Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ապրում ենք ատոմիզացման, թշնամության և ատելության տարածման ժամանակաշրջանում. հիմա քաոսի ժամանակներ են։ Ցավալիորեն, այս ամենի գեներացնողն անխուսափելիորեն երկրի այս իշխանությունն է, որովհետև, եթե անհատները որակապես կարողանում են փոխել իրենց նեղ շրջապատը, ապա հասարակության որակը փոխում են կառավարիչները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ հասարակության որակի, դրա անկման ու սերմանվող արատավոր բարքերի մասին, նման տեսակետ հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ շարունակելով.
«Ի՞նչ է սահմանված այսօր հասարակության համար՝ ոչինչ. ոչնչականության քաղաքականություն է վարվում այսօր։ Շատ հեշտ է ապրել՝ անընդհատ կորցնելով, և խոսել 29 800 քառակուսի կիլոմետրը պահելու մասին, որը, ի դեպ, արդեն չկա էլ։ Այդ 29 800 քառակուսի կիլոմետր ասվածը մեծագույն ուրացում է պարունակում. դա նշանակում է հրաժարում Արցախից, որպես ազգ՝ կենսունակ լինելու կարողականությունից, մեր ժառանգությունից, սրբավայրերից. խոշոր հաշվով՝ մեր ինքնությունից»։
Սրբազանի խոսքով՝ եկել-հասել ենք մի ժամանակաշրջանի, երբ եթե նախորդող 30 տարիների համեմատության մեջ մատնանշում էինք մեր սխալները, բացթողումները, ապա այս իշխանության օրոք խոսում ենք ուղղակի ողբերգության մասին։
«Նախկինում խոսում էինք մեր ազատագրման, Անկախության հռչակագրի, ապրելու իրավունքի հաստատման, սեփական հայրենիքի ազատագրման մասին, հիմա խոսում ենք աղետի՝ մարդկային և տարածքային կորուստների, անվերջանալի վտանգների մասին։ Դրանից դրդված՝ հիմա կա՛մ հանձնվում ենք ու հեռանում, կա՛մ պայքարում։ Մեր կյանքն այլ ընտրություն չունի»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ շեշտելով.
«Այս բոլոր աղետների ամենամեծ պատասխանատուն այս իշխանությունն է»։
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս կրկնվող աղետալի փակ շղթան ճեղքելու տարբերակ, սակայն, տեսնում է. հասարակության ընտրված հատվածը որակյալ փոքրամասնությունն է, որ իրավիճակ է փոխելու: Արցախյան առաջին հաղթական ազատամարտն էլ հենց դա փաստեց՝ ազգի ընտրյալ հատվածն է հաղթում։
Նրա խոսքով՝ հիմա այդ հատվածը սպասում է առաջնորդության և առաջնորդի, ռևանշի՝ ներքին ազատագրման հասնելու համար։
«Ռևանշ ասելով՝ պետք է հասկանանք ազատագրում, ներքին ազատագրում, վերածնունդ։ Չէ՞ որ մենք պատասխանատվություն ունենք մեր կորսված հռչակավոր սրբավայրերի հանդեպ։ Երբ ես ասում եմ՝ ռևանշ լինելու է, դա հայախոս և ոչ հայախոս թշնամիների մասին է։ Հիշեք, որ Հայաստանի իշխանական շրջանակներից էին ասել, թե ռևանշ չի լինելու, բայց ո՞վ է ասում, որ դա չի լինելու, ես նման հանձնառություն չունեմ, որովհետև պատասխանատու եմ»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հիշեցնելով, քանի որ երկրի գլխավորի համար մի կախիչն ու ցնցուղն ավելի մեծ արժեք ունեն, քան Ազատ գյուղում վառված տղաները, ուստի մենք ապրում ենք անպատվության և գողացված ուրախության ժամանակներ, երբ դրա դեմ պայքարող միակ խրամատը մնացել է եկեղեցին։
«Մուրացիկ խաղաղությանը խոչընդոտող վերջին կառույցը եկեղեցին է»,- նշեց Սրբազանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։