կարևոր
1993 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-07 17:11
Քաղաքական

Ալիևը օկուպացված Ստեփանակերտում նշում է ցեղասպանության ու էթնիկ զտման հաղթանակը․ ադրբեջանագետ

Ադրբեջանը պատրաստվում է օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթ իրականացնել։ Նրանք նշում են բռնապետության, էթնիկ զտման, ցեղասպանության և ատելության խոսքի հաղթանակը Հարավային Կովկասում․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ 

Նրա խոսքով՝ Ալիևի հրամանով ողջ Հայաստանն են արդեն կոչում արևմտյան Ադրբեջան և չեն արժանանում համապատասխան գնահատականների, իսկ Ալևի նպատակը հայ ժողովրդին բարոյական ու հոգեբանական տիրույթում կոտրելն է։

«Կարմիր թելի պես Ալիևի բոլոր ելույթներում անցնում է այն թեզը, որ ադրբեջանցիները հաղթող ժողովուրդ են, իսկ հայերը պարտված ժողովուրդ։ Նպատակը հստակ է՝ ստանալ Հայաստանում հանրություն, որը ունակ չէ պայքարելու, չունի ցանկություն, խեղճացած է, թուլացած, իսկ Հայաստանում պետական մակարդակով չեն հակազդում այս երևույթին և հայ հանրությանը մղում են դեպի ճահիճը ու պայքարում այն ուժերի դեմ, որոնք հանրության մեջ փորձում են այդ պայքարի էլեմենտ բերել ու օգնել, որ հայը հավատա իր ուժին»,- ասում է Տաթև Հայրապետյանը։

Ադրբեջանագետը նկատում է՝ Հայաստանի իշխանությունները երկիրը վերածել են աննպատակ պետության, որ չգիտի՝ ուր է գնում։

«Ասում են՝ խաղաղություն ենք հաստատում, ինչպե՞ս են հաստատում։ Այն պահից, որ սկսել են հռչակված խաղաղություն հաստատել Հայաստանի համար, Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ, մարդկային զոհեր, գտնվել է շարունակական ագրեսիաների ներքո»,- ասում է ադրբեջանագետն ու շեշտում՝ եթե լիներ քաղաքական գնահատական Արցախի կորստի հետ կապված, այլ ոչ թե տեղի ունեցածը կոչեին հումանիտար աղետ, ես կհավատայի որ իշխանությունները ցանկանում են իրավիճակ փոխել, բայց այս իշխանությունների օրոք ես դա իրատեսական չեմ համարում։ 

«Եթե իշխանություն փոխվի, գա ավելի հստա ծրագրով պետականամետ ուժ, շատ բան է հնարավոր փոխել»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանն ու ընդգծեց՝ այս ամենը նվեր է Ադրբեջանին։

Մանրամասն տեսանյութում՝