կարևոր
5221 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-31 21:45
Աշխարհ Հասարակություն

Համազգային օրակարգ՝ գոյաքարշութեան պայմանները յաղթահարելու համար

Համազգային օրակարգ՝ գոյաքարշութեան պայմանները յաղթահարելու համար

2024 թւականին ընդառաջ

Միանշանակ դժւար է գնահատել անցնող՝ 2023 թւականը։

Ի՞նչը կարող է, օրինակ, չափւել այն ահռելի ու անդառնալի թւացող կորստի հետ, որ ունեցաւ հայ ժողովուրդը՝ յանձինս Արցախի կորստի։

Ինչո՞ւ է Հայաստանը դարձել անդէմ պետութիւն, որն այլեւս ի վիճակի չէ ձեւակերպելու պետական, ազգային շահ եւ օրակարգ։

Ինչքա՞ն է կարող դիմանալ հոգեվարք ապրող հայոց պետականութիւնն իր գոյութեանն սպառնացող տարաբնոյթ անվտանգային մարտահրաւէրներին։

Ինչո՞ւ ՀՀ գործող իշխանութիւնների ամէն մի մեծ ու փոքր պաշտօնեայ փորձում է ծածկել, չտեսնելու տալ եւ այլ գոյներով ներկայացնել իրականութիւնը։

Ինչո՞ւ են հէնց նոյն այդ պաշտօնեաներն իրենց հիմնական խնդիրը համարում սողալ ոսոխի ոտքերի տակ, մուրալ խաղաղութիւն՝ երկրում տիրաժաւորելով թշնամու քիմքին հաճոյ գաղափարներ եւ օրակարգ։

Այդ ինչպէ՞ս է պատահել, որ խեղաթիւրւել է մեր ազգային մտածողութիւնն ու արժեհամակարգը, եւ կեղծ՝ օտարածին այլ առաջնահերթութիւններ են մեզ համար մղւել առաջին շարք:

Ինչպէ՞ս է կարելի չտեսնելու տալ այն նւաստացուցիչ ու անարժանապատիւ իրականութիւնը, որի մէջ ապրում է ողջ հայ ժողովուրդը…

Անշուշտ, թւարկւած այս հարցերի կողքին կարելի է շարադրել պատասխան պահանջող բազում այլ հարցեր եւս։ Ցաւոտ հարցեր, որոնք, ցաւօք, տալիս են 2023 թւականի իրական բնութագիրը։

Հարցեր, որոնց նկատմամբ հայ հասարակութեան զգալի մի հատւածն անցնող տարում մնաց անհաղորդ, որի պատճառով էլ հայկական իրականութեանը չյաջողւեց մեզ համազգային աղէտի հասցրած գործընթացների հիմնապատճառները հասկանալ եւ ճիշտ ընկալել, որի արդիւնքում էլ չկարողացանք կասեցնել համազգային գահավիժման կործանարար ընթացքը։

Այսպիսով, 2020 թւականից ի վեր, մենք ստիպւած ենք հերթական անգամ արձանագրելու, որ բազում անպատասխան հարցերի լաբիրինթոսում անցաւ էլի մէկ տարի, ինչի արդիւնքում էլ ապագայի հետ կապւած մեր համազգային տեսլականը շարունակում է մնալ անորոշ ու մշուշոտ։

Եւ հէնց անորոշութեան եւ տեղատւութեան այս մթնոլորտն է, որ թշնամուն հնարաւորութիւն է տալիս նպատակասլաց հետապնդելու հայոց պետականութիւնը վերջնականապէս ամլացնելու իր քաղաքականութիւնը։

Թշնամու հայակործան դաւադիր նկրտումների նպատակասլացութեան գործում մեղքի հսկայական բաժին ունի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը, որն իշխանութիւնը նւաճելուց ի վեր արտաքին քաղաքականութեան ոլորտում անհետեւողական, դիլետանտ, երկչոտ, օտարածին օրակարգին հաւատարիմ եւ օտարի կամքից ամբողջական կախման մէջ եղաւ եւ մնաց՝ ազգային ամենաճակատագրական հարցերը քաղաքական-դիւանագիտական հարթակներում ներկայացնելիս։

Իրենց «խաղաղասիրական»՝ հայավնաս նախաձեռնութիւններին կառչած մնալով, նրանք չգիտակցեցին /եւ շարունակում են չգիտակցել/, որ խաղաղութիւն կոչւած երեւոյթը, իբրեւ այդպիսին պայմանաւորւած է ոչ թէ սնամէջ բաղձանքներով, անիմաստ ու ոչինչ չասող խոստումներով եւ միակողմանի զիջումներով, այլեւ՝ պատմական իրողութիւնների այն առարկայական եւ ենթակայական դասաւորութեամբ, որոնք հնարաւոր են դարձնում դրա կայացումը։

Տրամաբանութիւնը յուշում է, որ խաղաղութեան պայմաններում չի կարող ապրել այն երկիրը, որն ինքնակամ հրաժարւում է իր գոյութեան յարատեւման համար անհրաժեշտ նւազագոյն կենսադաշտից ու պայմաններից, եւ որ այդպիսի խաղաղութիւնը նրա համար ոչ այլ ինչ է, քան մահ։

Եւ հէնց այս իրականութիւնն է, որ պէտք է ձեւակերպի 2024 թւականի մեր համազգային օրակարգը. թմբիրից հանել հասարակութեանը, սթափեցնել բթացած ուղեղները, դադարեցնել Հայաստանի եւ հայ ժողովրդի անդէմութիւնը, ձեւակերպել պետական եւ ազգային օրակարգ՝ համարժէք եւ համաչափ պատասխանելու համար մեզ ուղղւած սպառնալիքներին եւ մարտահրաւէրներին։

Այլապէս շարունակելու ենք ապրել գոյաքարշութեան պայմաններում, իսկ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից մեզ հրամցւող «խաղաղութեան» արժեզրկւած ու բարոյալքւած գաղափարը բումերանգի պէս շրջւելու է հէնց մեր դէմ։

«Ալիք»-ի խմբագրական