանգնեցրին անվտանգային ծանր խնդիրների առաջ։

Ոչ մի անվտանգային երաշխիք չի մնացել, բոլորը ոչնչացրել են։ Հեռանկար չեն թողել։

Մարդկանց գնալու պատճառները շատ հաճախ նույնիսկ սոցիալական չեն։

Գնացել ու գնում են, որովհետև այստեղ ապագա չեն տեսնում։ Կորցրել են հույսն ապագայի ու վաղվա օրվա նկատմամբ։

Սա էլ բերել է ժողովրդագրական վիճակի ուղղակի վատացման։ Եվ դա եղել է իշխանությունների իրականացրած քաղաքականության անմիջական հետևանքը։ Իրենք են խթանել արտագաղթը՝ պատճառ դառնալով, որպեսզի տասնյակ-հազարավոր քաղաքացիներ հեռանան Հայաստանից։

Երեք տարում 138 հազարով ավելի շատ են եղել գնացողները, քան վերադարձողները։ Արտագաղթել են։ Այն պարագայում, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հարկադրված վերադարձան։ Բայց նույնիսկ այդ պայմաններում գնացողներն անհամեմատ ավելի շատ են եղել, քան վերադարձողները։

Ընդամենը 2,9 մլն բնակչություն ունեցող երկրի համար 138 հազարը սարսափելի մեծ թիվ է։ Ստեղծել են մի իրավիճակ, որ մարդիկ նախընտրեն լքել երկիրը, ավելի անվտանգ ու ապահով տեղ գտնեն ապրելու համար, որովհետև Հայաստանում ապրելը շատերի համար վերածել են մղձավանջի։

Պատերազմից անմիջապես հետո Հայաստանից հեռացել է 73,5 հազար մարդ։ 2022թ. հեռացածների քանակը կազմել է գրեթե 28 հազար։ Անցած տարի էլ գնացել ու չի վերադարձել ավելի քան 36,5 հազար քաղաքացի։

Սա աղետ է երկրի համար, ինչի պատասխանատուն իշխանություններն են։

Միայն պատերազմի հետևանքով 4-5 հազար երիտասարդի զոհեցին, որոնք դեռ նոր պիտի կյանք մտնեին և իրենց ավանդն ունենային երկրի ժողովրդագրական վիճակի բարելավման գործում։

Մեղանչելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը պատճառներ է փնտրում ժողովրդագրական այս վիճակն արդարացնելու համար։

Ասում է՝ ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում: Ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ, այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ հաջողությունների հասնել:

Չի ասում, թե ինչ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում ինչպիսի մեծ հաջողությունների կարող էին հասնել նրանք, ովքեր զոհվեցին իրենց արկածախնդրության պատճառով։ Չի ասում, թե ինչ են արել, որպեսզի խրամատում հայտնվածների կյանքը դժոխքի չվերածեն։ Եվ, որ այս ամենը դարձավ վերջին տարիներին մարդկանց Հայաստանից հեռանալու պատճառը, որովհետև ոչ մի երաշխիք չկար, որ խրամատում հայտնվելուց հետո մարդիկ կարող էին կենդանի հետ վերադառնալ։

Զարմանալի չէ, որ արտագաղթը Հայաստանից ակտիվացավ հենց պատերազմից հետո, երբ զրոյացվեցին անվտանգության բոլոր երաշխիքները, և ամեն ինչ արեցին, որպեսզի մարդիկ ստիպված լինեն հեռանալ։

Վերջին տարիների ժողովրդագրական վիճակի վատացումը միայն սրանով չի սահմանափակվել։

Գրեթե 10 հազար մահ ունեցանք համավարակից, որը կարող էր և չլինել, եթե իշխանությունները մի քիչ լրջություն ունենային։ Հիշո՞ւմ եք, ինչեր էին ասում՝ էլ քովիդն ում շունն է, էլ պինցետով կհանենք՝ արաղով կախտահանենք, ու այդպես շարունակ։ Դրա համար էլ վերջում այն շուրջ 10 հազար մարդկային կյանքեր արժեցավ՝ ազդելով երկրի ժողովրդագրական վիճակի վրա։

Իբր երկրում ծնելիություն են խթանում։ Ինչքան խթանում են, այնքան ծնելիությունը կրճատվում է։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում 743-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան անցած տարի։ Ծնելիությունը 8,4 տոկոսով կրճատվել է։

Փոխարենը՝ մյուս բացասական միտումն ունենք. մահացությունն է ավելացել։

Այս տարի գրեթե 5 տոկոսով ավելի շատ մարդ է մահացել, քան նախորդ տարի։ Անցած տարի մահացել էր՝ 6771, այս տարի՝ 7104 քաղաքացի։

Մահերն ավելացել են 333-ով, ծնունդները կրճատվել են 743-ով։ Արդյունքում՝ կտրուկ վատացել է բնակչության բնական աճը. նախորդ տարվա 2031-ից իջել է 955-ի։

Այսպես են բարելավում երկրի ժողովրդագրական վիճակը։ Մինչդեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը բնակչության բնական աճի աննախադեպ հաջողություններից, ձեռքբերումներից ու արձանագրումներից էր խոսում, որոնք իբր կառավարության իրականացրած քաղաքականության արդյունքն են։ Այս տարի արդեն նման արձանագրումներ չի անում։ Ժողովրդագրական վիճակի բարելավման նոր ռազմավարությունից է խոսում, երբ նախկին բոլոր ռազմավարություններն ու նաև խոստումները տապալել են։