Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ ամենաակնառու դիվանագետը 100-ամյակը նշել էր այս տարվա մայիսին։ Նա մինչեւ կյանքի վերջը ակտիվություն էր դրսեւորում։ Հուլիսին մեկնել էր Պեկին ու հանդիպել Չինաստանի նախագահի Սի Ծինփինին։ Նա ե'ւ Նոբելյան մրցանակակիր էր, ե'ւ արժանացել էր պատերազմական հանցագործի «կոչմանը»։ Ուներ համախոհների ու հակառակորդների հսկայական բանակ։ Աջակողմյան ուժերը գովում էին նրան որպես խելացի պետական գործչի ու ավագ դիվանագետի, որի քաղաքական կարիերան ծառայում էր Ամերիկայի շահերին: Իսկ ձախերի տեսանկյունից նրա քաղաքականությունը Չիլիի, Պակիստանի, Վիետնամի, Մերձավոր Արեւելքի, Կիպրոսի, Արեւելյան Թիմորի եւ մի շարք այլ երկրների հարցում լուրջ քննադատության է ենթակա։
Նա միակ ամերիկացի գործիչն էր, որին երկու տարի միաժամանակ վստահվել էր ե'ւ պետքարտուղարի ե'ւ Ազգային անվտանգության խորհրդի խորհրդականի պաշտոնը։
«Արտաքին քաղաքականությունը, առաջնահերթությունները ճանաչելու արվեստ է»։ Քիսինջերը սա գրել էր 2014-ին՝ քննադատելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցում։ Նրա դիտարկմամբ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի բարձրացումը ռազմավարական սխալ էր, որի վրա պետք չէր պնդել եւ ըստ Քիսինջերի, հենց դա էր հանգեցրել պատերազմի։ Նա համարում էր, որ Արեւմուտքը սխալ ճանապարհ է ընտրել Մոսկվայի հարցում։
2023-ին, 100 տարին բոլորելով՝ նա փոխեց դիրքորոշումը Ուկրաինայի հարցում՝ պարզաբանելով, որ հանուն եվրոպական անվտանգության, ավելի լավ է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Նա հայտնել էր՝ երբ դեմ է արտահայտվել այդ անդամակցությանը, մենակ է եղել, հիմա էլ, երբ պաշտպանում է այն, էլի մենակ է:
Քիսինջերի սոցիալական կյանքն էլ էր աղմկահարույց։ Վաշինգտոնում հարուստների ու հայտնիների հավաքները երբեք լիարժեք չէին լինում, եթե նա բացակայում էր։ Քիսինջերը երբեք ափսոսանք չհայտնեց ամերիկյան շահերը հետապնդելու եւ ամերիկյան կենսակերպը պաշտպանելու համար։
«Մի երկիր, որն իր արտաքին քաղաքականության մեջ բարոյական կատարելության է ձգտում, ոչ կատարելության կհասնի, ոչ էլ անվտանգության» ,-ասել էր նա։
Միջազգային հարաբերություններում ու քաղաքական ասպարեզում Քիսինջերը պատմական դեմք է։ Նրա մահվան առիթով, Yerkir.am-ը զրուցել է արեւելագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի հետ։
֊Ինչպե՞ս կբնութագրեք Քիսինջեր գիտնական֊քաղաքական գործչին։
Քիսինջերը որպես գիտնական եւ հետո քաղաքական գործիչ ոչ միայն յուրահատուկ երեւույթ է, այլեւ կարողացել է երկու դերերն էլ փայլուն կատարել, որը շատ հաճախ չի հաջողվում շատերին՝ հաշվի առնելով փաստը, որ գիտնականին երկար ժամանակ է անհրաժեշտ եզրահանգման գալ, իսկ քաղաքական գործիչը պետք է արագ ու ճիշտ որոշումներ կայացնի։ Ինձ համար Քիսինջերի մեծությունը կայանում է նրանում, որ նա իրեն գիտնական էր համարում՝ այլ ոչ թե քաղաքական գործիչ. այսինքն՝ նրա համար գիտությունն ավելի մեծ արժեք է, քան քաղաքական գործչի դիրքը։
֊Քիսինջերը անգամ երբ այլեւս ԱՄՆ նախագահի կաբինետում որեւէ պաշտոն չէր զբաղեցնում, չէր դադարում Սպիտակ տուն այցելել։ ԱՄՆ նախագահները նրանից էին խորհուրդ հարցնում, օրինակ` Բուշը Իրաքի հարցում, Թրամփը Ղրիմի հարցում եւ այսպես շարունակ։ Ինչո՞ւ, Նա այդքա՞ն վստահելի էր։ Իրո՞ք նրա մտքերը բացառիկ էին ու բացակայում էին մյուսների մոտ։
ԱՄՆ-ի նախկին նախագահները հաճախ դիմել են Քիսինջերի խորհուրդներին, երբ հարցը վերաբերում էր ԱՄՆ-ի ազգային շահին, պատերազմական ներխուժումներին ու խաղախություն պարտադրելու մեխանիզմներին։ Նա լավ էր հասկանում աշխարհակարգը ու հենց այդ տերմինը կրող աշխատություն էլ ունի։ Նա րեալիստ դպրոցի ճարտարապետներից էր, հեռու էր պոպուլիստական հայտարարություններից։ Օրինակ՝ կողմ էր Բուշի Իրաք ներխուժմանը, սակայն Ուկրաինայի հարցում կողմ էր դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանն այն հաշվարկով, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին եւ այդպիսով Ռուաստանը զսպելու ավելի երկար մարտավարություն մշակվի։ Վստահելի լինելու կամ չլինելու հարցը էական չէ, սակայն քիչ են մարդիկ, որոնք ունեն այնպիսի գիտական ու գործնական հմտություններ ինչպիսին Քիսինջերը։ Նրա փորձը հաշվի էր առնվում։
֊Քիսինջերը հայտնի էր որպես ԱՄՆ֊ի արտաքին քաղաքականության ճարտարապետ։ Ո՞րն էր պատճառը։ Նա ի՞նչ փոխեց այդ ինստիտուտում։
Նա հարցերին նայում էր այնպես, ինչպես կա եւ ոչ այնպես, որ ցանկալի կլիներ եւ ըստ այդմ փորձում էր ԱՄՆ-ի համար ամեմաշահեկան լուծումները գտնել։ Նա կարողացավ Նոր Աշխարհակարգ ստեղծել, որտեղ ԱՄՆ-ն մնաց իր բարձր դիրքերում իր դաշնակիցների հետ՝ զսպելով հակառակորդներին ՝ ԽՍՀՄ-ին ու Չինաստանին։ Իհարկե, խոսքը՝ Նիքսոնի նախագահության ժամանակաշրջանի մասին է։ Իսկ հիմա տեսնում ենք Չինաստանն ու Ռուսաստանն են ստեղծում այնպիսի պայմաններ, որտեղ աշխարհը դառնում է բազմաբեւեռ։
֊Նրա գրքերից ո՞րը խորհուրդ կտաք կարդալ։
Նրա գրքերից ես նախընտրում եմ ոչ թե հուշերը, այլ գիտական ու տեսական գործերը։ Ինձ համար գլուխգործոցը Diplomacy-ն է, սակայն պետք է կարդալ նաեւ On China գիրքը, որի պատմական հատվածի հարուստ պարունակությունը զարմանք է առաջացնում, թե ինչպես ամերիկացի գիտնականն այդքան լավատեղյակ կարող է լինել Չինաստանի պատմական-մշակութային նրբություններին։ Նաեւ նրա Word Order գրքի պատմական հատվածն է հետաքրքրական, որտեղ նա վեր է հանում ներկայիս արեւմտյան աշխարհի քաղաքական ինստիտուտի գոյության հիմքերը։
֊Քիսինջերը միջազգային հարաբերությունների փորձագետ էր։ Եթե ուզենաք նշել մի կետ, որ նրանից եք սովորել, ի՞նչ կնշեք։
Նրանից սովորել եմ հարցերին մոտենալ իրատեսական տեսանկյունից, ինչքան էլ ինձ հարազատ է նրա գաղափարական հակառակորդ Չոմսկիի իդեալիզմը։
Մեղրի Ղուկասյան