կարևոր
4363 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-16 12:30
Հասարակություն

Եղիշե Չարենց և Արաբ Շամո. երկու կարսեցիների հանդիպումը Երևանում

Եղիշե Չարենց և Արաբ Շամո. երկու կարսեցիների հանդիպումը Երևանում

Ռոհաթ Ալաքոմ

Քրդական պատմության մասին իր աշխատություններով հայտնի հեղինակ Ռոհաթ Ալաքոմը հետաքրքիր հուշ է պատմում Խորհրդային Հայաստանում երկու գրողների՝ հայի և քրդի հանդիպման, ընկերության և գրական գործունեության մասին, գրողներ, որոնց արմատները հասնում են Կարս:

Երևանում լույս տեսնող քրդական «Rêya Teze» թերթը 1957 թ․ համարներից մեկի երկու ներդիր էջերը նվիրել է հայ նշանավոր գրող և բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 60 ամյակին։

Այս համարում թերթը ներառել է Եղիշե Չարենցի և այլ գրողների ու բանաստեղծների հոդվածներն ու հուշերը։ Հոդվածներից մեկը գրել է քուրդ հեղինակ Միքայելե Ռաշիդը։ Եղիշե Չարենցի մասին իրենց հուշերն են պատմել նաեւ Հաջիյե Ջնդին ու Արաբե Շամոն։ Չարենցը Հաջիյե Ջնդիին պատմել է մի մեծ գրքի նախագծի մասին, որտեղ ներկայացված են լինելու Հայաստանի Հանրապետության նվաճումները։ Նա ցանկանում էր, որ «Հայաստանի քրդերի մշակութային զարգացումը» բաժինն էլ ներառվի այս մեծ գրքի էջերում։ Հաջին Ջնդին «Այո» է ասել այս առաջարկին: Արաբ Շամոն պատմել է նաև Եղիշե Չարենցի հետ իր ընկերության մասին, որի հիշատակին ստորև կներկայացնենք այդ հուշը։

Արաբե Շամոն այս հետաքրքիր հուշով ընթերցողին տանում է 1930-ականների սկիզբ։ Եղիշե Չարենցն ու Շամոն մի քանի անգամ հանդիպել են Երեւանում։ Չարենցն իմանում է, որ Շամոն ևս Կարսից է, և նա շատ է ուրախանում այդ առթիվ։ Այս հանդիպումներով է սկսվում երկու կարսեցիների ծանոթությունը։ Հետաքրքիր է, որ Չարենցը ամեն հանդիպման ժամանակ միշտ խրախուսում և քաջալերում է Շամոյին գրել քրդերի և իր կյանքի մասին և այդ ամենը հրատարակել գրքով։ Շամոյին էլ պրծում չկար։ Չարենցն ամեն անգամ Արաբե Շամոյին տեսնելով՝ նրան հիշեցնում է դրա մասին։ Ի վերջո Շամոն որոշում է գրել։

Շամոն 1930-ականներին ավարտում և հրատարակում է իր «Քուրդ հովիվը» գիրքը և մեկ օրինակ նվիրում Չարենցին։ Վերջինս շատ է ուրախանում՝ տեսնելով այս աշխատանքը։ Շամոն դրա մասին պատմում է. «Չարենցն այս գրքիս համար ինձնից շատ ուրախացավ»։

Եղիշե Չարենցը, ինչպես ևս Արաբ Շամոն, ծնվել է 1897 թ․ Կարսում և իր երիտասարդությունն անտեղ անցկացրել։ Չարենցն իր բանաստեղծություններում և այլ գրքերում հիշատակում է նաև Կարսը։ Նրա «Երկիր Նաիրի» վեպում իրադարձությունները տեղի են ունենում Կարսում։ Այս վեպի մի երկար հատված քրդերեն հրատարակվել է Հայաստանում։ Նրա «Լենինն ու Ալին» գրքույկը թարգմանվել է քրդերեն։ Չարենցը շատ է ուրախանում, երբ տեսնում է այդ թարգմանությունը։ Այս ուրախությունը հետագայում դառնում է հայ գրող Գարեգին Բեսի հուշագրության նյութ: Այստեղ նա գեղեցիկ կերպով նկարագրում է Եղիշե Չարենցի և քուրդ գրողների հանդիպումները։ «Rêya Teze» թերթում քրդերեն տպագրվել են Եղիշե Չարենցի տասնյակ գրվածքներ ու բանաստեղծություններ, գրքերի ներածություններ և նրա գրող լինելու մասին բազմաթիվ հոդվածներ։ Չարենցի հիշողությունները Կարսի քրդերի և Կարսի մասին, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը, տեղ են գտել նաև իմ «Կարսի քրդերը» գրքում։

Երկու հայտնի գրողները՝ Եղիշե Չարենցը և Արաբ Շամոն, իրենց կյանքի ամենաբեղուն տարիներին բախվում են անսպասելի իրադարձությունների։ Եղիշե Չարենցը մահացել է շատ երիտասարդ հասակում (1937 թ.), իսկ Արաբ Շամոն նույն թվականին աքսորվել է։

Արաբ Շամոյի հուշը նույնությամբ հրապարակում ենք ստորև։ Ինչպես կտեսնեք, Շամոն իր հուշերում բաց, պարզ ու անկեղծ լեզվով է նկարագրում իր լավ ընկերոջը՝ հայ նշանավոր բանաստեղծ Չարենցին։ Արաբ Շամոյի այս հուշը կարդալուց հետո տեսնում ենք, որ Չարենցը մեծ ազդեցություն է ունեցել Շամոյի վրա՝ ստեղծագործական սկզբնական տարիներին։ Չարենցի պես ծանոթները, ընկերներն ու լավ ընկերները հաճախ մեծ ներդրում են ունեցել մարդկանց կյանքում։ Եթե Արաբ Շամոն չհանդիպեր Չարնցին, գուցե գրող չդառնար կամ էլ այսօր չճանաչվեր որպես «քրդական վեպի հայր»։

Իմ հուշերը Եղիշե Չարենցի հետ

Արաբ Շամո

(Թարգմանությունը քրդերենից թուրքերեն՝ Դավրանե Ղարսի)*

Սեպտեմբեր ամիսն էր։ Կիրակի օրը գնում էի դեպի հրապարակ։ Այգու մոտ, որտեղ հիմա Ստ Շահումյանի արձանն է, ինչ-որ մեկը ձայն տվեց ինձ։

-Շամիլով, արի այստեղ։

Շրջվեցի ու ոչ մեկին չտեսնելով՝ շարունակեցի ճանապարհս։ Հանկարծ նորից մի ձայն լսվեց.

-Արաբ, արի այստեղ, ո՞ւր ես այդքան շտապում։

Երբ չորս կողմս զննեցի, տեսա Եղիշե Չարենցին՝ այգում մենակ նստած։ Գնացի նրա կողմը, բարևեցինք և նստեցի նրա կողքին։ Հետո Չարենցը սկսեց զրույցը։

-Իմ ընկեր Շամիլով, որտեղի՞ց ես, որտեղի՞ց ես այդքան լավ տիրապետում ռուսաց լեզվին։

Ես նրան ասացի, որ Կարսից եմ.

-Հայրս 45 տարի ռուսների մոտ մանր և խոշոր եղջերավոր անասուն է պահել։ Այնտեղ եմ սովորել ռուսերեն խոսելը:

Նա ծիծաղեց և ուրախ հարցրեց.

-Վա՜յ, դու իմ հայրենակիցն ես, ես էլ եմ Կարսից։

Հետո նա ինձ այս հարցը տվեց.

-Շամիլով, ինչո՞ւ գիրք չես գրում քրդերի մասին։ Շատ լավ կլիներ, որ գրեիր։

Ինքս ինձ ասացի՝ «Իմ ընկեր Չարենցն ինձ հետ կատակում է»։

-Ինչպե՞ս կարող եմ գիրք գրել, ես երբեք գիրք չեմ գրել:

-Արաբ, ինչո՞ւ ես այդպես ասում։ Ձեր հոդվածները ռուսերեն կարդացել եմ «Զարյա վոստոկա» թերթում, հայերեն՝ «Սովետական ​​Հայաստան» թերթում, լավն էին…։

Հետո միասին գնացինք սրճարան, սուրճ վերցրեցինք և սկսեցինք զրուցել։ Երբ դուրս եկանք սրճարանից, արևն արդեն մայր էր մտել։ Ես ու Չարենցն այնքան էինք տարվել զրույցով, որ կորցրել էինք ժամանակի զգացումը։ Չարենցին ասացի, թե ժամանակն է, որ տուն գնամ։ Չարենցը բռնեց ձեռքս ու ասաց.

– Արա՛բ, դու անպայման պետք է գիրք գրես քրդերի մասին… Դու կարող ես գրել քո կյանքի մասին: Նա մի քիչ մտածեց և այդ ամենն ասաց։ Հրաժեշտ տվեցի Չարենցին ու գնացի։ Հերթական անգամ հանդիպեցի Չարենցին։ Հարցրեց

– Արա՛բ, ի՞նր վիճակում ես։ Սկսե՞լ ես գրելը։ Գրում ե՞ս։

Ասացի, որ կարդացել եմ նրա հանձնարարած բոլոր գրքերը, բայց դեռ չէի սկսել գրել, քանի որ ժամանակ չունեի։ Անցավ մեկ տարի, ու նորից հանդիպեցի Չարենցին։ Նա տվեց նույն հարցը, ինչպես միշտ.

– Դե՛, ասա՛, Արաբ, վերջացրե՞լ ես գրելը։ Ես նրան հետևյալ պատասխանը տվեցի.

– Ընկե՛ր Չարենց, ես ոչինչ չեմ գրել, որովհետև ժամանակ չունեմ։

Երբ դա ասացի, նա շատ զայրացավ, դեմքը խոժոռվեց և ասաց.

– Դու ավարա մարդ ես։ Ինչո՞ւ ժամանակ չունես, ի՞նչ ես անում։ Քեզ հաճախ եմ տեսնում թատրոնում։

Այս անգամ նրան հաստատ խոստում տվեցի, որ կանեմ դա։ Եվ այդպես էլ արեցի։ 1931 թ լույս տեսավ իմ առաջին ռուսերեն գիրքը՝ «Курдийскый пастух»: Չարենցն ինձնից ավելի ուրախացավ այս գրքի համար և երբ կարդաց, ասաց.

– Արա՛բ, մեծ գործ ես արել, մանրամասն գրել ես քրդերի սովորույթների ու ավանդույթների մասին։ Բայց սա քիչ է, պետք է նորից գրել, պետք է ավելի ընդլայնել այս գիրքը։ Սա իմ վերջին հանդիպումն էր Չարենցի հետ։ Ինչ էլ որ գրում էի հետագայում, միտքս էին գալիս Չարենցն ու նրա մեծ զգայունությունը քրդական գրականության հանդեպ։

https://www.agos.com.tr/tr/yazi/30234/yegise-carents-ve-ereb-semo-iki-karslinin-erivandaki-bulusmasi

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net