կարևոր
4966 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-16 17:38
Քաղաքական

Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞

Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞

Մարտի 16-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բուհական համակարգին և ակադեմիական քաղաքին՝ արձանագրել էր, որ, ի վերջո, Երևան քաղաքում երկարաժամկետ կտրվածքում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Օրեր անց՝ ակադեմիական քաղաքի մասին ԿԳՄՍ նախկին նախարար, նախագահի խորհրդական Վահրամ Դումանյան Aravot.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ակադեմիական քաղաքին և, մեղմ ասած, արտահայտել է մտքեր, որոնք հակասում են Նիկոլ Փաշինյանի թեզերին, ինչպես նաև չի զլացել տողատակերում կսմիթներ ուղղել ԿԳՄՍ ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանին:  

Ներկայացնենք մի քանի դրվագներ Դումանյանի լուսավոր մտքերից. «Այժմ խոսքը շինարարական աշխատանքների մասին է, եւ ես միայն ուրախ կլինեմ, որ հնարավորինս շուտ սկսվեն դրանք, այդ հրաշալի քաղաքը կառուցվի, վերջապես այդ միջավայրն ունենանք: Բայց այստեղ ավելի լուրջ հարցեր կան, որոնք առայժմ չունեն իրենց պատասխանները»:

Այնուհետև Դումանյանն անդրադառնում է Ալեք Մանուկյան 1 հասեցում գտնվող ԵՊՀ մասնաշենքերի կառուցմանը՝ նշելով որ դրանց կառուցումը տևել է շուրջ 10 տարի (1950-1960-ական թվականներ). «….Այսօր 2024 թվականն է, մենք դեռ «Ակադեմիական քաղաքի» նախագիծ ենք քննարկում եւ մի վայրում ենք կառուցում, որտեղ այդ կոմունիկացիաները չկան: Իմ համոզմամբ, դա բավական տեւական է լինելու: Բացի դրանից, արդեն իսկ ուշացել ենք բարձրագույն կրթության եւ կրթության որակի բարձրացման առումով: Դեռ երեկ, այսօր շատ բաներ պետք է արած լինեինք՝ առանց այդ գործունեությունը կապելու «Ակադեմիական քաղաքի» հետ»:

ԿԳՄՍ նախկին նախարարը, ով հարցազրույցում հպարտանում է, որ իր օրոք ընդունված ռազմավարության մեջ հստակ գրված է՝ բուհերի խոշորացում եւ Ակադեմիական քաղաքի ստեղծում մինչեւ 2030 թվականը, փաստացի կասկածի տակ է դնում Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների իդեա-ֆիքսը:

Անդրադառնալով բուհերի տեղակայմանը, Դումանյանը նշում է. «Որոշ բուհեր՝ Երեւանի պետական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը, ի վերջո մեր պատմությունն են, ես շատ կուզենամ, որ դրանք գործեն քաղաքի կենտրոնում, մնան իրենց տեղերում, բայց նաեւ մասնաշենքեր ունենան «Ակադեմիական քաղաքում»: ԿԳՄՍ նախկին նախարարը նաև կասկածներ է հայտնում կոնսերվատորիայի տեղափոխման հետ կապված:

Թե ինչու է ակտիվացել և Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկել նրա կառավարությունում ժամանակին հեզ և խոնարհ պաշտոնավարած նախկին նախարարը՝ ցույց կտա ժամանակը: