Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2012-ին «Անտարես» հրատարակչությունը սկսեց հրատարակել «21-րդ դար» մատենաշարը որի շրջանակներում արդեն 6 գիրք է լույս տեսել` Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ», Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը», Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը», Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» եւ Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն երկու ձայնով» ստեղծագործությունները:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «21-րդ դար» մատենաշարի դեպքում` գրքից գիրք հետաքրքրությունն ավելանում է ժամանակակիցների հանդեպ, վաճառված գրքերի թիվը` նույնպես:
Ըստ նրա` իրենք նպատակ էին հետապնդում բարձրացնել ժամանակակից գրողի վարկը եւ ճանաչելիության տոկոսը: Նիկողոսյանի հավաստմամբ` առաքելությունը կատարված է. «Ընտրեցինք այնպիսի հեղինակների, որոնք, իսկապես, համաբանվում են «21-րդ դարի գրող» կոչման հետ: Սրանք այն գրքերն են, որոնք տարիներ հետո միգուցե Նոբելյան մրցանակի արժանանան»:
«Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը օրերս է վերադարձել Վրաստանում կայացած գրքի տոնավաճառից. տպավորությունները թարմ են: Ըստ նրա` Վրաստանի հրատարակիչներից մեկը /ոչ ամենախոշորը/ վաճառել է 1,5 մլն հատ գիրք, իսկ Վրաստանում շուրջ 400 հրատարակիչ կա:
«2012-ին մեզ մոտ 5700 անուն գիրք է հրատարակվել, մոտ այդքան էլ` Վրաստանում, այսինքն` գրելու առումով մենք չենք զիջում նրանց, բայց ընթերցանության մեջ 19 անգամ զիջում ենք վրացիներին»,- ասաց Մարտիրոսյանը:
Արձակագիր Արամ Պաչյանը նույնպես մտահոգ է, նրա հավաստմամբ` նույն մարդիկ են հետաքրքրվում գրքով եւ գրողներով:
«Երկու տարի է` մենք ամեն ինչ անում ենք գիրքը, ընթերցանությունը պրոպագանդելու համար: Բայց ստացվում է այնպես, որ այս փակ տարածքում շրջապտույտի մեջ ենք հայտնվել: Իմ կարծիքով` էական ոչ մի բան չի փոխվել. այդ հինգ րոպեն, որ հեռուստաալիքները տրամադրում են գրքի գովազդմանը, ինձ ոչինչ չի տալիս: Իսկ մեր այս շարքի գրքերը այդ փակ շրջանում, կարծես, դատապարտված լինեն»,- ասաց Պաչյանը:
Սակայն Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց Պաչյանի հետ` նշելով, որ գրողը միայն իր հասարակության համար չի գրում, այլ գլոբալ ընթերցողի. «Կարեւորը` դուրս գանք համաշխարհային շուկա, իսկ «21-րդ դար» մատենաշարը շատ շուտով կսկսվի թարգմանվել նաեւ վրացերեն /գրքերից որոշներն ունեն նաեւ անգլերեն տարբերակը/, քանի որ շարքը հետաքրքրել է նրանց»:
Պաչյանն էլ ավելացրեց, որ, որպես գրող, առաջին հերթին ցանկանում է, որ իր երկրի հայ ընթերցողին հետաքրքիր լինեն իր ստեղծագործությունները, իր երկրում իրեն գնահատեն:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ