Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը տարին մեկնարկել էր հարկային խստացումներ ու արտոնությունների վերացում նախատեսող մի քանի նախագծերի քննարկումով: Իշխանական այս մոտիվները շարունակում են պահպանվել. օրերս տեղեկացանք՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից՝ բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարկային քաղաքականության վերջին աժիոտաժին, նկատեց.
«Ակնհայտորեն, նախորդ տարվա վերջից սկսած՝ այս իշխանությունները հարկային արտոնությունները վերացնելու և նաև՝ հարկային ռեժիմը խստացնելու, հարկեր քերելու քաղաքականություն են որդեգրել: Մտահոգությունն այն է, որ հիմնականում վերցված են այն ուղղությունները, որտեղ որոշակի տնտեսական աշխուժություն կա, և այդ ոլորտները նպաստել են բարձր տնտեսական աճին:
Սա արվում է, քանի որ շատ լավ գիտեն՝ արտաքին պատահական գործոնը, որը բերել էր տնտեսական բարձր աճի, և որն իրենց հետ կապ չուներ, նվազում է, հետևաբար, իրենք լուրջ դժվարություններ են ունենալու 2024 թվականին՝ նախ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու առումով, և նաև՝ հարկային մուտքերն ապահովելու իմաստով, ինչը բյուջեում է դրված:
Այժմ այդ խնդիրները լուծելու համար, փաստացի, փորձում են հնարավորինս հարկային մուտքերը քերթել-տանել առավելագույնը»:
Այս համատեքստում Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց ծառայությունների ոլորտում ավելացող տուրքերի, շինարարության ոլորտին առնչվող փոփոխությունների, ավտոներկրողների հարկային բեռի էական ավելացման, փոքր ու միջին բիզնեսներին տրվող արտոնությունների վերացման մասին:
«Այժմ էլ անցել են փաստաբանական ոլորտին:
Բայց այստեղ, կարծում եմ, երկրորդ դրդապատճառը կա՝ բացի հարկային ֆիսկալ ֆունկցիայից. իրենք նաև, փաստացիորեն, թաքնված կերպով փորձում են փաստաբանական հանրույթին պատժել, որովհետև այդ ինստիտուտն իրենց քաղաքական շահերին դեմ է:
Իրականում, ոստիկանապետությանը գետնի վրա ինչ-որ չափով հակադրվող ինստիտուտներից մեկը հենց փաստաբանական հանրույթն է»,- հավելեց նա:
Ի դեպ, նա չբացառեց, որ նման տրամաբանությամբ հնարավոր է թիրախավորվեն նաև այլ ոլորտներ, որոնք «ընդդիմանալու» բնույթով են աչքի ընկնում. օրինակ, լրատվական կայքերը:
«Վստահաբար, իրենք հարկային քաղաքականության միջոցով նաև փորձում են իրենց պատժիչ գործառույթն իրականցնել»,- շեշտեց տնտեսագետը:
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև հանգամանքի վրա, որ իշխանությունները հետևողականորեն վերացնում են արտոնյալ ռեժիմները, ապա ամփոփելով շեշտեց՝ այս ամենը կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:
«Իրենց հետաքրքիր է այս պահին մաքսիմում կոմֆորտ ունենալ. հարկային մուտքերն ապահովել՝ պոպուլիստական հայտարարությունների համար, բայց թե հետո դա ի՞նչ ազդեցություն կթողնի միջնաժամկետ և վերջնաժամկետ զարգացման վրա, իրենց բացառապես չի հետաքրքրում:
Մի կողմից՝ պարտքային բեռն են ավելացնում, մյուս կողմից՝ ներդրումային միջավայրն են աղճատում հարկային այս ագրեսիվ քաղաքականությամբ, իսկ նպատակը նույնն է՝ մեկ օր ավել պահել իրենց իշխանությունը և փորձել իրենց սուտ խոստումների տակից դուրս գալ»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք՝ Համաշխարհային բանկի՝ «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» նոր զեկույցի համաձայն՝ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի՝ հասնելով մինչև 2.4 տոկոսի. պատճառն աշխարհաքաղաքական ռիսկերն են՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունները, կլիմայի փոփոխություններով պայմանավորված խնդիրները:
Համաշխարհային բանկը տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում, այդ թվում՝ Հայաստանում։ 2023 թվականը, ըստ ՀԲ-ի, կամփոփվի 7.1 տոկոս տնտեսական աճով, 2024-ը՝ 4.7, 2025-ը՝ 4.5 տոկոս աճերով:
Աղբյուրը՝ 168.am