Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Քրիստինե Վարդանյանը Տավուշի մարզ կատարած հատուկ այցից հետո մի քանի օր շարունակ ահազանգում են Տավուշի 4 գյուղերը թշնամուն հանձնելու Փաշինյանի իշխանության մտադրության և դրա կործանարար հետևանքների մասին։ (Տավուշից գյուղերի հանձնման կործանարար հետևանքների մասին Գառնիկ Դանիելյանի անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ)։
Հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը քողարկեց իրականությունը՝ պնդելով, որ Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել։ Բայց Փաշինյանի մանիպուլյատիվ խոսքերը հարկավոր է ավելի ուշադիր վերծանել։
Փաշինյանը նշեց, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ ու թյուրըմբռնում. «Եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ ու ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ ու որտեղ է, որ չունի կամ հնարավոր է չունի: Ո՞րն է ՀՀ-ն»:
Փաշինյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ այդ տարածքները, որոնց մասին Ադրբեջանը հավակնություններ է ներկայացնում, իր համոզմամբ՝ կարող է և դելիմիտացիայով պարզվի, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս չեն։
Փաշինյանը ՀՀ-ի քարտեզն էր իր հետ ասուլիսի տարել ու այն ցուցադրելով՝ ասաց. «Հայաստանի Հանրապետությունը սա է»:
4 գյուղերի հանձման մասին՝ նա հայտարարեց. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»: Նա նշեց 3 սկզբունքները, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատվել է Պրահայում, դարձել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք. «Դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք այդ սահմանը վերարտադրել: Մենք պետք է ելնենք իրողությունից՝ այն, ինչ Հայաստան է՝ Հայաստան է, այն, ինչ Հայաստան չէ, Ադրբեջան է՝ Ադրբեջան է»:
Փաշինյանը չբացառեց, որ սահմանագծման գործընթացը կարող է սկսեն հենց Տավուշի մարզից: Փաշինյանը նշեց, որ բանակցային գործընթացում քննարկել են, որ սահմանները գծելուց հետո կարող են տարածքների փոխանակում անել. «Բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը եւ լրացուցիչ ռիսկեր բերել»:
Նա շատ նուրբ կերպով հայտարարեց, որ կան կոմունիկացիաներ, որոնք ՀՀ դե յուրե սահմաններից ներս չեն գտնվում։ «Այդ պատճառով կարծում եմ, առաջիկայում պետք է գործողություններ անենք հետևյալ տրամաբանությամբ՝ այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե սահմաններից դուրս են, այդ հատվածները վերակառուցենք, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցկացնենք ՀՀ դե յուրե սահմաններով, որպեսզի խնդիրներ չունենանք: Ես այցելություն կունենամ Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար: Այս պահին որոշումներ չունենք, բայց կարծում եմ, մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ»:
Այսինքն՝ նույնը, ինչ տեղի ունեցավ Գորիս-Կապան ճանապարհի հետ, սպասվում է նաև Տավուշում, իսկ եթե այդ կոմունիկացիաները վերահսկի Ադրբեջանը, հետևանքները պատկերացնելը բարդ չէ։ Տարբերությունը միայն այն է, որ ի տարբերություն Սյունիքի մարզում տեղի ունեցածի, Տավուշում թշնամուն կհանձնվի թե՛ միջպետական նշանակության մայրուղին, թե՛ Ռուսաստան֊Հայաստան գազատարը։