կարևոր
9028 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-15 16:55
Հասարակություն

Վախեցած, սարսափած, զինված և պատրաստված․ այսպիսի երկի՞ր եք երազել․ Սրբազանը՝ ժողովրդին

Օպերայի հարակից տարածքում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվածների «հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտնում են Օպերայի շենք։ «Սա նշանակում է՝ վախ, նշանակում է՝ սեփական ժողովրդից օտարված լինել»,- իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը։
 

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Նախապես հայտարարվել է, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սարյանի անվան այգի

Կոնսերվատորիայի դիմացի այգի

Սուրբ Աննա եկեղեցու բակ

Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։

Ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Կադրերում երևում է, որ  ոստիկաններին մահակներ են բաժանում:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: