կարևոր
4750 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-24 12:18
Հասարակություն

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր մենք ունենք Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ․ Թ․ Ավետիսյան

«Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր մենք ունենք Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ, նշանակում է, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին վճարել է այդ հարկը Ռուսատանում, հետևաբար՝ ազատվում է հարկվելուց Հայաստանում, և՝ հակառակը»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը, որին արդեն մի քանի օր է բախվել են արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները։

 «Խնդրի նրբությունը հետևյալն է․ 2013 թվականին ՀՀ-ն հարկային փոփոխություն իրականացրեց և եկամտային հարկը միացրեց սոցիալական ապահովության վճարին և միասնական հարկը կոչվեց եկամտային հարկ, ոչ թե՝ եկամտահարկ․ այդ եկամտային հարկը պարունակում է երկու հարկատեսակ, մեկը՝ եկամտահարկն է, մյուսը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարը, Ռուսաստանում դա չի միացվել, եկամտահարկն առանձին է, պարտադիր սոցիալական վճարներն առանձին։ ՀՀ քաղաքացին, որը ՌԴ-ում աշխատում է 183 օրից ավելի, նույն հարկային տարում, այնտեղ իրենք դիտարկում են միջազգային համաձայնագրերով որպես ռեզիդենտ և հարկում են իրենց քաղաքացիների նման, այսինքն՝ եկամտահարկից զատ տվյալ մարդիկ նաև սոցիալական վճաարներն են վճարում, ինչը նախատեսված է ՌԴ օրենսդրությամբ։ Հիմա արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին 13 տոկոս եկամտից այնտեղ տվել է եկամտահարկ, գալիս է այստեղ միանգամից երկու հարկի դրույքաչափը 21 տոկոս է, ասում են՝ տարբերությունը 8 տոկոս պետք է վճարես։ Այդքան տգետ ու անգրագետ ե՞ք, չեք հասկանո՞ւմ, որ էդ մարդուն կրկնակի եք հարկում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նշենք, որ պատգամավորը, դեռ անցյալ տարի էր կանխատեսում արտագնա աշխատանքի մեկնողներին սպառնացող հարկման խնդիրը և բարձրաձայնում էր՝ տրանսֆերտների հարկման հնարավոր վտանգի մասին։

«Երբ համատարած հայտարարագրման ինստիտուտը ներդնում էին, բոլորովին այլ նպատակներ էին առաջ քաշում՝ անմեղ, հանրության համար դրական և այլն, բայց այդ ժամանակ, նաև Ձեր հետ հարցազրույցում, հստակ ասեցի՝ նախագծի հիմնական նպատակը թաքնված է և անօրինական։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, բայց հարցի երկրորդ կողմը կա, օրվա իշխանությունը գործում է սեփական աթոռը պահելու բացառիկ շահով և դա արտահայտվում է հարկային փոփոխություններով, այսինքն՝ մի բան անում են, հետո, երբ տեսնում են հանրությունը դա մարսեց, արագ անցնում են հաջորդ քայլին, բայց երբ ընդվզում է հանրությունը միանգամից հետքայլ են անում։ Հիմա օբյեկտիվ հարց է առաջանում, եթե հաշվարկել էիք, որ երկրի շահից է բխում, ոչ թե ձեր աթոռը պահելու շահից ինչո՞ւ եք արագ հետքայլ անում և խճճում իրավիճակը։ Պարզապես փորձում են սառեցնել շիկացող մթնոլորտը օբյեկտիվորեն քաղաքացիների կողմից և հետո տեսնում են, որ անցավ նորից հարձակում են կատարում սեփական ժողովրդի վրա, այս դեպքում՝ հարկեր քերելու ճանապարհով»,-նշում է Թադևոս Ավետիսյանը։

«Թալանը մենակ կաշառքը չէ, կաշառքը վերցնում են անուղղակի ձևերեով և դա անում են, փաստացի, պետական գնումներով, սեփական օլիգարխներին արտոնություններ տալով ու հակամրցակցային միջավայր ապահովելով և այլն։ Երբ արտագնա աշխատողից հարկ ես քերում, նախ հասկանանք՝ ի՞նչ բարոյական իրավունքով, հետո՝ մնացած իրավունքներով, նաև՝ ի՞նչ նպատակի են ծառայում այդ քերած հարկերը։ Քերած բառը հատուկ եմ օգտագործում, որովհետև սա արդար հարկահավաքություն չէ։ Ասում են՝ հարկեր վճարեք և այլն։ Հարկեր վճարենք, որ ի՞նչ անենք, հարկեր վճարենք, որ մեր պետությունը մեր վճարած հարկերով հանձնեք թշնամո՞ւն։ Ասֆալտ եք փռում ձեր մերձավորների կազմակերպություններով, գերշահույթներ եք ստանում, քննադատում էիք նախորդ իշխանություններին անորակ ասֆալտի համար, մի հատ վեր կացեք պպտտվեք, թե՞ ձեր շքեղ մեքենաների մուգ ապակիներրից 6 ամսվա մեջ քանդված ասֆալտը, քարուքանդ եղած ճանապարհները չեք տեսնում։ Երկրորդ՝ արտագնա աշխատանքի է մեկնող քաղաքացուն ինչո՞ւ չեք տեղավորում էստեղ աշխատանքի։ Մի մարզպետ կա Գեղարքունիքում, հազար անգամ ներողություն որ այդ բառն եմ օգտագործում, որովհետև շատ կարևոր պաշտոնյայի ինստիտուտ է, հայրենասիրությունից է խոսում, ախր դուք ի՞նչ հայերանսիրությունից խոսել, նայել ե՞ս քո մարզում քո իշխանություն օրոք մեր հայրենիքը վտանգավորության ինչ աստիճանի է հասել։

Ասում են՝  եթե հարկը չեք տալիս, ասֆալտի վրայով մի ման եկեք։ էդ մարդկանց ուղարկած գումարները, որ այստեղ ծախսվում է, որ իրենց երեխայի կրթության համար վճարվում է, բա դրանք դուք չեք հարկո՞ւմ։ Եթե այդ մարդն արժանապատիվ աշխատում և չի գալիս ձեռքը մեկնում սոցիալական նպաստ ստանա, արժանապատիվ աշխատում և իր տունն իր աշխատանքով ու քրտինքով պահում է, դա պետությանն օգուտ չէ՞։ Սոցիալական ծասերի կրճատումը պետությանն օգուտ չէ՞ ․․․ Երբ ընտրություններ է, գնում, բառի բուն իմաստով, չոքում են քաղաքացու դիմաց, աղերսում են քվե, հետո՝ խաբում, կեղեքում են քվեն, դառնում են իշխանություն, գնում չոքում են թշնամու դիմաց՝ այս անգամ կեղեքելով սեփական ժողովրդին։ Արդյո՞ք պետք է հանդուրժենք և որքա՞ն պետք է հանդուրժի հայ մարդն էս արհավիրքը։

Բացի էն որ սա անբարոյական մոտեցում է, նաև անօրինական է, հակատնտեսական ու հակասոցիալական, որը փորձում են փաթաթել մեր բազմահազար հայրենակիցների վզին»,-նշում է Թադևոս Ավետիսյանը։

Մեր զրուցակցից հետարքրվեցինք, թե ի՞նչ է նշանակում Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝  հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի։  Նաև խնդրեցինք գնահատել ՊԵԿ նախագահի երեկվա հայտարարությունը, թե՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքը մեղմելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է գնալ հարկման փուլային տարբերակի։

«Ամբողջ պատառը չկարողացան միանգամից մարսել, հիմա կտոր-կտոր են անում, այսինքն՝ փուլային մասերի, որ հակազդեցությունը չհամախմբի մարդկանց, սրանք էս են, այսինքն՝ փուլերին են բաժանում, հենց տեսնեն ատմաները կտրում են, արագ կանցնեն իրենց նպատակին, կհարկեն մի բան, որի հետ կապ չունեն ընդհանրապես․․․ Մարդը գնացել իր ռիսկով աշխատանք է գտել ասում են՝ բերեք ձեր եկամտի մի մասը տվեք մեզ․․․ Ինչո՞ւ եք մանիպուլացնում այն քաղաքացուն, որին, իբրև թե սիրում եք․ խոնարհվում եք նրա առջև, բա սա սրիկայություն չի՞ պետության կողմից, հարկային տեռոր չի՞ , իհարկե՝ դա է։

Փաստացի մեր երկրիրը ապախթանում է, որ ՀՀ քաղաքացիները զբաղվեն ժամանակավոր արտագնա աշխատանքով, սրանով ի՞նչ են անում, ասում են՝ վերցրու ընտանիքդ, թող գնա Հայաստանից։ Վստահ եմ, որ մեր հանրությունը սա շատ լավ գիտակցում և տեսնում է, և սրանք դեռ ծաղիկներն են․․․ Այո՛, քաղաքացիներն ունեն օբյեկտիվ իրավունք և իրավական հիմնավորվածություն, որ ոտքի կանգնեն և պայքարեն իրենց իրավունքերի համար, ի վերջո, մենք որպես մասնագետներ, պատգամավորներ որքան էլ բարձացնենք խնդիրը, մինչև չլինի հանրային ճնշում, սրանք, ինչպես սատանան է խաչից վախենում, նույնությամբ վախենում են հանրային ճնշումից և ընդվզումից, և, այո՛, եթե հանրությունը վճռական ոտքի կանգնի, ոչ միայն այս հարցը, այլև շատ ավելի կարևոր, գլոբալ հարցեր կկարողանան լուծել, հակառակ պարագայում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, քայլ առ քայլ, որոշ դեպքերում՝ թռիչքաձև, բերում են ավեր, կործանում»,-խոսքը եզրափակեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում