կարևոր
7807 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-29 17:54
Հասարակություն

Եղիշե Չարենց և Վահան Նավասարդյան

Եղիշե Չարենց և Վահան Նավասարդյան

Արտասահմանյան ուղևորության օրերին՝ 1925 թ. փետրվարի 15-ի կիրակի առավոտյան, Չարենցն այցելում է Հռոմի ազգային թանգարան, ուր տեղի է ունենում նրա և Վահան Նավասարդյանի «չպայմանավորված» հանդիպումը։

Այդ «անակնկալ» հանդիպումը Հռոմի ազգային թանգարանի սրահներից մեկում Նավասարդյանի նախաձեռնությամբ Չարենցից գաղտնի կազմակերպել էին Մխիթարյան միաբանության հայր Դ. Տեր-Կյուլյանի հանձնարարությամբ Հռոմում Չարենցին ուղեկցող երկու ուսանողներ՝ ապագա բժիշկ Ահարոն Խաչատրյանը և ապագա ճարտարապետ Արման Սարյանը։ Այդ օրը Չարենցին ուղեկցել է Արման Սարյանը, որը և հանդիպման անմիջական կազմակերպիչն էր1։ Այդ հանդիպման տպավորություններով և, ընդհանրապես, ՀՅԴ-ի հանդեպ այդ տարիներին ունեցած վերաբերմունքով Չարենցը գրում է «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը (Արտասահմանյան պատմվածք)» գրությունը (1925, 16. II, Հռոմ) և տպագրում2։ Վահան Նավասարդյանի անդրադարձը «Չարենց։ Հուշեր և խորհրդածություններ» գիրքն է (Կահիրե, 1957, վերահրատարակվել է Թեհրանում, 1962 և Երևանում, 2007)։

Հռոմում կոմունիստ Չարենցի և դաշնակցական Վահան Նավասարդյանի «պատահական», «անակնկալ» հանդիպման մի դրվագ.

Նավասարդյան — Գիտցած ըլլաք, որ պիտի գանք, դահիճնե՛ր և ձեր ձեռքեն պիտի փրկենք մեր հայրենիքը, անիկա մերն է, մե՛նք կերտեցինք։

Չարենց — Հայ ժողովրդին պատուհասը եղած եք դո՛ւք, ձեր մտքեն բնավ մի անցնեք, թե օր մը կրնաք ոտք դնել հայրենի հողին վրա, քանի չեք փոխած ձեր խելքը, այդ օրը չեք տեսներ, հայ ժողովուրդը ատելով կ՛ատե ձեզ»3։ Եվ այսպես՝ երկու ժամ։
———————————
1 Տե՛ս Ա. Սարյանի հուշերը, «Սփյուռք», Բեյրութ, 1966, թիվ 38, էջ 2:
2 Տե՛ս ԽՀ, 1925, թիվ 77-78. 5, 7 ապրիլ։
3 Տե՛ս Ա. Խաչատրյան, «Եղիշե Չարենցի հետ Հռոմի մեջ», Բեյրութ, 1966, էջ 12-13, «Չարենցի հետ։ Հուշեր», 1997, էջ 161։

Այսպես մտաբերում է հուշագիրը։ Հիմա այս ամենն՝ ըստ գործող անձանց և գրավոր բնագրերի՝ Չարենցի արտասահմանյան պատմվածքի և Նավասարդյանի գրքի:

Չարենցն իր գրությունը բնորոշել է որպես «պատմվածք», մինչդեռ գեղարվեստական թանձր հագեցվածություն ունեցող ակնարկ է՝ որոշակի իրական հերոսով, նրա հետ անցկացրած խոսքուզրույցով:
Գրել է արտասահմանում, երբ ավելի մոտիկ էր տեսնում ու զգում խորհրդային կարգերի նկատմամբ ստեղծված բացասական վերաբերմունքը և իրեն դրսևորում որպես անհողդողդ կոմունիստ:
Արտասահմանյան շրջագայության այս օրերին Չարենցն այդպիսին էր. ընդամենը մի քանի տարի հետո շատ բան պիտի փոխվեր նրա մեջ: Փոփոխության անկյունադարձային ազդարարը պետք է լիներ արտասահմանից վերադառնալուց անմիջապես հետո նրա կազմակերպած «Նոյեմբեր» խմբակցությունը: Ամենևին պատահական չէ, որ խմբակցության նախնական «Հոկտեմբեր» համահեղափոխական անունը նա դարձրեց «Նոյեմբեր»՝ դրանով իսկ պարզ ասելով՝ այո՛, խորհրդային, բայց մեր, տեղական պայմանները հաշվի առնելով: Սա այն էր, ինչ նորագույն շրջանի գրականության ձևավորման սկզբում իր հանրահայտ հոդվածում առաջ քաշեց Ալեքսանդր Մյասնիկյանը4, ինչի համար սխեմատիկ կուսակցականները նրան հռչակեցին սպեցիֆիկ: Չարենցը ևս այս ճանապարհով գնաց դեպի համահայկականություն՝ ճանապարհ բացելով դեպի միջնադար, դեպի գրաբար, դեպի տոհմիկ հայրենի արժեհամակարգ:

Կիրակի առավոտ Չարենցն այցելում է Հռոմի ազգային թանգարան, առանց որևէ անակնկալի սպասելու՝ մտնում է ներս և միայնակ շրջում սրահներում, որովհետև «…դեռ չէին հավաքվել տուրիստները, այդ <...> համաշխարհային ցեցերը <...>, երբ մեկը, ետևից երևի մոտենալով, բռնեց հանկարծ թևս մի մի անասելի ֆամիլյարությամբ… Ցնցվեցի, Հռոմում ես չունեի բառացի և ոչ մի ծանոթ…»5: Չարենցը, պահպանելով իրավիճակի հավաստիությունը, հանդիպումը և հերոսին ներկայացնում է երգիծական-հեգնական-ծաղրական ոճով, ինչն իր հետ բերում է չափազանցություններ ու ծամածռություններ. «Ա՜, եթե չեմ սխալում՝ Դուք պետք է պարոն Չարենցը լինեք»,— ասում է Նավասարդյանը:
————————
4 Տե՛ս «Պրոլետարական գրականության նվիրված «Մուրճ» ամսագրի N 1-ի առթիվ», ԽՀ, 1922, թիվ 267-268, 1-2 դեկտեմբեր։
5 Տե՛ս Ռ. Արիստակեսյան, «Գրական վավերագրեր. 1920-1930-ական թվականներ», հ. 1, Ե., 2020, էջ 605։

Չարենցի անդրադարձը. «…տպավորությունս այն էր, որ ես հանդիպում եմ մեկին, որին տարիներ առաջ տեսել եմ դագաղում… <...>, մի կենդանի ննջեցյալի, <...>, մի հարություն առած հանգուցյալի, որին ես ինքս սեփական աչքերով տեսել եմ դագաղում, անգամ ճանապարհ եմ դրել մինչև գերեզմանատուն և նույնիսկ մի բուռ հող էլ ինքս եմ ցանել վրան <...>: Եվ ահա հանկարծ, այսքան անսպասելի կերպով ելնում է դեմս նա՝ այդ հանգուցյալը… <...>, փաստը մնում է փաստ և այդ փաստն այն էր, որ այս կամ այն ճանապարհով կողքիս բուսած այդ պարոնն ամենայն սիրալիրությամբ նայում էր աչքերիս և արդեն սեղմում էր ձեռքս բարեկամական ամենայն քնքշությամբ»6։

Ձեռքսեղմումը փոխադարձվում է, բայց նա ստանում է Հանգուցյալ Պարոն անունը: Հիշում է նրան որպես խմբագիր «…մի հայտնի կուսակցության, ես անգամ կասեի՝ մի տիեզերական կուսակցության կենտրոնական թերթի»7։ Նկատի ունի Թիֆլիսում լույս տեսնող «Հորիզոն» օրաթերթը, որի խմբագիրն էր Նավասարդյանը 1918 թ. հուլիսի 16-ից:

Զրույցը ծավալվում է. ի՞նչ պետք է խոսեին երկու հայրենասեր հայորդիներ, որոնց բաժանում էր սոսկ, …բայց աչալուրջ կուսակցական պատկանելությունը և Հայաստանի պատմաքաղաքական անցյալն ու ներկան: Մեկը մնացել էր անցյալում՝ որպես Հանգուցյալ Պարոն, մյուսը ներկան կառուցողն էր և իր օրերի երգիչը: Մեկը՝ վտարանդի, մյուսը՝ երկրի պատվիրակ, ճանապարհորդ: Չարենցը նշում է, որ իրենց զրույցը ներկայացնում է բառացի, այնպես, ինչպես եղել է. «Ընդհանրապես խնդրում եմ նկատել, որ ես այստեղ տալիս եմ այդ պարոնի խոսքերը՝ համարյա բառացի ճշգրտությամբ»8: Մոռանալու հարց չկար, որովհետև շարադրել է թարմ տպավորություններով անմիջապես հաջորդ օրը Հռոմում:

Մեկը մյուսին վերաճանաչելուց, առանձին դրվագներ հիշելուց հետո երկուսի առջև կանգնում է երեկվա ու այսօրվա Հայաստանի կերպարը: Նավասարդյանի կարոտն է, որ անգամ ձերբակալվելու վտանգն աչքի առաջ ունենալով՝ ասում է՝ ինչ գնով էլ լինի պիտի մեկնի Երևան. «Բայց ես չեմ կարող առանց Երևանի,— համարյա լացակումաց բացականչեց Հանգուցյալը:—Ես, ինչ էլ պատահի, պիտի գնամ, լսո՞ւմ եք։ <...>: Օ՜, Դուք չեք կարող հասկանալ, թե ի՞նչ բան է հայրենիքը և ի՞նչ է հայրենիքի կարոտը․․․ թեկուզ, ներողություն, կարծում եմ, որ Դուք անձամբ
—————————
6 Նույն տեղում:
7 Նույն տեղում, էջ 606:
8 Նույն տեղում, էջ 607:

հասկանում եք… Այդ բանին ապացույց կարող է ծառայել Ձեր «Ես իմ անուշը…»… Օ՜, ես հիացած եմ Ձեր այդ բանաստեղծությամբ, ես նույնիսկ արտատպել եմ այն իմ թերթում»9։ Խոսքի շաղախը նույնն է. «…քաղցր բան է հայրենիքը, պ. Չարենց և ոչ մի բանով չի կարելի փոխարինել»10: Այսպես շարունակվում է Նավասարդյանի կարոտաբաղձ խոսքը՝ Չարենցի միջարկումներով՝ «…ահռելի է, երբ մեռելը ծիծաղում է կենդանի մարդու վրա»11։ Նավասարդյանի խոսքի մեջ հնչում են արտահայտություններ, որոնք Չարենցը գրանցում է. «Դուք չե՞ք վիրավորվում, որ բոլշևիկյան արյունարբու բռնակալության ագենտ եք և այդ չգիտեք»։ «Եվ տղայական է ձեր այն միտքը, թե Դաշնակցությունը մեռել է երկրում: Դաշնակցությունը կա: <...>: Դուք չեք հասկանում Դաշնակցության մոգական ուժը, պարո՛ն. դա մի այնպիսի ուժ է, որ բոլոր հայերին կապում է իրար, այո՛, բոլոր հայերին, առանց բացառության: <...>: …հարկավոր է բոլշևիկ չլինել: Թողեք ձեր հիմար դասակարգային թեորիան, պ. Չարենց, և մանավանդ ձեր սոցիալիզմը»12։

Նավասարդյանը հետաքրքրվում է Երևանի փողոցների նորոգմամբ… Եվ Չարենցը «մանրամասն պատմում» է ամեն ինչի մասին՝ մտքում ինքն իրեն հարց տալով, թե ինչո՞ւ է հետաքրքրվում միայն փողոցներով, բայց ոչ երկրի ընդհանուր շինարարությամբ: Չարենցը թեև հեգնանքով, բայց Նավասարդյանի խոսքերից արձանագրում է ճշմարտություններ. նրա ներքին դիրքորոշումը իր հերոսի հանդեպ ճիշտ այնպես է, ինչպես նոր-նոր ավարտած «Երկիր Նաիրի» վեպում, երբ թվում է, թե քննադատում է Մազութի Համոյին, բայց երգիծանքի թեթև շղարշի տակ Կարսի պաշտպանության կապակցությամբ նրա շուրթերից այնպիսի ճառ է հնչեցնում, կարծես Ղևոնդ Երեցն է Ավարայրի ճակատամարտից առաջ կամ Վահան Մամիկոնյանը՝ Վահանանց պատերազմից առաջ…

Հեգնական ժխտումով հաստատելու կամ համակրանք դրսևորելու այս բազմանիստ պտտվող խոսքը դառնում է չարենցյան ոճի անբաժանելի մասը: Իր ասելով՝ հասկացողը կհասկանա… Իսկ հասկացողը կհասկանա, եթե խոսքի այդ պտույտների միջով հետևի խոսքի իմաստին և շինծու արտաքին հեգնանքը սահմանազատի հաստատուն խոսքից։

—————
9 Տե՛ս նույն տեղում, էջ 607։
10 Նույն տեղում։
11 Տե՛ս նույն տեղում, էջ 608։
12 Նույն տեղում, էջ 608, 609։

Ահավասիկ Նավասարդյանի հերթական խոսքը. «Մի՞թե գաղտնիք է Ձեզ համար, որ հոժարակամ հանձնեցինք իշխանությունը ժողովրդին փրկելու նպատակով: Եվ մենք փրկեցինք ժողովուրդը՝ հեռանալով իշխանությունից»13։

Ի վերջո, Նավասարդյանը հետաքրքրվում է Հայաստանի շինարարությամբ և ավելացնում․ «…մենք ընդհանրապես այն համոզմունքն ունենք, որ ինչ-որ շինում եք դուք երկրում, շինում եք մեզ համար: Այնպես որ, որքան շատ, այնքան լավ»14։

«Մեզ համար»-ը, ըստ էության, նույնն է, թե՝ երկրի համար, որովհետև կուսակցությունները գալիս են ու գնում, իսկ ժողովուրդը մնում է:

Հեգնանքը խորանում է այն աստիճան, որ, եթե ձեր աչքերով նայենք իրականությանը, Հայաստանում չկան ո՛չ սրճարաններ և ո՛չ ճաշարաններ, չկան դահլիճներ, որպեսզի ժողովներ գումարվեն, իսկ կանայք սպիտակեղեն չեն օգտագործում, որովհետև չունեն, այլ տկլոր շրջում են Աբովյանով:

Սա խոսք ու զրույցի արտաքին ձևն է, բայց Չարենցը վեհանձնորեն պահում է հարգանքը զրուցակցի նկատմամբ, որովհետև հանգամանքների մեկ այլ դասավորության դեպքում տեղերը կարող էին նույնությամբ փոխվել: Սա երկու պատասխանատու հայի հայելային անդրադարձ խոսքն է հայրենիքի ճակատագրի հանդեպ: Իսկ խորքում հաշտությունն է, որի խորհրդանշական արտահայտությունը Նավասարդյանի նամակն է, որ նա տալիս է Չարենցին՝ Երևանում հանձնելու մորը:

Ամբողջ շարադրանքի ընթացքում Չարենցը մի քանի անգամ հիշում է իր մոր խոսքերը հանգուցյալների մասին, ըստ որի՝ նրանց հանդեպ պետք է լինել մեղմ ու բարի: Երկու մայրերն էլ դեռ ապրում էին, և նրանք ըստ էության, դառնում են Մայր Հայաստանի խորհրդանշանը և խորքում հաշտեցնում երկու որդիներին, որոնք հայրենիքի համար նույն մարդն էին, եթե չլինեին կուսակցական տարբերությունները: Իսկ կուսակցականությունը, վերջին հաշվով, երբեմն հասցնում է ոչ միայն գաղափարական մոլեռանդության, այլև՝ մոլագարության: Համենայն դեպս կատաղի բոլշևիկները քիչ չէին հատկապես 1920-1930-ական թվականներին:

Հուսալով, որ ընդամենը երկու տարի անց իրենք Երևանում կլինեն, Նավասարդյանը, ինչպես աննկատ եկել էր, այդպես աննկատ էլ հեռանում է Չարենցի գրության մեջ…
——————————
13 Տե՛ս նույն տեղում, էջ 609:
14 Տե՛ս նույն տեղում, էջ 609:

Չարենցի ասած այս պատմվածքը՝ իրականում ակնարկը, նրա հանճարի բացառիկ փայլատակումներից է: Այո՛, ինքը հանդես է գալիս որպես կոմունիստ և հեգնում է Դաշնակցության երևելի դեմքերից մեկին, բայց խորքում միասնությունն ու ընդհանրությունն ավելի շատ է, քան արտաքին ձևի մեջ դրված առճակատումը: Այդպե՛ս, որովհետև խորքում հայրենիքի բախտն ու ճակատագիրն էր, իսկ նրանք անձնապես իրար հետ հակասություն չունեին․ միայն կուսակցականն էր կուսակցականի դեմ, այնինչ խորքում երկու հայրենասեր հայեր էին, որոնք կայացած հայրենիք էին երազում…

Վահան Նավասարդյանը (1886-1956) ուսանել է Պետերբուրգի համալսարանի պատմության և տնտեսագիտության բաժանմունքներում: Երիտասարդ տարիքից մտել է Դաշնակցության շարքերը և դարձել կուսակցության եռանդուն գործիչներից մեկը, 1919 թվականին կուսակցական ցանկով ընտրվել է ՀՀ խորհրդարանի: Առաջին հանրապետության անկումից հետո հեռացել է Պոլիս, Բեռլին, ապա հաստատվել Կահիրեում և 1922-ից ստանձնել ՀՅԴ օրգան «Հուսաբեր» օրաթերթի խմբագրի պաշտոնը, վերջին տարիներին, մինչև մահ՝ խմբագրապետ: Շուրջ քառորդ դար եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ։ Նրա գիրքը լույս տեսավ ետմահու։

Գրքում նշում է, որ Չարենցին ճանաչել է «…երկրից. ավելի ճիշտը՝ այն օրից, երբ ընկ. Աղբալյանը նրա ծնունդն ավետեց»15։ Ասում է, որ «անակնկալ» հանդիպումն, իբր, տեղի է ունեցել Չարենցի նախաձեռնությամբ, որը չի համապատասխանում իրականությանը։ Գրում է. ««Մի օր ինձ մոտ եկավ իմ և Չարենցի մեկ ընդհանուր ծանոթը և մտերմաբար ասավ. «Ձեզ մի հետաքրքրական լուր, այստեղ է Չարենցը, իրեն հայտնեցի Ձեր մասին. փափագ ունի Ձեզ հանդիպելու, բայց չի ուզում, որ Դուք այս մասին իմանաք. Ես խոստացա հանդիպումը գլուխ հանել և իր փափագը Ձեզանից գաղտնի պահել <…>: Հաջորդ օրը, «անակնկալի եկած», թանգարանի նկարներից մեկի առջև տեսա Չարենցին ու դրանից հետո այն մի քանի օրը, որ ես մնացի Հռոմ, մենք եղանք գրեթե միասին»16։ Խոսում է «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը» գրության մասին. «…Չարենցը մեր հանդիպումին գրական ձև է տված, արդեն խորագիրն իսկ մատնում է գրության թաքուն իմաստը, հանձին նվաստիս՝ Չարենցը պատահական հանդիպում է ունենում Հ. Յ. Դաշնակցության հետ, որ իր համոզումով՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո ամեն տեղ մեռա՜ծ ու գերեզմանվա՜ծ պիտի

——————
15 Տե՛ս Վ. Նավասարդյան, «Չարենց: Հուշեր և խորհրդածություններ», Ե., 2007, էջ 25։
16 Նույն տեղում, էջ 24-26։

լիներ…»17։
Ահա նաև Չարենցի գրությանը նրա տված գնահատականը. «…Չարենցը ընդարձակորեն տալիս է միայն մեկ մասը այն զրույցի, որ զանազան՝ «գերազանցորեն քաղաքական», հարցերի շուրջ նա ունեցավ ինձ հետ: Ես չեմ կարծում, թե այդ զրույցից որևէ բան նա թաքցրած լինի իր իշխանավորներից: Եվ պատճառ չուներ այդպես անելու, լիապես համոզված եմ, որ առանձին գրությամբ նա մեր հանդիպումը իր անխարդախ ձևի մեջ հանձնած է, ուր պետք է:

Խորքին մեջ անճիշտ խոսք չունի Չարենցը․ մեր զրույցի նաև այն մասի մեջ, որ հրատարակության տված է, բայց միայն, ինչպես ասացինք, գրական ձևի տակ: Ճիշտ չէ ձևը, բայց ոչ խոսքը»18։ Սա լավ է, որ երկուստեք վկայում են, որ խոսքի նենգափոխություն չի եղել. Փոխադարձ վստահությունն էլ արժեք է տալիս նրանց գրություններին:

Նավասարդյանը Հռոմի Via Imperia պողոտայի պատին տեսնում է պատմական քարտեզ՝ Հայաստանով հանդերձ, ներշնչվում ու «Չարենցի շքեղ երգը՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն քաղցրությամբ և լի հոգիով» արտասանում, բայց վեճը շարունակվել է։ Չարենց. «Եթե իմանայի, թե այդքան Դուք պիտի սիրեք այդ կտորը, ես այն չէի գրի: <…>: Ո՛չ, կգրեի, բայց չէի հրապարակի»19։ Հրաժեշտից առաջ Չարենցն ասել է. «Ո՛վ գիտե՝ հիմա ի՞նչ բաներ պիտի գրեք մեր հանդիպումի և մեր ունեցած զրույցների մասին»։ Նավասարդյանը պատասխանում է. «Չէ՛, ոչ միայն լրջացել և հասունացել եք, այլև անհամեստացել․ ի՞նչ պիտի գրեմ Ձեր մասին և ինչո՞ւ պիտի գրեմ, որքան մեծ բանաստեղծ եք, այնքան փոքր քաղաքական դեմք եք, ո՞վ է հետաքրքրվողը Ձեր քաղաքական դատումներով, իսկ ինչ վերաբերում է Ձեր գրական տաղանդին, այդ մասին Աղբալյանն արդեն խոսել է, ես նոր ի՞նչ պիտի գրեմ: Չարենցը չառարկեց և չբողոքեց. իբրև բարեկամներ բաժանվեցինք մենք և բաժանվեցինք առհավետ»: Եվ այս հատվածի վերջաբանը. «Ես, համաձայն խոստումիս, որևէ տեղ ոչինչ չգրեցի, անգամ իր «Պատմվածքը» լույս տեսնելուց հետո, ուր բանաստեղծը, քաղաքական գործչի հովեր առնելով, քաշքշում էր ինձ և Դաշնակցությունը»20։
—————————
17 Նույն տեղում, էջ 27:
18 Նույն տեղում, էջ 31-32:
19 Նույն տեղում, էջ 42։ Նավասարդյանը նույնը մտաբերում է մեկ անգամ ևս էջ 49-50։
20 Նույն տեղում, էջ 43:

Վերջում Նավասարդյանը Չարենցին է հանձնում Երևանում ապրող մորը հասցեագրված նամակ, որը Չարենցը վերադարձին հանձնում է հասցեատիրոջը։

Նավասարդյանի գիրքն անձնական հանդիպման դրվագներից բացի՝ նաև Չարենցի ստեղծագործության վերլուծության փորձ է: Նախապես ասենք, որ կան փաստական տարբեր բնույթի վրիպումներ. գրում է՝ Հռոմից առաջ Չարենցը եղել էր Վենետիկում, մինչդեռ Վենետիկ պիտի գնար Հռոմից հետո21, կարծիք է հայտնում, թե ««Երեքների» գրական այս որջի քայքայումին մեջ, ըստ երևույթին, իր մեծ դերը ունեցած է նաև ընկ. Ն. Աղբալյան»22, մի բան, որ ամենևին այդպես չէ: Կա անտեղյակություն․ նրան անհայտ է Չարենցի վերջին գրքի տպագրության պատմությունը, չգիտի, որ 1933-ին լույս տեսնելու փոխարեն «Գիրք ճանապարհին» փոփոխություններով լույս տեսավ 1934-ին և զարմանում է, թե ինչպես 1933-ին լույս տեսած գրքում կարող էին տեղ գտնել 1934-ին գրված գործեր․ «Այս է, որ մնում է անըմբռնելի»23։ Սկսում է 1922 թ. «Երեքի» դեկլարացիայից, հիշեցնում սեռական առողջ բնազդի տեսությամբ պոեզիայի մեջ կուտակված «բարոյական տիղմը»24: Անդրադառնում է Աղբալյանի «Եղիշե Չարենցն ու ես» («Ակոս», Զ., Բեյրութ, 1945 ) գրությանը, Աղբալյան – Չարենց հարաբերություններին, միջարկում, որ Աղբալյանի մասին խոսել են իրենց հանդիպումների ժամանակ: Այն կարծիքին է, որ Չարենցի «Ես այն չեմ այլևս…» բանաստեղծության «Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի, // Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա» տողերի մեջ «հայրենի ձեռքը» իր «առաջին ուսուցիչ» Աղբալյանն է (Չարենցն այդպես է ընծայագրել իր մոսկովյան երկհատորյակի վրա):

Զրույցի ժամանակ Չարենցը ասել է. «Բարի եղեք, խնդրում եմ, ասել Նիկոլ Աղբալյանին, որ ես իրենից չեմ վախենում», հետո բացատրում է. «Նիկոլը կարծում է, որ ես իբրև բանաստեղծ կմեռնեմ, թող չվախենա, չեմ մեռնի»25: Մեջ է բերում Աղբալյանի բարձր գնահատանքի խոսքերը՝ «Նա մրրկահավն եղավ աշխարհասասան հեղափոխության…»26 և իր կողմից ավելացնում. «Չարենցի հռչակը շատերի նախանձը շարժեց, և որքան ավելի ծավալեց պոետի համբավը, այնքան կրքերն ավելի բորբոքվեցին նրա անվան շուրջ»27:
——————
21 Նույն տեղում, էջ 27։
22 Նույն տեղում, էջ 33։
23 Նույն տեղում, էջ 41, էջ 51:
24 Նույն տեղում, էջ 22։
25 Նույն տեղում, էջ 42։
26 Նույն տեղում, էջ 43։
27 Նույն տեղում, էջ 46։

Մեջբերումներով հիշատակում է «Էպիքական լուսաբաց» և «Գիրք ճանապարհի» ժողովածուները, «Դաշնակցականներին» բանաստեղծությունը, բացահայտում Դաշնակցության հանդեպ անդրադարձներն այդ գրքերում:

Հիշատակում է Մակինցյանի, Վանանդեցու, Դաբաղյանի, Տեր-Սիմոնյանի և այլոց կարծիքները Չարենցի մասին, Նաիրի Զարյանի մեղադրանքները, որն ամեն ինչի մեջ նացիոնալիզմ էր տեսնում: Այս մարդկանց միջոցով է, որ Չարենցը հռչակվում է նացիոնալիստ, դասակարգային թշնամու գործակալ, ժողովրդի թշնամի, անգամ հակահեղափոխական ու ահաբեկիչ: Նավասարդյանը ճիշտ հետևության է հանգում. «Չարենցի դեմ տեղացող մեղադրանքները խտացված են գլխավորաբար մեկ բառի մեջ՝ ԴԱՇՆԱԿԻԶՄ», այնուհետև. «Չարենցը փորձեց այս երկուսը՝ «Դաշնակցությունը» և «դաշնակիզմը», զատել իրարից, առաջինի դեմ պայքարել, իսկ երկրորդի հետ հաշտ ապրել, երբ խորքին մեջ էականը երբեք անոթը չէ (Դաշնակցություն), այլ ոգին, հոգեբարոյական այն գանձը, այն մեծ ու հավերժական գաղափարը (Դաշնակցություն), որ ամփոփված է այդ անոթի մեջ»28: Այս հայացքով Չարենցի բանաստեղծություններից բերում է տողեր, որոնցում նա «…պայքարում է Դաշնակցության դեմ» և տողեր, որոնցում թևածում են Դաշնակցության գաղափարները և, առաջին հերթին, «Պատգամ» բանաստեղծության միջնակապը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»29:

Ըստ նրա՝ Դաշնակցության դեմ է ուղղված «Սոնետի» «Օ՜, դո՛ւք, որ բիրտ ու բութ՝ քարկոծել եք ինձ միշտ…» տողով սկսվող հատվածը30, մինչդեռ. «Չեմ հիշում, թե մենք պայքարած լինենք Չարենցի դեմ. ընդհակառակն, մենք սիրած ենք իր քնարը և մեծարած իր երկերը մեր հանդեսներում և հավաքույթներում»31:

Ուշագրավ է երկու Չարենց հարցադրումը. «…այն օրից, երբ Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանությունը, երկու Չարենցներ հարատևաբար, մինչև պոետի եղերական մահը մաքառում էին իրարու դեմ»32:

———————
28 Նույն տեղում, էջ 58։
29 Տե՛ս Ե. Չարենց, ԵԺ, IV, էջ 427-428։
30 Նույն տեղում, էջ 399։
31 Նույն տեղում, էջ 59։
32 Նույն տեղում, էջ 60։

Մեկը բոլշևիկ Չարենցն է, որ կուսակցական պարտավորություն ուներ, իբր «…երբեմն կորսվում, տկարանում և գլուխ ու հոգի էր ծռում մինչև իր քնարն ուրանալու աստիճան, մինչև պայքարը բուն իսկ Չարենցի դեմ»33:

Սա ուրացող Չարենցն է. ըստ նրա՝ ուրացավ «Ես իմ անուշ…»-ը, չզետեղեց «Երկերում»: Այնտեղ ասում էր. «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա», իսկ «Գիրք ճանապարհի»-ում՝ «Օ՜, մռայլախոս դպիրներ սև, // Դո՛ւ Շնորհալի՛, և դու, Նարեկ»: Նավասարդյանը հավելում է. «Նարեկացու «լուսապսակ ճակատ»-ը իշխանավորի սաստի տակ այստեղ դարձել է… անլույս և անարև, դարձել է պատան մտքի, դարձել է դագաղ»34:

Մյուսը ազատ, ապերասան ասպատակն է: Այս տեսակետից ճիշտ դիտարկումներ է անում «Գիրք ճանապարհի» ժողովածուի տպագրության և դրա դեմ ուղղված բոլշևիկյան քննադատության մասին. գիրք, որը «փոթորիկ ստեղծեց իր շուրջ»35: Այստեղից անցնում է այդ գրքի վերլուծության և եզրակացնում, որ այն «…ճիշտ այս բևեռացած, երկու այս իրարամերժ զգացումների արտահայտությունն է»36:
Երկրորդ՝ Չարենցը, ըստ նրա, այլ է. «…ըմբոստացավ պոետը և պայքարի դրոշ պարզեց իր հալածիչների դեմ, ի հայտ եկավ, որ նա մի պահ տկարացած էր միայն մարմնով, բայց երբեք՝ հոգիով»37: Հղումներ է անում 1935-1937 թթ. «Գրական թերթի» արյունոտ էջերից, հասնում մինչև Չարենցով հետաքրքրված Ստալինի խոսքերին, անգամ տեղեկացնում, որ այն տպագրվել է չորս պաշտոնաթերթում («Պրավդա», «Իզվեստիա», «Զարյա Վոստոկա», «Խորհրդային Հայաստան»), մեր կողմից հավելենք՝ նաև «Գրական թերթում»:

Ճիշտ դիտարկում է Չարենցի պատմական հայացքի այս ճեղքումը. «Երկու ուժեր – վարիչ և ժողովուրդ…»38, որոնք հակադրված են «Պատմության քառուղիներով» պոեմում․ անանուն արքաներ են, իշխաններ և ճորտեր:

————————
33 Նույն տեղում, էջ 60։
34 Նույն տեղում, էջ 49։
35 Նույն տեղում, էջ 64։
36 Նույն տեղում, էջ 68:
37 Նույն տեղում, էջ 50։
38 Նույն տեղում, էջ 75։

Մինչդեռ «Մահվան տեսիլ» պոեմում ամեն ինչ այլ է․ քողարկված անուններ են, այդ թվում՝ ՀՅԴ-ի առաջնորդներ և երևելի դեմքեր39: «Հանդիպում ենք նաև «Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, հըդահյո՜ւն»-ի, որ տարբեր մեկը չէ, քան Հ. Յ. Դաշնակցությունը»40։

Իսկ «Խա՜ն-Բա՜ն-ոտ» արտահայտությամբ Դաշնակցության գործերից պոեմում Չարենցն ակնարկում է նախ՝ 1897 թ. Խանասորի արշավանքը և ապա՝ 1896-ի օգոստոսին Բանկ Օտտոմանի գրավումը: Նրա մեջ հարգանք է առաջացնում Չարենցի «Մեր երկրի արի այրերից կազմված մեծ մի բանակ» տողը («Մահվան տեսիլ», տող 239):

Քանի որ ինչպես «Էպիքական լուսաբաց»-ում, այնպես և «Գիրք ճանապարհի»-ում և անտիպներում Չարենցը շատ հիմնավոր է անդրադառնում Դաշնակցությանը, ուստի հարցի քննարկումը մեր կողմից կանենք առանձին:

Անդրադարձ կա «Ընտիր էջեր հայ գրականության» (Երևան, 1946) գրքին, որի մեջ ստալինյան գործերով ընդգրկված է նաև Չարենցը («Երրորդ այգաբաց», «Թուղթ Իոսիֆ Ստալինին» պոեմի «Ուղերձը») և քննարկում է Չարենց – Ստալին հարցը:

Ճիշտ է ներկայացնում «Հայնրիխ Հայնե» բանաստեղծության էությունը, ըստ որի՝ այն ուղղված է բոլշևիկյան տականքի դեմ, որը սպառնում է իրեն41: Ամբողջությամբ մեջ է բերում «Պատգամը» և գնահատում համազգային նշանակությամբ, ըստ որի՝ այն ոչ թե հայության մասի մասին է, այլ ամբողջի, ինչի վկայությունը գաղտնագրի «հավաքական ուժ» արտահայտությունն է42:
Ըստ Նավասարդյանի՝ «Հայաստանը տակավին չխորհրդայնացած՝ Չարենցն արդեն Չարենց էր: <…> … նրան ևս մենք ժառանգություն ձգեցինք նոր իշխանության և ելանք երկրից»43: Չարենցի գնահատությունն, ըստ ամենայնի, շատ բարձր է. «…նորագույն շրջանի մեծագույն բանաստեղծ»44:

————————

39 Տե՛ս ԵԺ, IV, էջ 231-241։
40 Նույն տեղում, էջ 78:
41 Տե՛ս նույն տեղում, էջ 91:
42 Նույն տեղում, էջ 96:
43 Նույն տեղում, էջ 44-45:
44 Նույն տեղում, էջ 24:

Վերջում Չարենցի տողերով հիշում է Պուշկինին և ավելացնում. «Հավերժաբար մաքուր և մեծ պիտի մնա իր երախտագետ ժողովրդի մեջ նաև այս եղերաբախտ ու անմահ գուսանը՝ Հայոց Աշխարհի Պուշկինը»45, այսինքն՝ Չարենցը:

Գիրքն ավարտվում է «Մայրս» վերջաբան-վերջերգով: Գրում է, որ նամակ տվեց, որպեսզի հանձնի մորը. «Եվ պոետն էլ սիրալիր պատրաստակամությամբ նամակս առավ և ծոցագրպանը դրավ»46: Հիշում է մորը՝ Հռիփսիմե Սաֆարյանին, հորը, որը մահացել է ամուսնությունից հինգ տարի անց՝ թողնելով երեք անչափահաս երեխաների: Շուշին կորցնելուց հետո տեղափոխվել են Թիֆլիս, այնուհետև հաստատվել Երևանում: Հայաստանի խորհրդայնացումից հետո ինքը տարագրվել է, մայրը մնացել է Երևանում: Մոր հետ պահպանվել է նամակագրական անխաթար կապ, ինչի համար իր գոհունակությունն է հայտնում խորհրդային իշխանությանը: Հաճախակի և շատ անհարկի հիշեցնում է, որ իր նյութական դժվար պայմաններում միշտ օգնել է մորը (իհարկե, պիտի օգներ, ինչ ասելու բան է):

Չարենցի «Արտասահմանյան պատմվածքը» «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվելուց հետո մայրը վրդովմունքով ու բողոքով գնացել է խմբագրություն, հասել մինչև խմբագիր, հայտնել դժգոհությունը․ հանգստացրել, ճամփու են դրել:

Ավելի ուշ մայրը գրում է որդուն. «Մի օր դուռս մեկը ծեծեց, բացի ու տեսա, որ երիտասարդ ու կարճահասակ մեկը քաղցր ձայնով ինձ մայրիկ ասելով՝ մի նամակ է տալիս ինձ. Չարենցն էր, մեկ այնպիսի լեզու բանեցրեց, որ ես ամեն ինչ մոռացած՝ կլոլակի հրավիրեցի իրեն. Կիրակի օրը եկավ ու կերավ. կարծեմ իր կյանքումը էդպես կլոլակ դեռ չէր կերած»47: Նորից հաղթում է մայրական համերաշխության ոգին, երկու որդիների միջև նորից կանգնում է Մայր Հայաստանը: Եվ ամենևին պատահական չէ, որ Նավասարդյանը գիրքը եզրափակում է Չարենցի «Մորս համար գազել»-ով և իր դեմ ուղղված Չարենցի հիշյալ գրությամբ։

————————
45 Նույն տեղում, էջ 131։
46 Նույն տեղում, էջ 132:
47 Նույն տեղում, էջ 145։

Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Դավիթ Գասպարյան

«Դրօշակ» թիվ 5, 2023թ.