կարևոր
2431 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 15:03
Հասարակություն

Իմ քեռի Հակոբ Իսմայիլը

Իմ քեռի Հակոբ Իսմայիլը

Արսլան Օզդեմիր

«Հայերի կոտորածը մարդկության պատմության ամենամութ էջերից մեկն է։ Երբեք չպետք է մոռանանք այս ողբերգության զոհերին և նրանց տառապանքը»։

Հայկական ջարդը վերաբերում է 1915 թ․ գարնանից մինչև 1916 թ․ աշունը Օսմանյան կայսրությունում ապրող էթնիկ քրիստոնյա հայերի ֆիզիկական ոչնչացմանը։

1915-ի հայկական ջարդերի ժամանակ օսմանյան կառավարությունը և նրա կողմնակիցները համակարգված արշավ էին իրականացնում հայերի բնաջնջման ուղղությամբ։ Այս արշավի շրջանակներում հազարավոր հայ երեխաներ որդեգրվեցին մահմեդական ընտանիքների կողմից և իսլամացվեցին:

Այս երեխաներից շատերը ջարդերից միակ փրկվածներն էին: Նրանց ընտանիքները սպանվել կամ անհետ կորել էին, և գոյատևելու համար նրանց նոր ընտանիք էր անհրաժեշտ: Մահմեդական քուրդ ընտանիքները հաճախ այդ երեխաներին ընդունում էին որպես իրենց երեխաներ և սովորեցնում իրենց մշակույթն ու կրոնը:

Իսլամ ընդունած հայ երեխաներն ստիպված էին կորցնել սեփական ինքնությունն ու անցյալը։ Նրանք մոռացան հայերենը և հրաժարվեցին հայկական սովորույթներից։ Նրանցից ոմանք նույնիսկ տեղյակ չէին, որ հայ են։

Իսլամացված հայ երեխաների պատմությունները հայկական ջարդերի ողբերգության մի մասն են։ Այս երեխաները կոտորածի ժամանակ անհետացած հայ ժողովրդի հիշեցումն են։

Իսլամացված հայ երեխաների ձուլման գործընթացն ընդհանուր առմամբ հետևյալն էր. երեխաները որդեգրվել են մահմեդական ընտանիքների կողմից, ընդունել մահմեդական անուն և ազգանուն, ստացել մահմեդական կրոնական կրթություն, հագնվել իսլամական սովորույթով և ինտեգրվել մահմեդական հասարակությանը:

Հորեղբայրս՝ Հակոբ Իսմայիլը, այս երեխաների կոնկրետ օրինակն էր։ Պապս՝ Շեյխ Քասըմը (Նա Օմերիա աշիրեթի հայտնի ընտանիքներից և շեյխերից էր։ Օսմանյան կայսրության օրոք դատավոր է եղել Սավուրի շրջանում), սիրիական Դեր Զոր մեռնելու տարվող հայ երեխաների քարավանից Մարդինի Գոլիյե գյուղում (Գոլիյե գյուղը կարևոր դեր է խաղացել նաև 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Գյուղը պատասխանատու է հայերի գաղթի համար: Այս գյուղում միասին ապրող հայերն ու ուղղափառ ասորիները ստիպված են եղել գաղթել, իսկ նրանց հողերը բռնագրավվել են մահմեդականների կողմից) ստեղծված հանգստյան ճամբարից՝ զինվորներից՝ որոնք ապահովում էին քարավանի անվտանգությունը, երկու մեջիդիեի (Օսմանյան ժամանակաշրջանում օգտագործված արծաթե մետաղադրամ, որն արժեր այն ժամանակվա օսմանյան ոսկու մեկ հինգերորդ մասը կամ քսան քուրուշ) դիմաց վերցրել էր նրան։ Այդ քարավանի մեջ էր նաև Հակոբ Իսմայիլի հորեղբոր քույրը՝ Ադելը, ում, չնայած բոլոր որոնումներին, նա չկարողացավ գտնել, և այդպիսով մինչև իր մահը նրա կապերը ընտանիքի իրական անդամների հետ խզվեցին։

Հակոբ Իսմայիլ հորեղբայրս, Էլազըղի Խարբերդ գավառի Գողուլ գյուղից էր, որը կարևոր դեր է խաղացել հայկական ջարդերի ժամանակ։ Գյուղի բնակչության մեծ մասը հայեր էին, իսկ 1915 թ․ գյուղը դարձավ օսմանյան կառավարության նախաձեռնած կոտորածների կենտրոն։ Գյուղում բնակվող մոտ 2 հազար հայ սպանվել է օսմանյան ուժերի կողմից։

Էլազըղի Խարբերդ գավառի հայկական Գողուլ գյուղում բնակվող հայերը պատկանում էին Մաշտըրլը աշիրեթին։ Մաշտըրլը աշիրեթը հայերի ամենամեծ աշիրեթներից էր։ Աշիրեթն ապրում էր Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ․) շրջանում, հատկապես Էլազըղ, Մալաթիա և Բինգյոլ նահանգներում։ Մաշտըրլը աշիրեթը մեծ կորուստներ կրեց Հայոց ցեղասպանության ժամանակ։ Աշիրեթի մոտ 10 հազար անդամներ կոտորվեցին։

Հորեղբայր Հակոբի հոր անունը Բալյոզ էր, իսկ մոր անունը՝ Վասիլիս։ Նա ուներ երկու ավագ եղբայր։ Հայր Բալյոզը ունևոր էր, գյուղի ամենահարուստ ընտանիքը: Նա գլխներին գալիքը պիտի որ պատկերացրած լիներ, քանի որ իր երկու ավագ որդիներին Մարսելով ուղարկել է Ամերիկա։ (1894-1896 թթ․ Համիդյան ջարդերը և 1915 թ․ հայկական ջարդերը մեծացրել են հայերի գաղթի տեմպերը դեպի Ամերիկա։ Այս ողբերգություններից մազապուրծ եղած հայերը պայքարում էին Ամերիկայում նոր կյանք հաստատելու համար։ Ամերիկայի հայկական համայնքները միասին աշխատեցին հաղթահարելու այս մարտահրավերները և հաջողության հասնելու համար: Այսօր ԱՄՆ-ում ապրում է մոտավորապես 1․5 միլիոն հայ։ Հայերն ապրում են Ամերիկայի քաղաքներում և ավաններում։ Հայերը Ամերիկայի հարուստ և բազմազան մշակույթի կարևոր մասն են:) Նրա ավագ որդին՝ Սարգիսը, նոր էր ամուսնացել։ Հեռանալիս կնոջն իր հետ չի տարել։ Միգուցե Ամերիկայում հաստատվելուց հետո ամբողջ ընտանիքն իրենց հետ տանեին։ Սակայն ընտանիքի սպանությունը և փրկվածներ՝ Հակոբի և Ադելի աքսորը, ցմահ խզեցին բոլոր կապերը Ամերիկա գնացածների հետ։

Նախ տարել են Հակոբի հորը, հորեղբորը և ընտանիքի մյուս ավագ տղամարդկանց։ Երբ ընտանիքի անդամները օրերով լուր չեն ստացել, հասկացել են, որ նրանց սպանել են։ Հերթը կանանց ու երեխաներին էր։ Մինչ կանանց տանելը, Հակոբի մայրը Հակոբին և Ադելին մեկական ոսկի է տվել և խնդրել, որ կուլ տան։ Նա մտածել է, որ դա կարող է անհրաժեշտ լինել ճանապարհին: Թանկարժեք իրերը դրել է կճուճի մեջ ու թաղել տան նկուղի շեմին։ Կճուճը թաղելիս նա երեխաներին ասել է, թե որտեղ է այն, և սովորեցրել է, որ եթե փրկվեն գան ու փորեն-հանեն այն։

Հետո կանանց տարան սպանելու։ Սակայն Սարգսի նորապսակ կնոջը չեն սպանել, նրան կին է վերցրել իր հարեւան գյուղացիներից մի մահմեդական։ Հավանաբար որպես ռազմավար։ Մնացել են միայն երեխաները։

Երբ Հակոբին և Ադելին դուրս են բերել գյուղից, նրանց անցկացրել են իրենց սպանված ավագների ուռած դիակների միջով։ Դիակները հատուկ չէին թաղվել, և երեխաներից պահանջել էին տեսնել իրենց ծնողների մարմինները: Միգուցե նրանց տրվել է այս ուղերձը. «Այլևս անցյալ չունեք, ձեր անցյալը ոչնչացվել է»։ Ի՞նչ խղճով են այդպես վարվել այդ ուղերձը տվողները։ Մինչդեռ իսլամի մարգարեն եղբայրաբար ապրում էր բոլոր կրոնների ներկայացուցիչների հետ Մեդինայում, ինչպե՞ս այս կրոնի անդամները հասան այս կետին:

Գողուլ գյուղը հայտնի է որպես հայերի ջարդերի կենտրոն։ Գյուղի հայ բնակիչները կոտորվել են զինվորների ու մահմեդական գյուղացիների ու չեթեների կողմից։ Գյուղը դարձավ հայերի ոչնչացման խորհրդանիշ։

Գողուլ գյուղում հայերի պատմությունը հայկական ջարդերի ողբերգական հիշեցումն է։ Գյուղի բնակիչները մեծ ցավ ու կորուստ ապրեցին ջարդի ժամանակ։ Նրանց պատմությունները հիշեցնում են կոտորածի ժամանակ տեղի ունեցած վայրագության և անարդարության մասին:

Գողուլ գյուղի հայերը ներկայացված են կոտորածից փրկված սակավաթիվ մարդկանցով։ Այս մարդիկ փորձել են բարձրացնել իրազեկությունը՝ կիսվելով ջարդերի մասին իրենց փորձառությամբ: Նրանց պատմությունները կարևոր են ջարդի զոհերի հիշատակի համար:

Հորեղբորս՝ Հակոբ Իսմայիլին, երբ պապիկս շարասյունից հանել է, նրանք ճամփա են ընկել մեր գյուղ։ Ճանապարհին պապիկս նրան ասել է, որ այժմ պետք է մուսուլման դառնա ու անունը փոխի։ Հորեղբայրս, երբ որպես Հակոբ՝ Գողուլ գյուղում ապրելիս է եղել, Իսմայիլ անունով մուսլման մի ընկեր է ունեցել, և նրան հիշելով՝ ցանկացել է, որ իր անունը լինի Իսմայիլ։

Հորեղբայրս, ասում եմ, ինձ ավելի շատ հորեղբայր էր, քան իսկական հորեղբայրներս։ Հորեղբայրս տան երկրորդ ավագ որդին էր և իրենից հետո ծնված բոլոր քույրերին ու քույրերին որդեգրել է։ Հայրս մինչև նրա մահ հարգեց իր եղբայրներին պահող-պահպանող հորեղբորս։

Հայրս միշտ արտասվում էր նրա մասին հուշեր պատմելիս։ Պապս՝ Շեյխ Քասըմը, նրան չէր տարբերում իր մյուս զավակներից և համարում էր իր ամենավստահելի որդին։ Պապս նրան ամուսնացրել էր իր ցեղից մի աղջկա հետ, և այս ամուսնությունից նրանք ունեցել են չորս աղջիկ և չորս տղա։

Հորեղբայրս՝ Հակոբ Իսմայիլը, Ամերիկայում գտավ կոտորածից փրկված իր եղբայրների հետքերը, բայց նա հրաժարվեց այս որոնումներից, քանի որ միջնորդը ցանկանում էր, որ նա հեռանա իր կնոջից և իսլամից:

Հորեղբայրս՝ Հակոբ Իսմայիլը, իսկական մահմեդական էր, բայց միշտ ապրել է իր հայկական ինքնությամբ։ Նա երբեք չի մոռացել իր աչքի առաջ սպանված ընտանիքի անդամներին, մահմեդական ավազակախմբերի կողմից առևանգված Սարգսի կնոջը՝ իրենց հարսին։

Ուխտի էր գնացել և մինչև մահ փորձեց լավագույնս կատարել իր իսլամական պարտականությունները: Թերեւս նա իր ապրած հասարակության ամենամաքուր, ամենաազնիվ մուսուլմաններից մեկն էր: Սակայն, չնայած դրան, այն միշտ անվանվել է «Բավ ֆըլե» (այսինքն՝ ֆըլե հայր։ Քրդերը «ֆըլե» էին անվանում հայերին այս բառը ծագում է արաբերեն ֆելլահ բառից, որը նշանակում է «հողագործ, նստակյաց», ինչը քոչվոր կենսակերպ վարող քրդերի համար ցածր ծագման, ստորին դասակարգի նշանակյալ էր-Ակունքի խմբ

Հորեղբորս երեխաները նույնպես ապրել են որպես իսկական մահմեդականներ և քրդեր։ Սակայն նրանք նաև տեղյակ էին, որ իրենց հայրը ծագումով հայ էր։ Այս իմաստով նրանց թոռները ևս փնտրել ու փորձել են բացահայտել իրենց հայկական ինքնությունը։

Իսլամացված հայ երեխաներից ոմանք իմացել են իրենց իսկական ժագման մասին, երբ չափահաս են դարձել: Այդ երեխաները պայքարեցին իրենց հայկական ինքնությունը վերականգնելու համար: Ոմանք նորից միացան հայկական համայնքներին և սկսեցին հայերեն սովորել: Մյուսները փորձել են բարձրացնել իրազեկությունը՝ կիսվելով իրենց փորձով՝ որպես հայկական ջարդերի վկաների:

Իսլամացված հայ երեխաների պատմությունները մեզ հիշեցնում են հայկական ջարդերի (Հայոց ցեղասպանության – Ակունքի խմբ) վայրագությունն ու անժամանցելի հետեւանքները։ Այս երեխաները Ցեղասպանության ժամանակ անհետացած հայ ժողովրդի հիշեցումն են։

https://bianet.org/yazi/agop-amcam-ismail-289960

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net