կարևոր
5641 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-24 16:48
Քաղաքական

Պահանջվող 4 տարին չապրելով ՀՀ-ում՝ առաջադրվել է պատգամավոր. Գեղարքունիքի մարզպետի հակասահմանադրական ուղին

Պահանջվող 4 տարին չապրելով ՀՀ-ում՝ առաջադրվել է պատգամավոր. Գեղարքունիքի մարզպետի հակասահմանադրական ուղին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 21-ին Մարտունու շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մատ էր թափ տալիս մարտունեցիների վրա, գոռում, սպառնում ու դեմքին լուրջ տոն տված հոխորտում, թե ինչու՞ էդ մարդիկ հայրենասեր չեն, ինչու՞ չեն սիրում երկիրն ու գնում են խոպան, սուտ և անիմաստ բաներ են խոսում, բղավում իր վրա և այլն:

Հիշեցնենք՝ նույն օրը մարտունեցիները բողոքի էին դուրս եկել ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշման, ըստ որի՝ հարկվում են իրենց՝ արտագնա աշխատանքի վայրից ուղարկված գումարները:

Փաստել էինք, որ մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն էլ էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ավարտելուց և մարզական լրագրողի որակավորում ստանալուց հետո գնացել խոպան, տասնյակ տարի մնացել Մոսկվայում, և միայն Նիկոլի կողմից պաշտոն ստանալուց հետո է սկսվել սրա «հայրենասիրության» բուռն շրջանը:

Բայց բացի բարոյական կողմից՝ խնդիրն ունի նաև իրավական լայն ասպեկտ. Կարեն Սարգսյանը մարզպետարանի պաշտոնական էջում զետեղված իր կենսագրության մեջ նշել է, որ բուհն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և 2009 -2015թթ. - Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: Ինչպես արդեն մամուլում գրվել էր՝ նա, ըստ տեղեկությունների, Մոսկվայում աշխատել է ավտոլվացման կետում  (ժողովրդական լեզվով՝ եղել է «մոյշիկ»): Դրանից հետո նա, ըստ կենսագրականի, 2016 թ. ընդունվել և մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը:  Վերադառնալով ՀՀ՝ Կարեն Սարգսյանն 2018 թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից:

ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է հետևյալը. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:  

Ինչպես տեսնում ենք՝ 2018-ին առաջադրվելով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ Կարեն Սարգսյանը չի ունեցել դրա սահմանադրական իրավունքը, քանի որ նա մինչ այդ աշխատել, ապա սովորել է Մոսկվայում: Եթե անգամ ուսումնառության շրջանը (2016-2018 թթ. համարենք հարգելի բացակայություն), ապա միևնույն է, նա պարտավոր էր ներկայացնել 2014 թվականից ՀՀ-ում մշտապես գտնվելու մասին տեղեկանք, ինչը և հնարավոր չէր կարող լինել, քանի որ նա 2014 և 2015 թվականներին գտնվել է Մոսկվայում և աշխատել այնտեղ:

Այսինքն՝ Կարեն Սարգսյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելը եղել է հակաիրավական ու հակասահմանադրական ճանապարհով, որի համար նա դեռ պետք է պատասխանատվություն կրի:

Իսկ թե ինչու՞ է նա Մոսկվայից վերադառնալուց և 2018 թ. ԱԺ ընտրություններից հետո (նա ցուցակում 145-րդ էր) նշանակվել «Գեղարքունիք» ՋՕԸ-ի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, իսկ հետո ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ ու մարզպետ, ապա նշված պաշտոն չկա ո՛չ ստաժի, ո՛չ փորձի և այլնի պահանջ:  

Հ.Գ. Նախորդիվ ևս անդրադարձել էինք վերոնշյալ հարցին, թե ինչու՞ է մասնագիտությամբ մարզական լրագրող սույն անձը 2019-ի ընտրություններից հետո նշանակվել ջրային ոլորտների պատասխանատու: Բացի նրանից, որ, ինչպես վերևում գրեցինք, տվյալ պաշտոններում որևէ աշխատանքային ստաժ կամ այլ բան օրենքով չի պահանջվում, մենք նաև ենթադրել էինք, որ Կարեն Սարգսյանը ջրային ոլորտը կարգավորող մի շարք պաշտոններ է ստացել Փաշինյանից՝ ելնելով այն հանգամանքից, որ նա դրանից առաջ Մոսկվայում աշխատել է «մոյշիկ» և այս կամ այն կերպ առնչվել ջրերի հետ:

 

Վահե Սարգսյան