կարևոր
6211 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-19 13:30
Հասարակություն

Պարտադիր ընթերցանության հինգ գիրք՝ Գրքի տոնին

Պարտադիր ընթերցանության հինգ գիրք՝ Գրքի տոնին

Գրքի տոնի առիթով առաջարկում ենք կարդալ հայ ժողովրդի՝ ազատության համար մղած պայքարի մասին պատմող 5 գիրք:

1․ Սողոմոն Թեհլիրյան «Վերհիշումներ Թալեաթի ահաբեկումը»

«Համաձայն երդվյալների որոշման, ամբաստանյալը հանցավոր չէ իր վրա որպես մեղադրանք ծանրացող պատժելի արարքի համար»

Ընդամենը 30 էջերում ամփոփված է հայ ամենահայտնի վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի հուշերը վերջինիս կատարած պատմական ակտի և դրան հաջորդած դատավարության վերաբերյալ։ Առանձնահատուկ արժեք ունի նաև 1993 թ․ Հայաստանում գրքի առաջին հրատարակության առթիվ Սիլվա Կապուտիկյանի գրած նախաբանը։

Գրքի հղումը՝ https://shorturl.at/cgEP2

 

2 Վահան Հովհաննիսյան «Մայրամուտ որ հարկավոր է կասեցնել»

«Սեփական տանը իրական ազատություն կառուցելու անկարողության հետևանքով ագահորեն կուլ ենք տալիս դրա պատրանքն օտարության մեջ»

Գրքում ամփոփված են Վահան Հովհաննիսյանի yerkir.am կայքում «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» խորագրի ներքո հրապարակված վերլուծությունները և հոդվածները։ Դեռևս 2010-ականների սկզբին հայ ականվոր քաղաքական գործիչն ու մտավորականը տեսել էր այն մայրամուտը, որին մենք մոտենում էինք և իր հոդվածներում ցույց էր տալիս այն կանխելու ուղին։

Գրքի հղումը՝ https://shorturl.at/csOT7

 

3 Էդիկ Մինասյան «Հայ Հերոսուհի կանայք» 

«Կարինեն, տեսնելով դա (նահանջը), սկսեց կրակել հրանոթից: Տղաները, լսելով, որ մեր հրանոթը կրակում է, շրջվեցին, տեսան՝ Կարինեն է կրակում, վերադարձան ու կարողացան պահել բարձունքը» 

Գիրքը ներկայացնում է 19-րդ դարի ավարտից մինչև Արցախյան ազատամարտ հայոց պատմության մեջ նշանակալի դեր ունեցած կանանց մեզ հայտնի, սակայն հիմնականում անհայտ պատմությունները, որոնք հաճախ բեկել են մեր պատմության ընթացքը։ Այդ կանայք բազմաթիվ են, իսկ նրանց պատմությունները ոգեշնչող և ուսուցանող։

Գրքի հղումը՝ https://shorturl.at/djyKS

 

4 Արշավիր Շիրակյան «Կտակն էր նահատակներուն»

«Թուրք ջարդարարների մահապատժի գործադրությունը ահաբեկումից շատ ավելին էր…»

Հայ ամենախորհրդավոր վրիժառուներից մեկի՝ Արշավիր Շիրակյանի հուշագրությունն է, որը հրապարակվել է Հայոց ցեղասպանության 50 ամյակի տարելիցին։ Գիրքը՝ միայն գործողությունն իրականացրած վրիժառուին հասու մանրամասներով նկարագրում է ամենից աչքի ընկած հայ վրիժառուներից մեկի ահաբեկումները և կյանքի պատմությունը։

Գրքի հղումը՝ https://shorturl.at/dhqV1

 

5. Մալխաս «Զարթոնք» 

«Իրական ազատութիւնն ու հաւասարութիւնը խօսքով չեն գար ․․․։ Ազատ եւ հաւասար զգալու համար, հայ ժողովուրդն ալ պէտք է միեւնոյն պայմաններուն մէջ գտնուի, ինչ որ թուրքն ու քիւրտը»

ԱՄՆ ՀՅԴ կառույցում ղեկավար մասնակցությւոն ունեցած Մալխաս անունը ստացած Արտաշես Հովսեփյանի նշանավոր վեպը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի պայքարի, հուսալքության, ջարդերի և հերոսական էջերի տեղ տեղ-տեղ ողբերգական, հաճախ ոգեշնչող պատմությունը։ Գլխավոր հերոսները խորհում են իրենց ժողովրդի վիճակի, ինքնապաշտպանության և ազատության մասին։ Վեպը հայկական սփյուռքում համարվում է բոլոր ժամանակների ամենընթերցված գործերից մեկը։

Գրքի հղումը՝ https://shorturl.at/jxWY0