կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 13:55
Տնտեսական

Հայաստանի ու Գերմանիայի միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառվեց

Հայաստանի ու Գերմանիայի միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառվեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

Նախագիծը ներկայացնող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ այս տարվա փետվարի 25-ից մինչեւ մարտի 1-ը հայկական եւ գերմանական ֆինանսների նախարարությունների համապատասխան պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել քննարկումներ այս համաձայնագրի կնքման շուրջ, եւ սա փոխհամաձայնեցված տարբերակ է ու համապատասխանում է կրկնակի հարկման տրամաբանությանը:

 

Հիշյալ համաձայնագիրը կիրառվում է մի շարք հարկերի նկատմամբ, օրինակ` Հայաստանում` եկամտահարկի, շահութահարկի, գույքահարկի: Այս պայմանագրով, օրինակ, պայմանավորվող կողմերից մեկի ռեզիդենտի կողմից մյուս կողմի պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

 

Սրանից բացի, մի պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ կողմի պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս կողմի պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս կողմի պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

 

Ըստ համաձայնագրի` կողմերից մեկի պետությանը պատկանող ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում: Մի պետությունում առաջացող և մյուս պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

 

Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

 

Բազմաթիվ այլ դրույթներ եւս ունի այս համաձայնագիրը, որ վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին: Համաձայնագրով նախատեսվում են նաեւ կրկնակի հարկումը բացառող մեխանիզմներ, ինչպես նաեւ սահմանվում է, որ երկու պետությունները միմյանց օգնություն են ցուցաբերում եկամտային հայցի հավաքագրման գործում:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս համաձայնագրի մասին ավելացրեց, որ բավականի երկար բանավեճեր եղան հարցի շուրջ, եւ վերջապես համաձայնություն է ձեռք բերվել:

 

«Մեզ համար էական նշանակություն ունի այս համաձայնագիրը, քանի որ Գերմանիայի Դաշնությունից մեծածավալ ներդրումներ կան Հայաստանի Հանրապետությունում, եւ մշտապես բանավեճ էր առաջանում` ինչպես պետք է նրանք հարկերը վճարեն Հայաստանում, եւ հաճախ հղում էին կատարում ԽՍՀՄ օրենսդրությանը: Այժմ այս հարցը այս համաձայնագրով լուծվելու է»,- ասաց Տիգրան Սարգսյանը: