| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարությունը որոշում է կայացրել 2006 թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (և հակառակը) առանց որևէ այլ հատուկ հավաստման, այդ թվում նաև՝ առանց ապոստիլով հաստատման կամ հյուպատոսական վավերացման:
Վարչապետ Կարապետյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվեց` արդյոք դիտարկվո՞ւմ է այլ երկրների հետ ևս նման կոնվենցիաներ ստորագրելու անհրաժեշտությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ կա ծրագիր, որի շրջանակում Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ: Միևնույն ժամանակ անցած շաբաթ Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) բազմակողմ ձևաչափով համաձայնագրին, որով ընդհանուր կանոններ են սահմանվում կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր արդեն իսկ ունեցող 46 երկրի հետ, ինչը, նախարարի բնորոշմամբ, բավական լավ առաջընթաց է: Շուրջ 30 երկիր ևս, այդ թվում՝ նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանն արդեն բանակցություններ է նախաձեռնել, այդ բազմակողմ ձևաչափով համաձայնագրին միանալու հայտ է ներկայացրել:
«Պետք է հստակ ծրագիր դնենք՝ որ երկրների հետ կարող ենք հեշտացնել այս գործընթացը, աշխուժացնել բիզնեսը: Եթե նման կոնվենցիաներ ունենք, արդեն պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք», - ասել է վարչապետ Կարապետյանը՝ հանձնարարելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկանք ներկայացնել այս ուղղությամբ անելիքների վերաբերյալ: