Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 21-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի ծննդյան 63-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Բացման արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամներ, Արթուր Մկրտչյանի հարազատները, կուսակցական ու մարտական ընկերներ:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նշել է, որ ցուցադրութունը կազմակերպվել է թանգարանի ֆոնդապահոցներում առկա ցուցանմուշներով՝ Արթուր Մկտրչյանին վերաբերող լուսանկարներ, փաստաթղթեր ու անձնական իրեր: «Ցուցանմուշները մենք ժամանակին հավաքագրել ենք և խնամքով պահում ենք թանգարանի ֆոնդապահոցներում: Արթուր Մկտչյանին վերաբերող ցուցանմուշների մեծ մասը պահվում էր Հադրութի պատմաերկրագիտական թանգարանում»,- ասել է Ժ. Առստամյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում կարևորել է Արթուր Մկրտչյանի ավանդը՝ Արցախի պատմության ճակատագրական ժամանակաշրջանում. «ԼՀՂ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկտրչյանը կարողացավ Արցախի Հանրապետության կերտման ճանապարհին ունենալ եզակի ավանդ: Մեր ազգապահպանության, մեր արյան գնով այս փոքրիկ երկրամասի պահպանման համար մենք պարտական ենք նման գործիչների»,- նշել է նա:
Արթուր Մկրտչյանի այրի Գոհար Մկրտչյանն իր խոսքի սկզբում զարմանք է հայտնել այն փաստի առթիվ, որ 2020թ. պատերազմից մի քանի օր առաջ է Արթուր Մկրտչյանին Արցախի հերոսի կոչում շնորհվել: Նրա խոսքով՝ բավականին ժամանակ էր անցել և դժվար է մտածել, որ այդքան երկար ժամանակ էր պետք գիտակցելու նրա գործի արժեքը: «Արթուր Մկրտչյանն այնքան լուսավոր ու պայծառ անհատ էր, որ մոտիկից չճանաչողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հեքիաթներ ենք պատմում»,- ասել է Գոհար Մկրտչյանը՝ կիսվելով Արթուր Մկրտչյանի մասին հիշողություններով:
ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արթուր Մկրտչյանը մոտ 100 օր է ղեկավարել, բայց այդ ընթացքում նա պատմության մեջ է մտել որպես Հայոց պատմության լավագույն ղեկավարներից մեկը. «Արթուր Մկրտչյանը բնականորեն ընդունվեց ժողովրդի կողմից, որովհետև ինքը դրսից չեկավ որպես ղեկավար, քաղաքական խաղերով չեկավ: Ինքը հենց Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից էր՝ հատկապես Հադրութի շրջանում: Ինքը ժողովրդի հետ միասին պայքարեց, նրա հետ միասին ապրեց նույն ցավերով և բնականորեն եկավ պետության գլուխ»: Արմեն Սարգսյանը նշեց, որ Արթուր Մկրտչյանը ձեռնոց նետեց այն ժամանակվա աշխարհաքաղաքական խաղերին և, լինելով այս փոքրիկ պետության ղեկավարը, փորձեց նոր օրենքներ սահմանել: «Ինքը բիրտ քաղաքականության մեջ փորձեց բերել բարոյականությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ նրա դերը որոշվում է ոչ թե ղեկավարած օրերի քանակով, այլ կատարած աշխատանքով:
Ազգագրագետ Լեռնիկ Հովհաննսիյանն անդրադարձել է գիտնական, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի գգործունեությանը: «Հադրութի շրջանային թերթերից մինչև Մոսկվայի տարբեր գիտաժողովների ժողովածուներում նա այնպիսի համարձակ թեմաներով էր գրում, որ Խորհրդային Միության ժամանակ կարծես թե պետք է գրաքննության ենթարկվեր: Այդ ամենն Արթուր Մկրտչյանն արել է գիտական բարեխղճությամբ: Արթուր Մկրտչյանի աշխատանքն Արցախի գյուղական կյանքի յուրօրինակ հանրագիտարան է: Նա ոչ միայն անդրադարձ է կատարել արցախահայության հասարակական կենցաղին, այլ նաև ամենատարբեր ոլորտներին՝ էթնոժողովրդագրական գործընթացներից մինչև անհատի դեր, քիրվայություն: ԽՍՀՄ ժամանակ ինտերնացիոնալիզմի բովով դաստիարակվող ժողովուրդներին ասում էին, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն իրար հետ քիրվայություն են անում: Այդ քիրվայության իրական պատկերը տվել է հենց Արթուր Մկրտչյանը»,- իր խոսքում մանրամասնել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Շուրանակելով քիրվայության թեման՝ Գոհար Մկրտչյանը նշել է, որ Արթուր Մկրտչյանը հարց էր բարձրացնում, թե ինչու է այստեղի հայությունը քիրվայություն անում ադրբեջանցիների հետ, իսկ այլ տեղերոմ՝ ոչ: Դա ապացուցում էր միայն հայերի խոցելի անվտանգությունն ադրբեջանցիների հարևանությամբ:
Հավելենք, որ Արթուր Մկրտչյանին նվիրված ցուցադրությունը գործելու է մինչև նրա մահվան օրը՝ ապրիլի 14-ը:
Տաթևիկ Աղաջանյան