կարևոր
4864 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-10 17:27
Աշխարհ

Օտարերկրյա գործակալները պատառոտում են Վրաստանը

Օտարերկրյա գործակալները պատառոտում են Վրաստանը

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը կրկին նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը հետ էր կանչվել 2023ի մարտին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ընդգծում են՝ «նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է», մասնավորապես նշվում է՝ օրենքը չի վերաբերում անձանց, այլ միայն այն կազմակերպություններին, որոնց արտասահմանյան դոնորներն ավելացրել են գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին:

Հիշեցնենք՝ 2023ի փետրվարին նման օրինագիծ արդեն ներկայացվել էր Վրաստանի խորհրդարան եւ նույնիսկ առաջին ընթերցմամբ ընդունվել։ Սակայն ավելի շատ արեւմտյան գործընկերների ուժեղ ճնշման, այլ ոչ թե ընդդիմության բողոքի պատճառով փաստաթուղթը հետ կանչվեց։ Ի պատասխան դրա հեղինակները՝ վեց պատգամավորներ, որոշեցին մարտավարական քայլ ձեռնարկել. դուրս գալով «Վրացական երազանքից»՝ հիմնեցին «ժողովրդի ուժը» շարժումը, որը պատրաստել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկութայն մասին» օրենքների փաթեթը: Նրանք առաջարկում են՝ ՀԿ-եչն ու ԶԼՄ-ները, եթե իրենց ֆինանսավորման ավելի քան 20% - ը գալիս է արտերկրից, պետք է գրանցվեն հատուկ գրանցամատյանում եւ ամեն տարի զեկուցեն իրենց ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների եւ նպատակների մասին. Օրենքը խախտելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։ Այժմ նոր օրինագծում միայն փոքր փոփոխություն է մտցվում՝ «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվում է «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն» ձեւակերպումը, բայց էությունը դրանից չի փոխվում։

Իշխանությունը լուրջ պատրաստվածություն է ցուցաբերում հոկտեմբերին կայանալիք ընտրություններին եւ փորձում է վերահսկողության տակ վերցնել ընդդիմության ֆինանսավորումը։ Իր հերթին ընդդիմությունը գտնում է՝ օրինագիծը խարխլում է իր գործունեության ֆինանսական հիմքը, եւ իրադարձությունների ընթացքը որակում է որպես «ժողովրդավարության հիմքերի խարխլում»: Միեւնույն ժամանակ, Վրաստանում «ներտեսակային քաղաքական պայքար» է ընթանում, քանի որ եւ իշխող «Վրցական երազանք» կուսակցութոյւնը, եւ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» միասին հանդես են գալիս եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օգտին: Պառակտումը վերաբերում է միայն Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականությանը, հակառուսական պատժամիջոցներին միանալուց Թբիլիսիի հրաժարվելուն եւ նրա դեմ այսպես կոչված «երկրորդ ճակատ» բացելուն: Պատահական չէ, որ ընդդիմությունը օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը անվանում է «ռուսական» եւ ցույց է տալիս Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության հարացույցում ընտրական արշավ անցկացնելու  մտադրությունները՝ սպառնալով, որ «Վրաստանը շուտով կդադարի անվտանգ հանգրվան լինել ներկայիս գլոբալ եւ տարածաշրջանային փոթորկի մեջ»։

Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը վայելում է Արեւմուտքի ակտիվ աջակցությունը, սոցիոլոգիական չափումները ցույց են տալիս, որ նա ընտրություններում մեծամասնություն չի ստանա եւ չի կարող հասնել սահմանադրական ճանապարհով իշխանության գալուն։ Ուստի կա հավանականություն, որ Արեւմուտքը կարող է հրաժարվել Վրաստանում ընտրությունների արդյունքների ճանաչումից եւ կկենտրոնանա երկրում իրավիճակի ապակայունացման վրա՝ թեժացնելով առանձին քաղաքական գործիչների քաղաքական հավակնությունները, ինչպիսին է ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այժմ նա բացահայտ, հաճախ կոպիտ ձեւով քննադատում է իր երկրի կառավարությանը եւ նույնիսկ վերջերս իր ողջ նախագահական ժամկետի ընթացքում առաջին անգամ կիրառեց վետոյի իրավունքը, որը, ճիշտ է, հեշտությամբ հաղթահարվեց խորհրդարանի կողմից։

Միեւնույն ժամանակ Արեւմուտքը չի թաքցնում Անդրկովկասում այսպես կոչված «Վրաստան - Հայաստան միասնական ժողովրդավարական դաշինք» ստեղծելու մտադրությունները եւ այդ պատճառով հարձակվում է Թբիլիսիի վրա՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետ կապված։ Այսպես, Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանը կոչ է արել Վրաստանին «հետեւել եվրոպական արժեքներին»՝ նախազգուշացնելով, որ «Թբիլիսին կարող է զրկվել եվրոպական հեռանկարներից»: Դժգոհություն են դրսեւորում Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ - ը եւ նույնիսկ ՄԱԿ-ը։ Թբիլիսին պատասխանում է՝ հիմնավորվամբ, որ նման օրենք կա ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, որ «երկիրն ունի ինքնիշխանություն», եւ «այն չպետք է նորից մասնատել»։ Սակայն, վրացի փորձագետների գնահատմամբ, նման փաստարկները դժվար թե ընկալվեն Բրյուսելի եւ ընդդիմության ուժերի կողմից, որոնք արդեն սկսել են համատեղ բողոքի ակցիաների շուրջ խորհրդակցությունները: «Վրացական երազանքը» պատասխանել է՝ այս անգամ, չնայած հնարավոր բողոքներին, «հետ չի կանչի նախագիծը»: Այսպիսով, դրվում են մաքսիմալիստական նշաձողեր, եւ բոլորը սպասում են, թե ինչ կհաջորդի:

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի