կարևոր
4900 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 13:08
Քաղաքական

Նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թվացյալ արևմտյանով․ Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան․ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ․

Իմ գնահատումը հիմնված է հետեւյալ երկու հաստատումների վրա:
Հաստատում առաջին.
ԱԺ կողմից 21-26 թվականների համար հաստատված կառավարության ծրագրի եւ մինչ օրս դրա կատարողականի համեմատությունը պարզորոշ ի ցույց է դարձնում ոչ միայն այս երկուսի անհամապատասխանությունը, այլեւ դրանց ակնհայտ հակառակությունը:
Այսինքն ՀՀ կառավարությունը կատարել է ՀՀ ԱԺ կողմից հաստատված ծրագրի հակառակը:
Խորհրադարանական երկրում սա ոչ միայն կառավարության գործունեության հետ կապված ոչ լեգիտիմության խնդիր է առաջացնում այլ հարուցում է նրա նկատմամբ սահմանադրական լիազորությունների վերազանցման մեղադրանք:

Հաստատում երկրորդ.
Այն ինչ կառավարությունը այսօր փաստացի է իրականացնում ի հեճուկս ծրագրով իր ստանձնած պարտավորության, ըստ էության ուղղված է ազգային շահերի խեղաթյուրմամբ կամ լիովին անտեսմամբ կենսական զիջումներ կատարելով մեր երկրի անվտանգային սպառնալիքների մեծացմանը, որի վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է:
Այսինքն, պատկերավոր ասած Հայաստանը «աշխարհաքաղաքական գծի» վրայից դրվելու է «աշխարհաքաղաքական պարկի» մեջ, երբ նրա գոյությունն այլեւս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենա:
Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր գոյությունը թույլ տալու դիմաց:
Այս երկու հաստատումների համար բավարար ապացույցները բազմաթիվ են:

Առայժմ բերեմ, դրանցից միայն մի քանիսը.

Ծրագրի եւ կատարողականի հակասությունների մասով՝
Ըստ ծրագրի,
ՀՀ անվտանգության ապահովման գործոնների թվում են՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 102-րդ ռազմաբազայի շարունակական հագեցումը, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներգրավվածության ընդլայնումը ՀՀ պետական սահմանի պահպանությանը,

ՀԱՊԿ-ը, որը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարեւորագույն օղակ՝ կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, ՀՀ շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը եւ սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում եւ այլն եւ այլն:

Հասել ենք 24 թիվ եւ կառավարության կատարածը, տեսնողը կտեսնի, որ այս ամեն ինչի ճիշտ հակառակն է եղել:

Կատարվածը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ինստիտուցիոնալ ժողովրդավարության եւ իրավական պետության հետ:Կառավարությունը կամ կատարում է խորհրդարանի հաստատած ծրագիրը կամ դադարեցնում է իր լիազորությունները: Եթե գործող ծրագրի իրականացման համար ստեղծվում են անհաղթահարելի պայմաններ, ապա խորհրադարան է գալիս նոր կառավարություն, եւ հաստատման է բերում նոր ծրագիր: Սա է սահմանադրական կարգը:

Երկրորդ հաստատումը, փաստացի կատարվող ծրագրի, մեր շահերից հրաժարվելու եւ դրա վտանգավորության մասով
Վերոնշյալ ծրագրային դրույթներին հակասող գործողություններն արդեն իսկ ամենապերճախոս վկայությունն են, որ մենք մեր շահերով չէ, որ առաջնորդվում ենք: Այս ծրագրի մեջ շատ ու շատ հարցերով խոսք անգամ չկա այն մասին ինչ այսօր անում է կառավարությունը:

Մասնավորապես. Ինչպես նշված է կատարողականի մեջ՝ «ՀՀ նվազագույնի է հասցրել, գործնականում սառեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ-ում»: Ծրագիրը ճիշտ հակառակն է պահանջում:

Հաջորդը՝ հնարավոր չէ ապացուցել, որ Հռոմի ստատուտին միանալը ամրապնդեց հայ-ռուսական ռազմավարական դաշինքը: Մեր ռազմավարական գործընկերը այդ կարծիքին չէ:

Իսկ ինչ որ տեղի ունեցավ Արցախի մասով՝ ոչ միայն ծրագրով, այլեւ մեր ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել:

Ի՞նչ է ծրագրով նախատեսված էր, որ Արցախի ժողովրդին պետք է միայնակ թողնել ադրբեջանական հրոսակների դեմ եւ հայրենազրկե՞լ ու դեռ մի տեղ էլ արդարացնե՞լ Ադրբեջանի կողմից կատարված որոշ գործողություններ, թե ճիշտ հակառակը՝ բոլոր միջոցներով երաշխավորել արցախահայության անվտանգությունը:

Հիմա, այսպես կոչված խաղաղության հասնելու ձեր նախանշած բաղձալի ապագայի մասին.
Կառավարությունը տեսնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր է միայն նրա օրեցոր աճող պահանջները բավարարելու միջոցով, դարձել է այդ պահանջների փաստացի հիմնավորողը, լեգիտիմացնողը եւ կատարողը:

Իսկ Ադրբեջանը ոչ ավել, ոչ պակաս պահանջում է՝ ինչը կասենք մերն է պետք է տաք մեզ, իսկ ինչը կհամարենք մեզ համար վտանգավոր, պետք է վերացնենք:
Եվ այս կառավարությունը հլու-հնազանդ սա գործադրում է:

Մասնավորապես.
-Ադրբեջանից պնդեցին՝ մերն է Արցախը, այս կառավարությունը հայտարարեց, որ այո՜, Արցախը Ադրբեջան է եւ Հայաստանը կապ չունի դրա հետ եւ Արցախը հայաթափվեց:
-Ադրբեջանը հայտարարեց՝ թե GPS -ով իրենցն են Կապան -Ճակատեն ճանապարհի եւ Սյունիքի տարածքի իրենց նշած հատվածները, այստեղից ասացին՝ այո, համեցեք:
-Հիմա Տավուշից են տարածքներ պահանջում եւ կառավարությունը լծվել է դա հինավորելու եւ դրանք տալու գործին, բացատրելով, որ դե ճիշտ են ասում, իրենցն է:
-Ադրբեջանից ասում են, որ սահմանի յուրաքանչյուր հատված իր ուրույն քարտեզով է պետք սահմանազատել, այստեղից հաստատում են, թե ամբողջ սահմանը որոշող որեւէ քարտեզ չկա: Դե որովհետեւ հատվածական սահմանազատումը միայն Ադրբեջանին է ձեռնտու, ուրեմն պետք է մի կերպ հիմնավորել:
-Ադրբեջանի համար անընդունելի եւ վտանգավոր են մեր Սահմանադրությունը, օրենքները եւ միջազգային դատարաններում ներկայացված հայտերը: Այս կառավարությունը, ահավասիկ, սկսել է դրանցից հրաժարվելու եւ վերանայելու գործընթացը:

Իհարկե, այս շարունակական զիջումների վերջին արարը կլինի, երբ այս իշխանությունները բոլոր զիջումներից հետո արդեն պատրաստի միջավայր կձեւավորեն իրականացնելու Ադրբեջանի գլխավոր պահանջը՝ վերածել Հայաստանը փաստացի Արեւմտյան Ադրբեջանի:

Արցախը ադրբեջանական ճանաչելու կառավարության քայլն ինքնին արդեն ոչ միայն աղաղակող անարդարություն է, այլ իսկական ազգակործան ավեր է գործել ու ցավոք դեռ շարունակում է գործել: խորքի մեջ այս իշխանությունների համար ոչ այնքան կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի որպես ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչվի հենց իրենց իշխանության տարածքը. Մի տարածք, որի վրա կարողանան պահպանել իրենց իշխանությունը: Իսկ իրենցից հետո՝ ՙՄեզնից հետո, թեկուզ ջրհեղեղ՚ հայտնի տրամաբանության շրջանակներում: Եվ ուրեմն, այս միակողմանի կենսական զիջումները ոչ թե սոսկ տարածքների հանձնման, այլ իրականում հայկական պետականության սողացող հանձնման մասին է:
Եվ զավեշտալին այն է, որ այսքանից հետո փորձ է արվում Ադրբեջանի գործակալը լինելու մեջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր փաստարկված ահազանգում են այս իշխանությունների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:

Ըստ այդմ, այս կառավարության քաղաքական հավատամքը դարձել է պարտվողականությունն ու զիջողականությունը: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը վախեցնելով պատերազմով մեզնից նորանոր զիջումներ է կորզում, իսկ այս կառավարությունը իր հերթին, մեր ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտությամբ ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը:
Ակնհայտ է, որ այդպիսի խաղաղության երաշխավորը կարող է միայն հենց թուրք-ադրբեջանական տանդեմը լինել:

Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, թե այդ նոր անվտանգային համակարգի ճարտարապետը միավորված արեւմուտքն է լինելու: Արեւմուտքը մեկ անգամ չէ որ կարեւորել է, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխավոր դերակատարությունն ու առաջնորդությունը այս տարածաշրջանում:

Հետեւաբար, Ռուսաստանից դժգոհելով, նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թվացյալ արեւմտյանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու:
Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխության վերջնարդյունքում պարզապես Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան:

Եվ ուրեմն, հարցերի հարցը հետեւյալն է՝ կառավարությունը իր ծրագրով չնախատեսված, փաստացի ապօրինի եւ ինքնագլուխ, ժողովրդի թիկունքում այս ինչ իբրեւ թե անվտանգային համակարգ է ձեւավորում: