կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-31 12:12
Առանց Կատեգորիա

Երկի՛ր, նման երազի

Երկի՛ր, նման երազի

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 00:01-ին կյանքից հեռացավ բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը: yerkir.am-ը ցավակցում է պոետի հարազատներին, գրչընկերներին և ընթերցողներին

 

 

Եթե  «պահանջները» - վերին լինեն, թե մնացած - այլեւս անիրականանալի ու «հին Կապերը»  քանդված ես տեսնում, ապա համարում ես նաեւ, որ նորերը պիտի ստեղծվեն (որտեղի՞ց), իսկ եթե պնդում ես, որ հավերժական կամ անիծյալ հարցերն այդպես էլ անպատասխան մնացին, ապա պիտի շարունակես դեգերումդ մինչեւ վերջ ու դեռ որպես սփոփանք էլ դարձյալ ու դարձյալ մտածես միհին, բազմիցս,լի ու լի մտածված մի համեմատություն. ծով է, ալիքներ են, մակընթաց են ու տեղի տվող, տեղի տվող են ու մակընթաց։

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

Մենք ապրում ենք անտիհերոսի ժամանակաշրջան: Հերոսները զոհվեցին պատերազմում կամ խաղաղության մեջ: Վերջին հանգամանքը ծանրացավ հաղթանակած ազգի ու սերին, նրանց ուսերին, ովքեր մինչ այդ էլ շատ-շատ էին կորցրել (հիմա հույսով ու հավատով համախմբվել էին իրենց առաջնորդների շուրջ, որոնցից, ավաղ, դաժանորեն պիտի հիասթափվեին): Երկիրը լցվեց աղքատությամբ, կուսակցություններով ու թերթերով:

 

Բոլորը քաղաքագետներ դարձան: Սկսվեց հայհոյակռվի մի երկար, մղձավանջային շրջան, հայհոյակռիվ, որը հրապարակախոսություն հորջորջվելու հավակնությունն ուներ:

 

Ուգնա՛ց դատարկ գնացքը նաիրյան երկրով

 

Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

 

 

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

... Բայց պետք է փառքը պոետին,

Որպես անձրեւանոց…

Թիկնապահներ, անշուշտ, պետք չեն

Բանաստեղծին.

Առանց թիկնոց քարշ է գալիս, ահա,

Անձրեւի տակ։ -

Ողջ կեցվածքով հավատում է

Դեռ չեղածին.

Ծիածանն է գլխին

Կապում

Լուսապսակ։

 

ՀԱՅՐԵՆԻՔՍ

Դու իմ սրտում պիտի չլինե՛ս -

Հիվանդ է սիրտս,

Չի՜ տրոփում։

Դու իմ գլխում չպիտի՛ լինես -

Անհաղորդ է

Միտքս։

Մնա վերում, քանզի Աստծո ամպն ես –

Գլխիցս վեր,

Որ հույսի

Մեծամեծ կարկուտներ է թափում

Գլխիս,

Ուսերիս,

Կրծքիս։

 

***

Ի՛նչ խոր անդունդ, որ քա՛ն խոռոչ՝

Մարմնի մեջ մարդազունի,

- Լսվեց ահա՝ ձայն ոգեկոչ...

Եւ պոռթկումներ  ներանհունից։

Անձեռակերտ վեհ պատգամներ,

Խոսքե՜ր - հրե տառով արված...

Ի՞ր հոգին է վիհին գամել

Աստծո ամեն մի արարած։

 

ԱՐԵՎԱՄՈՒՏԸ ՀՈՒՆԱԿԱՆ ՋՐԵՐՈՒՄ

Նավակների վտառները գույնզգույն

Կղզիներից, ցամաքներից օրնիբուն,

Բեռնահակե՛ր են կրում

Խենթ արքայի վճռով ծեծված ջրերում։

Ալիքները վետվետում են միամիտ,

Եւ անհաղորդ ծովի ցավին՝ հմայված -

Խիճ են հղկում ու հակինթ

Եւ մերկ կանանց ջեռ մարմիններ մարմարյա։

Բայց ուր որ է՝ մտրակները կշաչեն

Դարդա նելի անհիշաչար ջրերին,

Եւ սահմռկած հառաչից

Ես կմեկնե՛մ խորհուրդը հին գրերի։

Պահն է՝ հիմա-ձեռքով կանի երեւի

Հեռուներից - Հելլենական մի Աստված,

Ու ջրերի սեւերից

Կանաչ ցո՛լքը կփողփողա։

Բայց հանկարծ -

Պահը մարեց։ Կանչը լսվեց նավազի

(Նա նման չէ՜ հեթանոսի անանուն).

Երկիր, նման երազի,

Որ տեսնում ու այլեւս չեն արթնանում։

 

ԶԱՆԳԵԶՈՒՐ

                                      Նոնային

 

Զանգեզուրի երկնքից հակվել են

Հարազատներիս դեմքերը

Եւ Աստծո։

Ուրեմն՝ մերոնցից մեկնումեկի

Բաժանման-ժամանման

ժամանակն է։

Այս նորածին լեռները հնուց

ճերմակ թագեր են կրում։

0՛, մանկություն

Իմ եւ Հայրենիքիս։

 

***

Այդ ո՞ր Աստվածն է վշտանում,

Երբ խաչվողի  պահն է գալիս,

Եւ բախողին դուռ բանալիս

Այդ ո՞ր Աստվածն է վշտանում։

«Կյանքը՝ սովյալ, մահն՝ անկշտում» -

Մերձավորի՞ մահն ենք լալիս, -

Այդ ո՛ր Աստվածն է վշտանում,

Երբ խաչվողի  պահն է գալիս։

 

 

ՏԵՂ ԱՐԱ  ՁՅԱՆ  ՀԱՄԱՐ

1

Տեղ արա, տղա՛, ձյան համար,

Վեր կաց։ էլ ի՛նչ աշուն։ -

Ուշ է, պարզապես։

 

***

Մինչեւ վերջինը,Ես տեսա բոլոր արարածներին,

 

Որ արարել ու ցուցանել Ես Նոյին։

Ես մասնակցեցի  Քո արարչության

Ընթացքին հավերժական -

Իմ աչքերով, որ Դու ես պայծառորեն

Վառել վրաս։

Ես զգացի, ինձ տրված ժամանակում,

Քեզ -

Իմ սրտով, որ Դու ես անթեղել կրծքիս մեջ։

Ես տեսա ինձ - Քո  պատկերով,

Ինչպես որ հղացե՛լ Ես։                                                                                      

 

***

... Հիմա, Քո կամոք,

ուրիշնե՛րը  պիտի  տեսնեն գալիք աշունն ու

մերձավորներիս ու հարազատ վայրերիս

տեսիլները, որ պահեցի՛ փակված կոպերիս տակ

Ինձնից հետո

Պիտի խոսեն նույն բառերով, որ հնչել են

Ինձնից,

Լսեն նույն հնչյուններն ու ձայները - ու մեղեդին

Ինձնից հե տո՛...

 

2

... Ու պիտի վայելեն, ապա կրկին,                                                                   

Քո պարգեւած մահը

 

Համատեղյան երկնքիդ տակ՝

Ինձնից հե տո

Եւ փառքդ շատ (Ամեն)։

 

***

Տեղ արա, տղա, ձյան եւ հոգու համար,

Վեր կաց։ Ո՞ւր է քաջքաքամիդ։

Ուշ աշուն չէ, պարզապես։

 

Ո՜ւշ է։