Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում 2022-ի հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 9,6%-ով․ նշվում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած եռամսյակի նախնական մակրոտնտեսական ցուցանիշներում։
Այս տարվա մարտին փետրվարի համեմատ՝ ՏԱՑ-ն աճել է 8,4%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 6,7%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը` 38,5%, ծառայությունների ծավալը` 22,2%, և էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16,7%: Աճ են գրանցել նաև ներմուծումը` 45,6%, և արտահանումը 26,9%:
Գյուղատնտեսության ոլորտում կրկին անկում է արձանագրվել, այս անգամ՝ 5.4 %:
Մինչ իշխանական ու մերձիշխանական շրջանակներն արագորեն տարածում էին այս պաշտոնական ցուցանիշները՝ դրանք համարելով ձեռքբերում, մասնագիտական շրջանակներն ուղղակի հիշեցրին՝ աճ են արձանագրել այն ոլորտները, որոնք 2021 թ. որոշակի նվազում ունեին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 2022 թ. առաջին եռամսյակի աճը պայմանավորեց բազայի էֆեկտով՝ հիշեցնելով, որ նախորդ տարի հունվար-մարտին համավարակից հետո արձանագրել ենք չվերականգնված տնտեսության ցուցանիշներ:
«Այսինքն՝ համեմատում են փոքր բազայի հետ. հիշեք՝ 2019 թ . covid 19-ի համավարակի տնտեսական բացասական հետևանքները 2021 թ.-ի մինչև ապրիլը ներառյալ շարունակվում էին:
Մեկ այլ գործոն է՝ հունվար-մարտ ամիսներին համաշխարհային տնտեսության բարձր և առաջանցիկ աճի տեմպը»,- նշեց տնտեսագետը:
Թադևոս Ավետիսյանն իշխանություններին խորհուրդ տվեց չփողփողել այս թվերը՝ օրինակ բերելով հարևան Վրաստանի տնտեսական ցուցանիշները՝ մասնավորապես, 2021 թ.-ին արձանագրված 10.6 % տնտեսական աճը:
«Ճտերն աշնանն են հաշվում. տարին կամփոփվի, և թող իրենք իրենց մանիպուլյացիաները շատ անթաքույց ձևով չտարածեն, որովհետև թե՛ Համաշխարհային բանկը, թե՛ էս երկրի Կենտրոնական բանկը տարվա համար ընդամենը 1.6% տնտեսական աճ են կանխատեսում»,- հավելեց նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող շարունակական անկմանը և պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք Էկոնոմիկայի նախարարությունն ի վիճակի չէ զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, պատգամավորը նկատեց.
«Գյուղատնտեսության անկումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ առանց ազդեցության գնահատման՝ անիմաստ ծրագրեր են իրականացնում:
Երկրորդը՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգված կառավարում, պետական քաղաքականություն, ըստ էության, չունի, որովհետև վերացրին էս ապիկարները»:
Աղբյուրը՝ 168.am