կարևոր
4360 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-17 18:24
Հասարակություն

Տիկին նախարար, հարցերս ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացից են․ Ա․ Կյուրեղյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցեր հնչեցնելուց առաջ նախ նշեց հետևյալը․

«Ասեմ, որ ինձ բախտ վիճակվեց լինել Վանաձորում, հանդիպել տարբեր սոցիալական, մասնագիտական խմբերի ներկայացուցիչների հետ։

Նրանք՝ բոլորը, ինձնից պահանջեցին անպայմանորեն կառավարությանը փոխանցել հետևյալը․

Իմացե՛ք, որ վանաձորցին երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից ու Արցախից:

Իմացե՛ք, որ ոչ մի կախիչով ու ցնցուղով գեղջկական շոու չի կարող վանաձորցուն  համոզել, թե Եռաբլուրում կամ Վանաձորյան Պանթեոնում հողին հանձնված մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի։

Չգիտեմ դուք ինչպես, բայց իմացե՛ք, որ վանաձորցին ոչ մեկին, սկսած ներքևում  նստածից մինչև վերև, ո՛չ մեկին թույլ չի տվել իր արժանապատվությունը հասցնել ասֆալտի մակարդակի»,-ասաց պատգամավորը՝ ապա խոսքն ուղղելով Ժաննա Անդրեասյանին ասաց․

«Իսկ հիմա հարցերս ԿԳՄՍ նախարարին։

Տ-ն նախարար, հարցերս ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացից են:

Հարց 1.

Արդյո՞ք թեստերի մեջ հարցերի, ենթահարցերի քանակը, դրանցից  յուրաքանչյուրի լուծման համար անհրաժեշտ նվազագույն ժամանակն ու ատեստավորման համար տրամադրված ժամանակը իրար համարժեք են: 

Օրինակս բերեմ հայոց լեզվի թեստից:

30 հարցից 19-ը ունեն 9 ենթահարց, որոնցից մի քանիսը պետք է դիտարկել 9 տարբերակների համար, իսկ սա արդեն մեկ հարցի մեջ 81 դեպք է ենթադրում:

Արդյունքում ստացվում  է 200-ից շատ ավելի, համարենք պարզ հարցեր, բարդությանը նույնիսկ չանդրադառնանք։

Այս ամենի համար տրվում է 180 րոպե։

Փաստորեն մեկ հարցի կարդալու, պատասխանը ճշտելու և այն գրանցելու համար տրվում է 1 րոպեից էլ քիչ ժամանակ:

Միջին մակարդակի ուսուցչի համար ինչքանո՞վ է դա հասանելի:

 

Հարց 2.

Արդյո՞ք կամավորը չի դառնում պարտադիր գործընթաց, եթե առաջին ատեստավորումը չանցնելու դեպքում պարտադիր վերաատեստավորվելուց և բավարար արդյունք չունենալուց հետո ուսուցիչը զրկվում է աշխատանքից:

Հարց 3

Կրկնակի ատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը:

Փաստորեն, եթե որևէ ուսուցիչ առաջին անգամ հավաքել է 1 տոկոս, իսկ երկրորդ անգամ՝ 2, ստանում է ևս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն, որովհետև ապահովել է 15 % աճ, իսկ մեկը, ով 1-ին անգամ հավաքել է 48, իսկ 2-րդ անգամ, ասենք 49 տոկոս, ազատվում է աշխատանքից։

2 տոկոս հավաքածը շարունակում է աշխատել, իսկ 49 տոկոս հավաքածը՝ ազատվում է։

Դա դուք համարում ե՞ք նորմալ։

Հարց 4. 2021 և 2022թթ ուսուցիչն ապահովել է 15% աճ, բայց 3-րդ հնարավորություն չի ունեցել, իսկ 2022-23թթին այդ աճն ապահովողն ունեցել է: Արդար է՞ արդյոք:

Հարց 5.

Միջին մասնագիտական կրթություն և երկար տարիների մանկավարժական փորձ ու վաստակ ունեցող ուսուցիչներին չի տրվում ոչ միայն երրորդ, այլ նաև երկրորդ անգամ վերաատեստավորման հնարավորություն և նրանք առաջին անհաջող փորձից հետո արդեն ազատվում են աշխատանքից: Արդյո՞ք դա վերանայելու կարիք չեք տեսնում և ինչու՞: Միգուցե նրանց համար նվազգույն շեմ սահմանվի և թույլատրվի երկրորդ փորձը: