կարևոր
5737 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-16 10:54
Հասարակություն

Ծանոթանալով դասագրքին՝ կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել և գրվել է հատուկ նպատակով. ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծանոթանալով դասագրքին՝ կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել և գրվել է հատուկ նպատակով. ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Տևական ժամանակ է, ինչ մամուլում լայնորեն քննարկվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում տեղ գտած աղաղակող սխալների մասին: Դրա մասին ահազանգում են պատմաբաններ, մանկավարժներ, ծնողներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Սրբազան Հայր, ինչպե՞ս կարող էր Տիգրան Մեծի ժամանակ քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս՝ Ադրբեջան։ Մի՞թե նման փաստերով մենք սերունդ կկրթենք:

— Պատմաբանների, մանկավարժների, հանրության անհանգստությունն ու ընդվզումը տեղին է: Եթե միայն ձեր թվարկած «բացթողումները» լինեին, կմտածեինք, որ ինչ-որ մեկի անփութության պատճառով սխալագրություն է տեղի ունեցել: Մինչդեռ, ծանոթանալով դասագրքին, կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել և գրվել է հատուկ նպատակով՝ որքան հնարավոր է մատաղ սերնդին հեռու պահել իր ազգային ճշմարիտ պատմամշակութային ժառանգության իրազեկումից և ուսումնառությունից, կրթել և դաստիարակել մանկուրտների այնպիսի սերունդ, որը հեշտությամբ ենթարկվի մեր պատմական հայրենիքը զավթած, մշակութային, հոգևոր արժեքները պղծող ու եղծող դարավոր թշնամու հայակուլ նկրտումներին: Այնտեղ նույնիսկ որևէ բառ չկա «Հայրենիք», «Ազգ», պատմական ժառանգության քաղաքակրթական հասկացությունների մասին: Երեխայի մոտ հպարտության և տիրոջ զգացողություն ձևավորելու առումով որևէ միտք չկա հայրենի բնաշխարհի, նրա պատմական անցյալի նկատմամբ, ուր մնաց, թե դրանք հիմնավորող փաստե՞ր լինեին:

— Ի՞նչ եք կարծում, այդ դասագիրքը կպարտադրվի՞, կխմբագրվի՞, ո՞րն է ելքը:

— Չեմ կարող ասել, թե ի՞նչ որոշման կհանգեն կրթության պատասխանատուները, բայց երևույթն ինքնին խայտառակություն է և վնասարար: Դասագիրք կոչվածի ի հայտ գալուց հետո բազմաթիվ մասնագետներ են հանդես եկել և դեռ, չկրկնելով մեկը մյուսին, շարունակվում են քննդատական հոդվածներ հրապարակվել, ինչպես ասում են՝ քարը քարի վրա չթողնելով: Այսքանից հետո, եթե որևէ մեկը դեռ անհագ ցանկություն ունի դա որպես դասագիրք օգտագործելու, ապա, իրապես, այն կարող է այդպիսին լինել, որպես ուղեցույց՝ սոսկ պատմությունը կեղծող ապագա վայ-մասնագետներին ձև ու մեթոդ ուսուցանելու համար: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն են, քանզի, Երկիր մոլորակի քաղաքակրթության ակունքներից մեկի՝ հայ ժողովրդի հազարամյակների կենսագրությունը, նրա ստեղծած մշակույթը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա մեծ ավանդը՝ ազգապահպանության և, ընդհանրապես, քրիստոնեական աստվածաբանության մեջ, դարավոր միջազգային ազդեցությունն ու բազմաթիվ առնչություններն այնքան են միահյուսված ու սերտաճած համաշխարհային պատմության հենք ու գործվածքում, որ անհնար է հին ու նոր բազմալեզու հազարավոր մատյաններից, կամ մարդկային հիշողությունից իրական պատմությունը վերացնելը:

— Եկեղեցու պատմություն, կարծես թե, այնտեղ չկա, փոխարենն ասվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրը եղել է Տրդատ Մեծը: Որքանո՞վ է սա ճշմարիտ, և ո՞րն է իրական պատմությունը:

— Դասագիրք կոչվածում նման «հայտնագործություններ» շատ կան, և հակված ենք մտածելու, որ դրանք ոչ միայն անգրագիտության, այլև՝ միտումնավորության արդյունք են: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ հայոց գրերի ստեղծումը ներկայացվում է մեկ նախադասությամբ, ազգային պատմիչների, գիտնականների մասին կենսագրական նյութեր գրեթե չկան, նույնիսկ՝ պատմահայր Մովսես Խորենացու, ինչպե՞ս և որտեղի՞ց են հայտնաբերել, թե ասորացիների կողմից է հիշատակվել «Արարատ» անունով Վանի թագավորությունը, երբ «Արարատ» կամ «Արարատյան թագավորություն» բառեզրերը աստվածաշնչյան են, և այլն: Ուստի՝ բոլորովին զարմանալի չէ, որ քրիստոնեության ընդունումը թերի է ներկայացված, արժևորված չեն կրոնի և եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի ինքնության պահպանման, արվեստի, մշակույթի զարգացման, ընդհանրապես՝ մեր ազգի կենսագործունեության ապահովման տեսանկյունից:

Ինչ մնում է, թե ո՞րն է իրական պատմությունը, ապա ցանկացած ոք՝ գրադարանում, համացանցում հարցում անելով հարյուրավոր գիտական ու հանրամատչելի հոդվածներ, վերլուծություններ, մեր պատմիչների թողած վավերագրեր, անգամ՝ ճշմարտացիորեն շարադրված փաստերով գեղարվեստական երկեր կպեղի այդ մասին: Պետք է խոստովանել նաև, որ մեզանում, հաճախ, քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ: Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրները եղել են Սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և Սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ և Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը /301-325/:

— Վերջին շրջանում ներկայիս իշխանությունների կողմից, մեղմ ասած, անբարենպաստ վերբերմունք է դրսևորվում Մայր Աթոռի նկատմամբ և, կարծես թե, այս ամենը պատահականություն չէ: Իսկ եկեղեցին այս ամենի վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

— Եկեղեցին շարունակում է իր դարավոր անշեղ գործունեությունը` հայոց մեջ հավատն առ Աստված պահպանելու և զորացնելու, իր ունեցած հնարավորություններով հայրենիքին ու նրա ոգեղենությանը սատարելու, մեր նախավանդ և այսօրյա տեսլականների կատարմանը զորակցելու իր պատմական առաքելությունը: Այս օրերին մենք զբաղված ենք Արցախից տարագրված մեր ազգակիցների վիշտը մխիթարելու, նրանց հոգսերը թեթևացնելու, կարիքները հոգալու գործերով: Ինչ մնում է եկեղեցու նկատմամբ դրսևորվող ձեր նշած անբարենպաստ վերաբերմունքի դեմ քայլեր ձեռնարկելուն, ապա շատ մեծ ու անտեղի շռայլություն կլիներ ժամանակ ու ջանք ծախսել ապացուցելու ի վերուստ ապացուցվածը, վկայել՝ արդեն իսկ վկայվածը: Ժխտել կամ անտեսել անցած դարերում, ներկայում և ապագայում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունն իր իսկ տան մեջ, որի անունն է Հայաստան, նույնն է, թե ժխտել բանական կյանքն ու նրա ստեղծած քաղաքակրթությունը՝ Երկիր մոլորակի վրա:

 

Կարդացեք նաև՝