կարևոր
2212 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-16 15:13
Քաղաքական

Օբիժեննիկների իշխանություն․ Էդգար Էլբակյան

Օբիժեննիկների իշխանություն․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է

«Երբ հակահիտլերյան կոալիցիայի արևմտյան դաշնակիցները ռմբակոծում էին Վիեննան՝ փաստացի նշանաբան ունենալով «ցեղասպանի՛ր ցեղասպանողին» մտածողությունը, Վերմախտի հրամանատարությունը Հիտլերից թույլտվություն խնդրեց՝ այլ ռազմաճակատներից դեպի Վիեննա հակաօդային պաշտպանության միջոցներ տեղափոխելու համար։ Հիտլերը մերժեց․ «թող իմանան, ինչ է նշանակում քաղաքի ռմբակոծությունը»։

Բանն այն է, որ երիտասարդ տարիները Հիտլերն անցկացրել էր Վիեննայում՝ «ոչմեկի» կարգավիճակով։ Երկու անգամ փորձել էր ընդունվել գեղարվեստի ակադեմիա, վռնդվել էր, ոչ մի տեղ չէր սովորում, ապրում էր ընկերոջ հետ վարձով, ապա՝ առհասարակ հանրակացարանում («հոսթել»)։ Կարճ ասած՝ Հիտլերն «օբիժեննիկ» էր Վիեննայից։

Կասկած անգամ չկա, որ համանման հեգնական պատասխան կտա կապիտուլյանտը, եթե վտանգ սպառնա Մեղրի և Սիսիան քաղաքներին, որտեղ նրան հայհոյանքի միջոցով հիշեցրին իր տոհմաբանությունը, իսկ մյուս տեղում ճանապարհ ցույց տվեցին դեպի Աստծո դատաստան, ապա՝ դժոխք։ Այս առումով հայ ազգը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, ում իշխանությունը զավթվել է մանկապատանեկան և ընտանեկան ծանր բարդույթներով, կյանքից խռոված և չարացած մարդկանց կողմից։

Տարբեր են միայն առարկայական պարագաները։ Այն, որ գերմանական «օբիժեննիկի» խռովածության առաջնային թիրախն, այնուամենայնիվ, արտաքին աշխարհում էր, որից նա ցանկանում էր վրեժ լուծել իր դժբախտ մանկության համար, իսկ հայկական «օբիժեննիկի» խռովածության միակ թիրախը հենց երկրի ներսում է և հենց ինքը երկիրն է, հետևանք է գերմանական տարածքի, գերմանական ռեսուրսների և գերմանական պատմության ավելի բարենպաստ նախադրյալների՝ համեմատած հայկականի հետ։ Հենց այդ մեծ տարածքն ու պատմությունն էին, որ ծնունդ տվեցին ինքնիշխան «օբիժեննիկի», իսկ աղքատ Հայաստանում ծնվեց թուրքական դրածո «օբիժեննիկ»։

Հաշվի առնելով առարկայական պայմանների տարբերությունը՝ պետք է նկատի ունենանք նաև, որ ի տարբերություն Հիտլերի, որի՝ օտարների կողմից վերացումով գերմանական քաղաքական նախագիծը չվերացավ, այլ հետագայում վերածնվեց, հայերիս պարագայում օտարերկրյա,այսինքն՝ թուրքական, ներխուժումը նշանակելու է ամբողջ Հայաստանի և հայ ազգի գոյության դադարեցում, հետևաբար՝ նման եղերական սցենարից խուսափելու համար՝ Հայաստանը պետք է ինքնաազատագրման և պետության վերստեղծման համար ներքին ուժեր գտնի։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու»։