կարևոր
2209 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-28 22:01
Քաղաքական

Քիչ հավանական եմ համարում, որ գործող իշխանությունները դեմարշի կգնան ՀԱՊԿ-ի դեմ, բայց նաև կստանձնեն ԵԱՏՄ նախագահությունը. Արթուր Խաչատրյան

Քիչ հավանական եմ համարում, որ գործող իշխանությունները դեմարշի կգնան ՀԱՊԿ-ի դեմ, բայց նաև կստանձնեն ԵԱՏՄ նախագահությունը. Արթուր Խաչատրյան

Շատ դժվար է, կարծում եմ, նույնիսկ անհնար է խզել անվտանգային հարաբերությունները, բայց պահպանել տնտեսականը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը:

Պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է երկու աթոռի վրա նստել, բայց փորձը ցույց է տալիս, որ դա հաջողությամբ պսակվելու շատ փոքր հավանականություն ունի։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այս իշխանությունները վերջապես հասկացել են, որ ԵԱՏՄ-ն այն շուկան է, որտեղից հայկական ապրանքները սպառվում են և, եթե ԵԱՏՄ-ից հրաժարվեն, ապա առաջին հերթին չեն կարողանալու մոտ ապագայում ապրանքների նոր շուկա գտնել, որովհետև եթե խոսում ենք, դիցուք, եվրոպական շուկաների մասին, ապա շատ երկար աշխատանք պետք է տարվեր արտաքին տնտեսական հարաբերություններում, որպեսզի օգներ տնտեսվարողներին ստանդարտները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։

Սա չի արվել, որովհետև այս իշխանությունները տնտեսությունից ձեռքները լվացել էին՝ հույսը դնելով նրա վրա, որ ինչ-որ ոլորտներ սուբսիրդավորելով՝ կկարողանան բարձրացնել ընկերությունների արտադրողականությունը, բայց դա այդպես չէ»։

Նա ընդգծեց, որ օրինակ, Հայաստանը սուբսիդավորված գներով գազ է ստանում, հենց ԵԱՏՄ անդամ լինելու համար։ «Եթե ԵԱՏՄ-ից փորձի դուրս գալ, ու շուկայական գներով գազ գնել, ապա հասկանո՞ւմ եք, չէ՞, թե ապրանքների գները ինչքան կթանկանան»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ եւ որևէ Լարսի անցակետ փակելը չի ազդի, ինչին արձագանքելով Ա.Խաչատրյանը նկատել է, որ գուցե նրա վրա դա որևէ կերպ չանդրադառնա, քանի որ աշխատավարձն ու պարգևավճարներնայսպես, թե այնպես կստանա, բայց դա տնտեսվարողների համար կամ ձեռնարկություններում աշխատող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար կարող է կյանքի խնդիր լիրնել։

Արային Հարությունյանի այն պնդմանը, թե խնդիրը կլուծվի, եթե յուրաքանչյուր հայ՝ Հայաստանում, թե արերկրում հայրենական արտադրության ապրանք գնի՝ Խաչատրյանն անտրամաբանական է համարում։ «Որոշ ապրանքատեսակների գծով Հայաստանն ինքնաբավ չէ, և օգտվելով ԵԱՏՄ պայմաններից, կարողանում է իր կարիքները բավարարել խիստ բարենպաստ պայմաններով, իսկ որոշ ապրանքների գծով իրենք ունեն արտադրություն, որը միտված է արտահանմանը, ի վերջո, ատահանումն է տնտեսության հիմնական լոկոմոտիվներից մեկը։ Հայաստանցիներն հիմա ի՞նչ անեն, օրական 3 կգ պոմիդո՞ր ունեն, որպեսզի կարողանան պոմիդորի ողջ արտադրանքը սպառել, կամ ի՞նչ է առաջարկում, բոլորս հիմա վազնեք ծաղի՞կ գնելու, կամ էլ ջրի փոխարեն կոնյա՞կ խմենք։ Դա, ընդհանրապես, տնտեսությունը կործանելու ուղիղ ճանապարհն է։ Տնտեսությունից չհասկացող մարդը չպետք է նման խորհուրդներ տա, մարդիկ արտադրում են, ստեղծել են արտահանմանը միտված տնտեսություն, պետության համար պետք է արտահանումը, որպեսզի հնարավոր լինի արտարժույթ բերել դրսից, որ ապրանք բերվի»։

Խաչատրյանը նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարաբերությունները բարելավել դաշնակից պետությունների հետ՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական առումով։ Այդ դեպքում մենք կշարունակենք օգտվել ընձեռված հնարավորություններից։ «Ես քիչ հավանական եմ համարում, որ իրենք դեմարշի կգնան ՀԱՊԿ-ի դեմ, բայց նաև կստանձնեն ԵԱՏՄ նախագահությունը»։

Դիտարկմանը, թե այսինքն, հնարավո՞ր է, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու դեմ էլ այդ կառույցում դեմարշ լինի՝ Խաչատրյանը որևէ բան չբացառեց։ «Փաշինյանին ասում են՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են, իսկ ինքն ասում է՝ Զախարովային ու Լավրովին չի մեկնաբանում։ Որքան էլ հայտարարի, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ լավ են, մենք տեսնում ենք, որ հարաբերությունները շատ վատ են և դրա տնտեսական հետևանքները կարող են շատ վատ լինել»։

Աղբյուր` Փաստինֆո