կարևոր
2458 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-23 15:44
Քաղաքական

Ադրբեջանի հարկահավաքները՝ Հայաստանում․ 168.am

Ադրբեջանի հարկահավաքները՝ Հայաստանում․ 168.am

168.am-ը գրում է․

Միայն վերջին մեկ-երկու ամիսներին իշխանությունը հանդես է եկել այնպիսի նախաձեռնություններով, որոնց միակ իմաստն ու նպատակը քաղաքացիներից ավելի շատ գումարներ կորզելն է՝ ամենատարբեր անվանումներով ու հռչակումներով։ Մինչև իշխանության գալը հիմնականում վարձով բնակարաններում ապրող պաշտոնյաները որոշեցին հարկային դաշտ բերել վարձակալության հանձնվող անշարժ գույքի շուկան, այլևս մարդիկ պետք է հարկեր վճարեն իրենց կողմից տրվող վարձով բնակմակերեսների համար։

Պաշտոնյաների մեկ այլ խումբ, որի շատ անդամների համար մինչև իշխանության գալը տաքսիներից օգտվելը ճոխություն էր, զբաղված է տաքսու վարորդներին հարկելու գործով. առաջիկայում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար տաքսիների վարորդները կվճարեն իրենց հասույթի 1.5-5 տոկոսը։

Կարմիր գծերի ու արագաչափերի դեմ կրծքով ու կրծքից ներքևի հատվածները ծածկող հագուստով պայքարող նույն իշխանությունը ցանկանում է 13 անգամ բարձրացնել Երևանի կենտրոնում կայանման վճարները։

Ոչ պակաս ջանասիրությամբ ավելի քան երկու տարի Հայաստանի ինքնիշխան տարածքներից 200 հեկտար Ադրբեջանի վերահսկողությանը հանձնած իշխանությունը ջրային պարեկների միջոցով այնպիսի հերոսամարտեր է կազմակերպում Սևանի ավազանի բնակիչների դեմ, կարծես պետության հողատարածքները զավթել են գյուղաբնակ ձկնորսները։

Բոլոր այս նախաձեռնություններն ուղեկցվում են բարձրագոչ, պաթետիկ հռչակումներով, որոնց ընդհանուր իմաստն այն է, թե «իշխանությունը գնում է իրավական պետություն կառուցելու ճանապարհով»։

Նեղ ֆորմալիստական հարթությունում, իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների ռոմանտիկ լսարանում այս փաստարկը գուցե համոզիչ կարող է հնչել։ Բայց այն պայմաններում, որում այսօր ապրում է Հայաստանը, իշխանության արածն ունի մեկ իրական անվանում՝ ռեկետ։

Իրականությունն այն է, որ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով հարստահարում է քաղաքացիներին։ Բայց այնպես չէ, որ դա արվում է հանուն նույն քաղաքացիների բարօրության և հավաքված լրացուցիչ միջոցներն ուղղվում են, ասենք, տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, կենսամակարդակի հիմնարար բարելավմանը, նոր որակի տնտեսության կառուցմանը։ Հանրության բոլոր նման ակնկալիքներին իշխանությունը պատասխանում է «ասֆալտի պաշտամունքով»՝ ամեն առիթով հասարակությանը կերակրելով հանրային փողերի լվացման ամենաարդյունավետ ճանապարհը համարվող ասֆալտապատման ցուցանիշներով։

Իրականում հանրությունից գրպանված գումարների մեծ մասն ուղղվում է իշխանության ամրապնդմանը. բոլոր ուժային կառույցների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայողների աշխատավարձերը բարձրացվում են անգամներով, նույնը տեղի է ունենում նաև դատական համակարգում։

Նպատակը մեկն է՝ շռայլորեն վարձատրել բոլոր այն համակարգերի ներկայացուցիչներին, որոնք հանրության հնարավոր ընդվզման դեպքում աչք չեն թարթի ժողովրդին սաստելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժ կիրառելու հարցում։
Իշխանության այս գործելաոճը շատ նման է թշնամու կողմից որևէ երկրի նվաճումից հետո ագրեսորի վարած քաղաքականությանը՝ «հարկահավաքությամբ» հարստահարել հասարակությանը։

2020 թ. հետո Հայաստանն ապրում է շարունակվող կապիտուլյացիայի ռեժիմում։ Այն էսթետիկ տարբերությամբ, որ Ադրբեջանի կողմից կապիտուլյացիայի նեթարկվելուց հետո նվաճողի գործառույթները թողնվել են տեղական պալատականներին, որոնք գործառութային իմաստով անում են այն, ինչ կանեին Ադրբեջանի հարկահավաքները՝ պաշտոնապես Հայաստանում գործելու դեպքում։