կարևոր
5077 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-20 19:32
Քաղաքական

Ջերմուկի մարտերի օրը լսարանում մեկն ինձ չհարցրեց՝ ի՞նչ է եղել, հասկացա՝ շատ բան ենք կորցրել․ Հենրիկ Քոչինյան

Ջերմուկի մարտերի օրը լսարանում մեկն ինձ չհարցրեց՝ ի՞նչ է եղել, հասկացա՝ շատ բան ենք կորցրել․ Հենրիկ Քոչինյան

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղս այս երկրագնդի վրա չեմ կարողանում գտնել, առավել ևս՝ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ից հետո»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց 1990-1998 թթ․ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ զգացողություն ունի Ղարաբաղյան շարժման 36-րդ տարեդարձի այսօրը։

-Լեզուս էլ չի պտտվում ասեմ, Ացախը նման է զավակի, որին կորցրել ենք։ Արցախը մեր մի մասն է․ դարեր շարունակ Արցախը եղել է հայկական ինքնորոշման, պայքարի կենտրոնը, հիշենք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի ժամանակները, եթե 1918 թվականից առաջ, ավելի քան 500 տարի, հայ ժողովուրդը չուներ պետականություն, Հայաստանը չուներ իշխանություն, Արցախի մելիքները կային, չէ՞։ Արցախը մեր ինքնությունն է, իսկ էսօր դառը դատել, դատարկ նստել ենք։ Հիշում եմ, երբ 1988 թվականին սկսվել էր Արցախյան շարժումը,  ի՜նչ ոգևորություն կար, 3 միլիոն մարդ ապրում և շնչում էր միայն Արցախով, Շարժման նպատակով․․․ 90-ականներին, երբ ծանր վիճակ էր, շրջափակում և այլն, մարդիկ չէին ասում՝ մեր մի պատառ հացը կամ մի տարայով բենզինը չուղարկեմ Ղարաբաղ։

-Պարոն Քոչինյան, ի՞նչն էր գաղտնիքը, որ ազգային զարթոնք կար 1988-ին։

-Հիմնականը՝ ազգի համախմբվածությունն էր, ի վերջո, դարերով կորցրածը վերագնտելու երազանքն էր բոլորին համախմբել և, անկեղծ եմ ասում, հազար մարդու մեջ հազարն էլ հավատում էին, որ հաղթանակը լինելու է, հավատ կար, իսկ հիմա, ցավում եմ՝ 10-ից 9-ը երևի չի հավատում։

-Ինչո՞ւ հիմա չենք հաջողում նույն միասնականությամբ ազգային զարթոնքի հասնել։ Ի՞նչն է բացակայում մեզանում։

- Նախկինում մեզ այլ կերպ են դաստիարակել, իսկ հիմա յուրաքանչյուրն ասում է՝ ես, իմը և իրենից անգամ մեկ մետր այն կողմ այլ բան չի ուզում տեսենլ։ Մենք ընդհանուրից դարձել ենք անհնատներ։ Միմյանց հերթ չտալով Չարենց ենք ցիտում, ասելով՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց այսօր բոլորս մոռացել ենք այդ մասին, ով էլ հիշում է, ասում է՝ ես դրա մեջ չկամ, ես այդտեղ անելիք չունեմ, ուրիշը պետք է անի, ես էլ կողքից նայեմ,  ուրախանամ։

Երբ Ջերմուկի դեպքերը եղան, ես դասախոսության էի, լսարանում մի ուսանող չգտնվեց, որ ինձ հարցներ՝ ի՞նչ է եղել, ի՞նչ ենք անելու․ մեր անելիքը ո՞րն է, ես այդտեղ հասկացա, որ շատ բան ենք կորցրել։

-Պարոն Քոչինյան, 90-ականներից պետականաշինության ակունքներում եք կանգնած եղել, Ձեր շնորհիվ և գլխավորությամբ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ ու  ճանապարհներ են կառուցվել։ Այսօր, սակայն, այդ ճանապարհներից շատերը թշնամու հսկողության կամ նշանառության տակ են, հիմնավոր մտավախություններ կան, որ էլի ենք կորցնելու,  այս շարունակ կորուստների դեմն ինչպե՞ս կարող ենք առնել։

- Մենք կարող ենք ցանկացած թշնամու դիմակայել։

-Այսինքն՝ այդ ներուժն ունե՞նք։

- Այդ ներուժը կա, ուղղակի պետք է այդ ներուժը ճիշտ կառավարել, դա շատ կարևոր է։ Ու, անկեղծ խոսենք, բոլոր ֆինանսները պետք է ուղղել ռազմական կարողությունների ուժեղացմանը, որպեսզի սահմանը դարձնենք անառիկ բերդ, որ թշնամու ատամները ջարդենք, որ թշնամին չմտնի մեր տուն։ Եթե սահմանամերձ գյուղում, նույնիսկ, մեկ աշակերտ կա, այդ դպրոցը պետք է աշխատի, անգամ եթե մեկ աշակերտի համար պետությունը պետք է ծախս անի 8 ուսուցիչ պահի, պետք է դա արվի, պետք է այդ մեկ երեխան սահմանային գյուղի դպրոցում կրթություն ստանա։

 - Նշեցիք, որ ազգային զարթոնքի համար ներուժ ունենք, ի՞նչ եք կարծում, այն կբավարարի՞ վերադարձնելու Արցախը։

-Հիմա մի խնդիր կա, դրա համար Արցախում պետք է հայերն ապրեն, ինչո՞ւ Նախիջևանը չկարողացանք պահել, հայ չկար,  հայաթափվել էր Նախիջևանը։ Այսօր թշնամու պահանջներն ու ախորժակը չի փոխվել։ Մի լավ գիրք կա՝ Հրաչիկ Սիմոնյանի հեղինակած «Անդրանիկի ժամանակը» (երկրորդ հատորը), որտեղ նկարագրում է այն ժամանակահատավածը, երբ Անդրանիկը Սյունիքում էր, թվականը, որ փոխենք, նույն այսօրվա իրավիճակի նկարագիրն է։

- Օրվա իշխանությունը շարունակ անկլավների հարց է օրակարգ բերում, անվերջ զիջումներից խոսում, ի վերջո, որպես պետական գործիչ, ասացեք խնդրեմ ո՞րն է մեր սահմանների սկիզբն ու վերջը,  անկլավների հարց, որպես այդպիսին, ինչո՞ւ առաջացավ հենց այս իշխանությունների օրոք։

- Խորհրդային ժամանակներում կար մի գաղափարախոսություն՝ մի ընտանիքում ենք բոլորս ապրում․ հիմա ադրբեջանցիք կարող են շատ պահանջ դնել, մենք մեր բռունցք խփելով պետք է ասենք՝ ոչ և, եթե սպառնում են ուժով վերցնել, մենք էլ պետք է ասենք՝ «դե փորձեք, տեսեք՝ կարող ե՞ք»․․․ Չի կարելի մարդկանց աչքը վախեցնել, թե՝ էս բանը չանենք, պատերազմ կլինի, պատերազմը հազար տարի հետո էլ է լինելու, անկախ նրանից, թե ինչ թուղթ են ստորագրում։ Խորհրդային միութունն ու Հիտլերը պայմանագիր չունեի՞ն 1939 թվականին ստորագրած, որ Հիտլերը 1941 թվականին  հարձակվեց։

-Մեզ ինչպիսի՞ իշխանություն է հարկավոր, որպեսզի մեր երբեմնի հաղթանակները վերակերտենք, հաղթական էջը նորից բացենք։

-Ազգային, ազգին նվիրված իշխանութուն է մեզ հարկավոր։

Հերմինե Զեյնալյան